Ներկրվող բրոկոլիի գինը նվազել է տեղական արտադրողների շնորհիվ


Ներկրվող բրոկոլիի գինը նվազել է տեղական արտադրողների շնորհիվ

  • 16-10-2017 12:44:19   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ներկրվող բրոկոլիի գինը նվազել է տեղական արտադրողների շնորհիվ: 
Այս մասին հոկտեմբերի 16-ին` Պարենի համաշխարհային օրվա հետ կապված ասուլիսի ընթացքում նշեց Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի համակարգող Սերգեյ Մաթևոսյանը: 
 
Ըստ նրա` նշանակալի հաջողություններ են արձանագրվել նաև տեղական բարձրարժեք պանիրների և չրերի արտադրության ոլորտում: 
«ENPARD-ը ծրագիր է, որը խրախուսում է կոոպերացիայի շարժումը: Սա մի ուղղություն է, որը հնարավորություն է տալիս մեր փոքր ռեսուրսներ ունեցող գյուղացիներին միավորվել և դառնալ ավելի լուրջ կարող ուժ»,- նկատեց Ս. Մաթևոսյանը` հավելելով, որ նշյալ ծրագրի շրջանակներում լուրջ բարեփոխումներ են տեղի ունեցել, որոնցից մեկն էլ կոոպերատիվների մասին օրենքի ընդունումն է: 
 
Նրա խոսքերով` նշյալ օրենքը թույլ է տալիս կոոպերատիվներին ավելի բիզնես ուղղվածություն ունենալ, ընդհուպ մինչև վարկային կազմակերպություն. «Այսինքն` կան եվրոպական երկրներ, որտեղ կոոպերատիվները պետություն են պետության ներսում»: 
 
Անդրադառնալով ENPARD-ի շահառուներին` Ս. Մաթևոսյանն ընդգծեց, որ ծրագրի աշխարհագրությունն ընդլայնվել է, և այսօր այն գործում է Հայաստանի յոթը մարզերում:  
 
«Ծրագրի անմիջական շահառուները մոտ 600-ն են, իսկ ոչ անմիջական շահառուների թիվը գերազնացում է 3000-ը: Այս մարդիկ արդեն իսկ մտածում են իրենց բիզնեսն ընդլայնելու և գյուղում մնալու մասին. Ունենք դեպքեր, երբ երիտասարդները բանակից վերադառնալուց կամ ուսումն ավարտելուց հետո վերադարձել են և միացել իրենց ծնողներին կամ կոոպերատիվներին` շարունակելով աշխատել»,- փաստեց ծրագրի համակարգողը: 
 
Վերջինս նաև ուրախությամբ տեղեկացրեց, որ հաջորդ ամիս տեղական արտադրության հնդկացորենը փաթեթավորցված տեսքով հայտնվելու է շուկայում: 
 
Նշենք, որ մինչ հնդկացորենի տեղական արտադրություն հիմնելը, այն ամբողջությամբ ներկրվել է, իսկ Հայաստանի շուկայում հնդկացորենի պահանջարկը կազմում է 8000 տոննա:  
 
Տեղական հնդկացորենը բավարարելու է ներքին շուկայի հինգ տոկոս պահանջարկը: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play