Մեկնարկել է Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը


Մեկնարկել է Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը

  • 13-10-2017 20:16:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 13-ին «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկեց Սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողովը:
Համաժողովին մասնակցում է 38 սփյուռքահայ և օտարազգի անվանի սրտաբան՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Մոնակոյից, Իրանից, Ղազախստանից: Շուրջ 250 սրտաբան Հայաստանից և Արցախից կմասնակցի համաժողովի շրջանակներում կազմակերպվող սեմինարներին:
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` նշելով, որ համաժողովը նպատակ ունի նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանը, կատարելագործմանը և նրանց միջև փորձի փոխանակմանը: Նա ընդգծեց. «Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին ևս կարևորվեց Սփյուռքը մասնագիտորեն կազմակերպելու գաղափարը: Այդպիսի բացառիկ մասնագիտական համախմբում է  նաև ստաբանների եվրակովկասյան համաժողովը»:
Նախարարը շնորհակալություն հայտնեց «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ, ֆրանսահայ սրտաբան Ավետիս Մատիկյանին՝ 6-րդ անգամ Հայրենիքում նման ներկայացուցչական կազմով սրտաբանների համաժողովը կազմակերպելու համար: «Վստահ եմ, որ ֆրանսիացի հայտնի սրտաբան Փոլ Բարրագանը Եվրոպայում կներկայացնի համաժողովի քննարկումների, մասնագիտական փորձի փոխանակության արդյունքները: Սիրելի՛ սրտաբաններ, առողջ հասարակություն ունենալու համար ձեզանից շատ բան է կախված: Համաժողովին մաղթում եմ արգասաբեր գործունեություն», - նշեց Սփյուռքի նախարարը:
Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ նշելով, որ Հայաստանում կա սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող շուրջ 247 հազար հիվանդ: Նա հույս հայտնեց որ նշանավոր սրտաբանների փորձի փոխանակումն իր նպաստը կբերի Հայաստանում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման գործին:
Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ջոնաթան Լաքոթին նշեց, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը բազմակողմ է և սրտաբանության ոլորտում մասնագետների ակտիվ կապերը, փորձի փոխանակումը իրենց նպաստը կբերեն երկու երկրների ոլորտների զարգացմանը:
«Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախագահ, ֆրանսահայ սրտաբան Ավետիս Մատիկյանը շնորհակալություն հայտնելով Սփյուռքի և Առողջապահության նախարարություններին՝ ընդգծեց, որ համաժողովը շարունակում է հետաքրքրել ինչպես Հայաստանի, Ֆրանսիայի, այնպես էլ այլ երկրների մասնագետներին: «Շնորհակալ եմ Փոլ Բարրագանին, որ արդեն 20 տարի է հայ մասնագետների կողքին է և վերապատրաստում է նրանց», - նշեց Մատիկյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ ֆրանսիացի հայտնի սրտաբան Փոլ Բարրագանը՝ շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին և աշխարհի տարբեր երկրներից ժամանած սրտաբաններին: Բարրագանը շեշտեց, որ ներկաներից շատերն ունեն մասնագիտական լուրջ փորձ և միմյանց լսելու արդյունքում նոր ձեռքբերումներն անխուսափելի կլինեն:
Համաժողովի պաշտոնական բացմանն անմիջապես հաջորդեցին մասնագիտական զեկույցները:
Նշենք, որ համաժողովի աշխատանքները կշարունակվեն հոկտեմբերի 14-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» սրահում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն