Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հսկիչների վագոն-տնակը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ


Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հսկիչների վագոն-տնակը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ

  • 16-10-2017 18:52:02   | Տավուշի մարզ  |  Իրավունք

 
 
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող  վագոն-տնակը հրկիզելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ.
 
Հաշվի առնելով դեպքի նկատմամբ զանգվածային լրատվության միջոցների հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:     
Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում,  (ինչպես իրենց ցուցմունքներում պնդում են «Պանտերա Սիքյուրիթի» ՍՊ ընկերության հսկիչները) 5-7 «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով շուրջ 10-15 հոգի մոտեցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասի հսկիչ կետին և դժգոհություն հայտնել՝  հսկիչ անցագրային կետի տեղադրման վերաբերյալ:
Ըստ հսկիչների ցուցմունքների՝ դրսում գտնվող անձանցից ինչ-որ մեկը փայտ է վառել, մոտեցել վագոն-տնակի մուտքի դռանը և գցել ներս, որից հետո դիմել փախուստի։ 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի ժամանակ դեպքի վայրում գտնված 4 անձի ինքնությունը, ովքեր «Պանտերա  սիքյուրիթի» ՍՊԸ-ի երկու աշխատակիցներին ներկայացվել են ճանաչման: Հսկիչները նշել են, որ ճանաչման ներկայացված անձինք գտնվել են դեպքի վայրում, սակայն ակտիվ գործողություններ, որևէ բռնի գործողություն չեն կատարել։ Քննություն է տարվում՝ դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, վագոն-տնակը հրկիզած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ 
Նախաքննության ընթացքի մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։ 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք