ՀՀ Սփյուռքի նախարարը կոչ է անում հայ ճարտարապետներին<br /> միավորվել Շանհայ Էքսպո-2010 ցուցահանդեսում Հայաստանի նախագծի<br /> շուրջ<br />


ՀՀ Սփյուռքի նախարարը կոչ է անում հայ ճարտարապետներին
միավորվել Շանհայ Էքսպո-2010 ցուցահանդեսում Հայաստանի նախագծի
շուրջ

  • 01-10-2009 17:35:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բաց նամակով կոչ է անում հայ ճարտարապետներին մասնակցել Շանհայ Էքսպո-2010 համաշխարհային խոշոր ցուցահանդեսին, որտեղ Հայաստանը ներկայացնում է "The City of the World" (Աշխարհի քաղաքը) նախագիծը: Նախարարի բաց նամակի տեքստը ստորեւ ներկայացվում է ամբողջությամբ: «Հարգելի հայ ճարտարապետ, 2010 թվականին մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տեղի կունենա Շանհայ Էքսպո-2010 խոշորագույն համաշխարհային ցուցահանդեսը, որի խորագիրն է «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք»: Ցուցահանդեսին մասնակցելու են աշխարհի 192 երկրներ եւ ավելի քան 50 միջազգային խոշորագույն կազմակերպություններ: Սպասվող այցելուների թիվը կկազմի մոտ 100 մլն.: Բացի այդ, համաշխարհային Էքսպո ցուցահանդեսների պատմության մեջ առաջին անգամ բոլոր ֆիզիկական տաղավարները կառուցվելու են նաեւ վիրտուալ տարածքում, որի շնորհիվ աշխարհի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա այցելել ցուցահանդեսը: Էքսպո-2010 ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնում է "The City of the World" նախագիծը: Նախագծի հիմնական գաղափարն է Հայաստանում` Արարատյան դաշտավայրում, ստեղծել նոր քաղաք, որտեղ աշխարհի երկրները կներկայացվեն իրենց ազգային թաղամասերով: Նախատեսվում է յուրաքանչյուր թաղամասում կառուցել 5-7 բազմաբնույթ բովանդակությամբ ֆունկցիոնալ գոտիներ` բնակելի /հյուրանոցներ, առանձնատներ/, առեւտրի, հանգստի, առողջարարական, մշակութային: Սա ապագային ուղղված մի նախագիծ է, որը լավագույնս կարտահայտի հայ ճարտարապետական միտքը եւ բացառիկ հնարավորություն կընձեռի հայերին կրկին ներկայանալու աշխարհին որպես արարող ազգ: Աշխարհի քաղաքը, համադրված վիրտուալ տարածության մեջ եւ իրականացված իրական տարածության մեջ, կդառնա քաղաքակրթությունների փոխգործունեության տարածություն, ազգային մշակութային նվաճումների հուսալի պահապան, կյանքի նորագույն տեխնոլոգիաների ներդրման բարենպաստ միջավայր, աշխարհի յուրաքանչյուր քաղաքացու համար ապրելու հարմարավետ վայր: Հարգելի' պարոն ճարտարապետ, իմ լավ բարեկամ, հրավիրում ենք Ձեզ մասնակցել Աշխարհի Քաղաքի ազգային թաղամասերի նախագծմանը` բերելով Ձեր նպաստը այս վերին աստիճան ազգանվեր եւ կարեւորագույն նախագծին: Նախագծին մասնակցելու ցանկության դեպքում խնդրում ենք ստորեւ նշված հասցեներին ուղարկեք հաստատման նամակ /[email protected]; [email protected]; [email protected]/: Ուղարկված բոլոր նախագծերը կմիավորվեն «Աշխարհի պատկերասրահ» խորագրի ներքո եւ Շանհայ էքսպո ցուցահանդեսի ավարտից հետո կտեղափոխվեն Հայաստան, որտեղ կցուցադրվեն մշտական եղանակով: Բացի այդ քաղաքի կառուցման որոշումը կայացնելուց հետո նախագծին մասնակցած յուրաքանչյուր ճարտարապետին կընձեռվի հնարավորություն ղեկավարել իր իսկ կողմից նախագծված թաղամասերի կառուցապատման ամբողջ գործընթացը: Հայրենակիցնե'ր, Շանհայի ցուցահանդեսում նման նախագծի ներկայացումը հիանալի հնարավորություն է ամբողջ հայկական աշխարհի համար ոչ միայն եւս մեկ անգամ ապացուցելու հայ ազգի ստեղծագործ եւ արարող էությունը, այլ նաեւ կառուցելով Հայաստանի հողում աշխարհի երկրների ազգային թաղամասերը, յուրօրինակ երախտագիտության արտահայտություն` որպես ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր ազգի ներկայացուցիչներին այդ երկրների կողմից դրսեւորած գթասիրտ վերաբերմունքի դիմաց: Վստահ եմ, որ ճարտարապետների համահայկական համաժողովի մասնակիցները, մյուս հայ ճարտարապետները եւս կմասնակցեն այս փայլուն ծրագրին, եւ այն իր յուրօրինակությամբ պետք է դառնա լավագույններից մեկը Շանհայում: Հուսով եմ, որ Ձեր կողմից կստանանք արագ եւ դրական արձագանք` մասնակցելու այս նախագծին»:
Նոյյան տապան  -   Հասարակություն