Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունները պետք է բավական ակտիվ զարգանան. Միջազգայնագետ


Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունները պետք է բավական ակտիվ զարգանան. Միջազգայնագետ

  • 13-10-2017 15:54:48   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը
 
-Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի՝ Սոչի կատարած այցը։ Նա Սոչիում խոսել է ԵԱՏՄ-ն «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հետ միավորելու մասին։ Որքանո՞վ է հավանական, որ այն կյանքի կկոչվի։
 
-Սերժ Սարգսյանը հստակ նշեց այն ուղղությունները, որով պետք է զարգանա ԵԱՏՄ-ն, մասնավորապես Իրանի հետ հարաբերությունները՝ շեշտադրումը կատարելով նաև այն հանգամանքի վրա, որ այս պահին Հայաստանն ակտիվ բանակցում է իրանական կողմի հետ։ Հայաստանը միակ պետությունն է Իրանի համար, որ ԵԱՏՄ-ի հետ ունի ընդհանուր սահման, սա նույնպես չափազանց կարևոր հանգամանք է։ Հայաստանի նախագահն անդրադարձավ նաև ԵԱՏՄ-Չինաստան հարաբերություններին։ Գիտեք, որ ԵԱՏՄ-ն և Չինաստանը նույնպես ակտիվ բանակցային գործընթացի մեջ են և ընդհանուր տնտեսական համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանագրեր պետք է կնքեն ազատ առևտրի զարգացման նպատակով և այլն։ Եվ «Մեկ գոտի, մեկ ուղի» չինական այս ամբողջ կոնցեպտը հաշվի առնելով, կարծում եմ, որ Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունները պետք է բավական ակտիվ զարգանան։ Ի դեպ, ասեմ, որ «Մեկ գոտի, մեկ ուղի» կոնցեպտով լուրջ հետաքրքրվածություն ունի ոչ միայն պաշտոնական Վաշինգտոնը, այլև Վաշինգտոնում մի շարք փորձագետներ, քաղաքագետներ և քաղաքական գործիչներ։ Նրանք վստահ են, որ սա լուրջ հեռանկար ունեցող գաղափար է, և պետք է այդ ուղղությամբ առաջ շարժվել։ Ես նույնպես կիսում եմ այս կարծիքը, որ սա, ըստ էության, Չինաստանի հետ համագործակցության ապագան է։
 
-Սա կենսունա՞կ կոնցեպտ է, որքանո՞վ է իրատեսական։
 
-Բնականաբար, իրատեսական է։ Եվ համագործակցության հստակ մեխանիզմներ պետք է ստեղծվեն բոլոր այն պետությունների հետ, որոնք ցանկանում են այդ կոնցեպտի շրջանակներում համագործակցել Չինաստանի և միմյանց հետ։ Սա բնական գործընթաց է, և կարծում եմ՝ եթե Միացյալ Նահանգներում այդ հետաքրքրությունը կա, նշանակում է՝ այդ հետաքրքրությունը լինելու է նաև Եվրոպայում։ Եվ սա էլ, իհարկե, նշանակում է, որ այն իրատեսական և հեռանկարային կոնցեպտուալ երևույթ է։
 
-Սերժ Սարգսյանի՝ Սոչի կատարած այցից առաջ Ալիևը հայտարարել է, որ բանակցությունները սկսվում են առանց Հայաստանի նախապայմանների։ Հնարավո՞ր է բանակցությունների վերսկսում առանց Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների կատարման։
 
-Իրականում Ալիևի հայտարարությունը նշանակում է, որ մենք կբանակցենք, բայց այն դեպքում, երբ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել, որպես նախապայման չդնեք, ճնշում չգործադրեք մեզ վրա սրանք իրականացնելու տեսանկյունից, որ մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները՝ առանց այդ պայմանավորվածությունների կատարման։ Ես չեմ կարծում, որ Ալիևը հաջորդ հանդիպման ժամանակ կցանկանա խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորածություններից, քանի որ դրանք ուղղակի չեն բխում նրա քաղաքական շահերից։ Գիտեք, որ շփման գծում լարումը հենց նա է հրահրում, որովհետև նրան ձեռնտու չէ, որ կոնֆլիկտը սառած լինի: Նա ուզում է կոնֆլիկտն անընդհատ տաք պահել, որ մշտապես համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում լինի խնդրի կարգավորումը։ Սա ադրբեջանական շարունակական քաղաքականությունն է։ Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, ապա դա բնական և տրամաբանական էր: Չափազանց կարևոր էր նաև այն հանգամանքը, որ կողմերը բանակցությունների սեղանի շուրջ են նստելու՝ իհարկե հասկանալով, որ բանակցությունների այլընտրանքն այդուհանդերձ պատերազմական գործողություններն են։
 
-ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց սպառազինություն ձեռք բերելու համար ՌԴ-ից 100 մլն դոլար վարկի ներգրավմանը։ Այսքան վարկեր վերցնելը կախվածությունն էլ ավելի չե՞ն մեծացնում։
 
-Մենք պարզունակ մի իրողություն պետք է հասկանանք. աշխարհում շատ քիչ պետություններ կան, որ Հայաստանին կարող են զենք վաճառել, և այդ զենքը վաճառելուց հետո մատակարարել պահեստամասերը։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Մենք պետք է հասկանանք, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք զենք գնելու այլ հնարավորություն չունենք։ Եթե Ադրբեջանը հնարավորություն ունի զենք գնել Իսրայելից, Թուրքիայից, Ռուսաստանից, ապա Հայաստանը նման հնարավորություն չունի։ Ոչ Իսրայելը, ոչ էլ Թուրքիան Հայաստանին զենք չեն վաճառում, կամ վաճառում են այնպիսի թանկ գնով, որը Հայաստանի համար պարզապես չափազանց մեծ է։ Մենք գիտենք, որ մեր սպառազինության մեջ կան չինական հայտնի կայանները, բայց դրանք էլ բավական թանկարժեք են ռուսական իրենց պրոտոտիպերի հետ համեմատության մեջ։ Եվ զենք ձեռք բերելու համար Ռուսաստանի հետ լրացուցիչ 100 միլիոնի պայմանագիր կնքելը, կարծում եմ՝ մեզ համար ոչ թե վտանգավոր է, այլ ընդամենը հնարավորություն է մեր սպառազինությունը թարմացնելու կամ նոր զինատեսակներ ձեռք բերելու տեսանկյունից։
 
-Ի՞նչ կարելի է ակնկալել Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպումից։
 
-Բնականաբար, մեծ ակնկալիքներ չենք կարող ունենալ, բայց, կարծում եմ՝ կարևոր է, որ բանակցությունները չավարտվեն, շարունակական լինեն։ Իրականում Ադրբեջանում առիթ են ման գալիս, որպեսզի խուսափեն հանդիպումներից, խուսափեն պայմանավորվածություններից և ընդհանրապես բանակցային գործընթացից։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներն օգտագործելու է, որպեսզի խուսափի այդ տեսակ հանդիպումներից և բանակցություններից, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ միջազգային հանրության համար դա ընկալելի և ընդունելի չի լինի, դրա համար ստիպված գալիս է բանակցությունների։ Կարծում եմ, որ բանակցությունները պետք է շարունակվեն, և շատ կարևոր է, որ բանակցությունները շարունակվեն նաև ապրիլից հետո, երբ Հայաստանում անցում կատարենք կառավարման այլ համակարգի։ Բանակցություններին այլընտրանք, կարծում եմ, չկա։
 
-Կարեն Կարապետյանը Թեհրանում քննարկել է իրանական գազ գնելու և Իրանի տարածքով դեպի Հայաստան թուրքմենական գազը տեղափոխելու հարցերը: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը և որքանո՞վ է այն իրատեսական։
 
-Նախ՝ հայ-թուրքմենական երկխոսությունը բավական բարձր մակարդակի վրա սկսվել է։ Թուրքմենստանի նախագահը վերջերս է Հայաստան եկել, այնուհետև բարձր մակարդակի շփումներ են եղել կառավարության ներկայացուցիչների մակարդակով։ Ես սա չափազանց կարևոր եմ համարում։ Իսկ թե ինչ արդյունք կտա, ցույց կտա ժամանակը, բայց կարծում եմ, որ ցանկացած դեպքում Թուրքմենստանի հետ հարաբերությունների խորացումը մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունի, որովհետև Թուրքմենստանը տարածաշրջանի ամենահարուստ երկրներից մեկն է: Թուրքմենստանը չեզոքություն հռչակած պետություն է, նրա արտաքին քաղաքական հայեցակարգն ամբողջությամբ խարսխված է նեյտրալիտետի վրա, և բնական է, որ լինելով թուրքական պետություն, ինքը ԼՂ խնդրի կարգավորման հարցում ևս պահպանում է նեյտրալիտետ, ինչը չափազանց կարևոր է։ Ինչ կլինի գազային հնարավոր պայմանագրի հետ, չեմ կարող պատասխանել, մի փոքր էլ պետք է սպասենք, հասկանանք կլինի՞ վարչապետի այց, թե արտգործնախարարի այց, կլինե՞ն արդյոք պայմանավորվսածություններ: Հարկավոր է մի քիչ էլ սպասենք, որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմենք։
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ