Խոշորացված համայնքներում կձևավորվեն բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոններ


Խոշորացված համայնքներում կձևավորվեն բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոններ

  • 12-10-2017 19:25:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 
Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերում էր  խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորմանը:  «Համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով արդեն իսկ գործարկվել է համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոն։ Հետագայում այս կենտրոնները փոխանցվելու են համայնքներին։ Միաժամանակ, մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորման ուղղությամբ»,-նշել է կառավարության ղեկավարը:
 
Կարևորելով համայնքային ծառայությունները մեկ պատուհանի սկզբունքով մատուցելը՝ վարչապետը հանձնարարել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Պետական գույքի կառավարման վարչության պետին 10-օրյա ժամկետում  մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն ու բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնները նույն հարթակում՝  որպես  միասնական կենտրոններ ձևավորելու վերաբերյալ առաջարկություններ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ ամսական պարբերականությամբ կառավարության աշխատակազմ ներկայացնելով տեղեկատվություն  կենտրոնների ձևավորման ընթացքի և արդյունքների վերաբերյալ։ 
Վարչապետի խոսքով՝ մեկ պատուհանի սկզբունքով բնակիչներին ծառայություն մատուցելու արդյունքում կխնայվեն ֆինանսական միջոցներ, կբարձրանա ծառայությունների մատուցման հարմարավետությունը: «Մենք քննարկել ենք, որ տնտեսված միջոցներն ուղղելու ենք կենտրոնների տեխնիկական վերազինմանը, ինչը կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը»,-ասել է Կարեն Կարապետյանը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն