Դիպլոմներ 2017թ. շրջանավարտ-դատավորի թեկնածուներին


Դիպլոմներ 2017թ. շրջանավարտ-դատավորի թեկնածուներին

  • 16-10-2017 18:56:14   | Հայաստան  |  Իրավունք

 
Հոկտեմբերի 16-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ակադեմիայի 2017 թվականի ունկնդիրների՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացի ավարտին:
Այս տարի Ակադեմիայում շուրջ 7.5 ամսվա մասնագիտական պատրաստում է անցել դատավորի 19 թեկնածու՝ քրեական, քաղաքացիական, վարչական մասնագիտացումներով, որոնցից 3-ը՝ Արցախի Հանրապետությունից: Ընդ որում Արցախից առաջին անգամ են դատավորի թեկնածուները Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցել:
 
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց շրջանավարտներին և դիպլոմներ հանձնեց նրանց: Ռեկտորի խոսքով՝ օրը նշանակալի է ունկնդիրների համար, քանի որ բավական երկար ու բարդ ճանապարհ են անցել այս օրվան արժանանալու համար: «Ցանկացած կառույցի մասին, հատկապես՝ կրթական,  դատում են այդ կառույցի շրջանավարտների ձեռքբերումներով, հաջողություններով, իրենց պարտականությունների կատարման նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Վստահ եմ, որ Ակադեմիան այդ առումով շատ վստահելի ձեռքերում է: Կարծում եմ՝ ձեր կայացրած դատավճիռները, վճիռները, որոշումները, որպես դատավոր տարբեր միջավայրերում հանդես գալը հիմք են դառնալու, որ միայն դրական տպավորություններ ու կարծիքներ ձևավորվեն այն կրթօջախի մասին, որի շրջանավարտն եք»,-նշեց ռեկտորը և մաղթեց ձեռքբերումներով լի և երկարատև գործունեություն: 
Դատավորի թեկնածուների խմբի անունից Ակադեմիայի շրջանավարտ Դավիթ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ռեկտորին, Ակադեմիայի ողջ անձնակազմին և մաղթեց շրջանավարտներին կամք և վճռականություն: «Ցանկանում եմ, որ մենք, որպես դատավորներ, մեր գործունեության ընթացքում իրավունքը տանք իրական հասցեատիրոջը»,-ասաց ունկնդիր-շրջանավարտը:
Տեղեկացնենք, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորի թեկնածուների ուսուցումն իրականացվել է 2017թ. փետրվարի 27-ից հոկտեմբերի 13-ը՝ չորս հատվածով (ներառյալ ավելի քան 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը): Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ ունկնդիրների համար սահմանված էր 1044, քրեաիրավական մասնագիտացմամբ ունկնդիրների համար՝ 1046 և վարչաիրավական՝ 982 ակադեմիական ժամ:
Ուսուցումն ավարտած ունկնդիրների նշանակումը կատարվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
- - - 
Արդարադատության ակադեմիայի համագործակցության և հանրային կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք