Հայ-ադրբեջանական սահմանից ոչ հեռու գտնվող Այգեհովիտում շվեյցարացի բարերարները լուծեցին նաև բժշկական կենտրոնի հարցը (տեսանյութ)


Հայ-ադրբեջանական սահմանից ոչ հեռու գտնվող Այգեհովիտում շվեյցարացի բարերարները լուծեցին նաև բժշկական կենտրոնի հարցը (տեսանյութ)

  • 14-10-2017 17:14:00   | Հայաստան  |  Բարեգործություն



 
Սահմանամերձ Այգեհովիտ տանող ճանապարհն է: Հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող գյուղում տոն է: Համայնքի մեծ ու փոքր բնակիչները հավաքվել են  հիմնանորոգված կլինիկայի մոտ, որպեսզի դիմավորեն իրենց գյուղի լավագույն բարեկամներին`  շվեյցարացի բարերների խմբին: 
 
Մինչ հիմնանորոգված կլինիկային ներսից ծանոթանալը, հյուրերը Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորությամբ` հանդիսավոր կերպով բարձրացնում են երկու երկրների պետական դրոշները, հնչում է ազգային օրհներգը, ապա շարժվում են առաջ: 
 
Ժամանակին կիսախարխուլ վիճակում գտնվող ամբուլատորիայի հիմնանորոգումն իրականացվել է «Օգնություն Հայաստանին» շվեյցարական բարեգործական հիմնադրամի նվիրատվության շնորհիվ: Հենց այդ պատճառով կլինիկան անվանվեց նշյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ` Մարտին և Ջեսիկա Բլումեր ամուսինների անունով: 
 
Ամբողջությամբ նորոգված կլինիկայում կատարվելու են պատվաստումներ, հղիների վաղ հսկողություն, դիսպանսեր հիվանդների շարունակական բուժում և այլն: Այս բուժծառայություններից կօգտվեն ոչ միայն այգեհովիտցիները, այլև հարևան Վազաշենի բնակիչները: 
 
Իրականում վերոնշյալ կլինիկայի հիմնանորոգումը շվեյցարացի բարերաների կողմից իրականացված միակ նախաձեռնությունը չէ: Նույն գյուղում նախորդ տարի վերանորոգվել է և շահագործման է հանձնվել մանկապարտեզը, ինչպես նաև նորացվել է գյուղը սնուցող ջրախողովակաշարը: 
Այս բոլոր բարեգործական միջոցառումներում իր առանցքային դերն ունի հայազգի բարերար, «Օգնություն Հայաստանին» շվեյցարական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մայք Բարոնյանը: 
 
Առանձնակի համեստությամբ աչքի ընկնած Բլումեր ամուսինները բավարարված էին կատարված աշխատանքներից: Սեփական գոհունակությունը Մարտին Բլումերը հայտնեց մեկ բառով: 
Շվեյցարացի ամուսինները պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում դարձյալ հանդես գալ բարեգործական նոր ծրագրերով: 
 
Այգեհովիտցիների և շվեյցարացի բարերաների միջև հաստատված ջերմ բարեկամության մասին այսուհետ կվկայի նաև կլինիկայի բակում համատեղ ջանքերով տնկված խորհրդանշանական եղևնին: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը՝ «Նոյյան Տապանի»
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play