Իմ բիզնեսը հաջողվել է, որովհետև ստացվող գումարը ես միշտ կիսել եմ կարիքավոր մարդկանց հետ
13-10-2017 14:48:02 | Հայաստան | Հասարակություն
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցավ ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար կազմակերպված հանդիպում - թեյախմություն ցեյլոնյան թեյի վարպետ, Դիլմահ թեյերի հիմնադիր, աշխարհահռչակ Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոյի հետ:
Միջոցառման ընթացքում Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոն անմիջական շփման մթնոլորտում պատմեց իր անցած ուղղու, դժվարությունների հաղթահարման և ներկայիս գործունեության մասին: Նա լրատվամիջոցներին ծանոթացրեց նաև ցեյլոնյան թեյերի պատմությանը, առանձնահատկություններին, դրանց աճեցման, բաղադրության, համային հատկանիշների և թեյախմության գաղտնիքներին:
Ասուլիսի ընթացքում ցուցադրվեց Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոյի կյանքի մանրամասներն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ:
Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոն ակտիվ բարեգործական գործունեություն է ծավալում ինչպես Շրի Լանկայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ այդ թվում Հայաստանում: Նրա խոսքերով Դիլմահը ստեղծվել է «ծառայեցնել բիզնեսը հանուն մարդկության» փիլիսոփայության հիման վրա:
«Իմ բիզնեսը հաջողվել է, որովհետև ստացվող գումարը ես միշտ կիսել եմ կարիքավոր մարդկանց հետ: Մենք այս ձևով ենք ապրում: Ես և ընտանիքս երջանիկ ենք, որ Աստծո շնորհը իջել է մեզ վրա, և մենք վստահ ենք, որ պետք է կիսենք այն նրանց հետ, ովքեր ունեն դրա կարիքը: Այս անգամ մենք մտադրվել ենք օգնության ձեռք մեկնել Գյումրիում բնակվող մարդկանց: Մենք գիտենք, որ այնտեղ մարդիկ կան, ովքեր տուժել են երկրաշարժի արդյունքում և հիմա Գյումրիում տներ են կառուցում տուժածների համար: Մենք ցանկանում ենք օգնել այդ մարդկանց»-, ասաց Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոն:
Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոն Հայաստան այցի շրջանակում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին ցուցաբերեց աջակցություն, շնորհիվ որի ևս մեկ անօթևան ընտանիք կունենա բնակարան:
Թեյի գուրուն նշեց, որ սա իր երկրորդ այցն է Հայաստան և շատ ուրախ է, որ այստեղ է, քանի որ այն գեղեցիկ երկիր է, մարդիկ շատ լավն են, հոյակապ է նաև հյուրասիրությունը: Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոն ասաց, որ Հայաստանը հիշեցնում է իր երկիրը:
Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոն ծնվել է 1930 թվականին Շրի Լանկայում: Նա եղել է առաջին մարդը Շրի Լանկայից, ով ուսումնասիրել է թեյի ու թեյախմության տեխնիկան Լոնդոնում: Ցեյլոնական թեյը միշտ համարվել է լավագույնը, սակայն այդ տարիներին թեյը ներկրվում էր Լոնդոն և դրվում աճուրդի: Թեյը ներկայացվում էր որպես հումք, ինչը ձեռնտու էր եվրոպացի գործարարներին: Երիտասարդ և ամբիցիոզ դեգուստատորը հեղափոխում է ոլորտը: 1980-ական թվականներին Ֆերնանդոն, իր բոլոր ռեսուրսներն օգտագործելով, ձեռք է բերում թեյի իր՝ առաջին փաթեթավորման սարքը և 1988 թվականին եվրոպայի գուրմաններին ցեյլոնական թեյը առաջարկում է Դիլմահ բրենդի ներքո: Այժմ Դիլմահ թեյերը հասանելի են աշխարհի 250 երկրներում:
Դիլմահը ստեղծվել է ծառայեցնել բիզնեսը հանուն մարդկության փիլիսոփայության հիման վրա, որն իրականացվում է Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոյի «MJF» բարեգործական հիմնադրամի և Dilmah Conservation-ի կողմից: Մարդասիրական գործունեության շնորհիվ 2015 թվականին Օսլոյում Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների կոմիտեյի կողմից Ֆերնանդոն արժանացել է «Բիզնեսը խաղաղության համար» մրցանակի:
Յուրաքանչյուր թեյի փաթեթ վերահսկվում է անմիջապես պրն. Ֆերնանդոյի կողմից, ով ունի ավելի քան 60 տարվա փորձ: Նրան այժմ միացել են նաև իր որդիները` Դիլհան ու Մալիկը, որոնց անունով էլ անվանվել է բրենդը: