Աշոտ Մանուկյանն ընդունել է USAID-ի առաքելության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերին


Աշոտ Մանուկյանն ընդունել է USAID-ի առաքելության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերին

  • 16-10-2017 19:02:40   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է USAID առաքելության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։ 
Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է տիկին Դեբորա Գրիզերին՝ Հայաստանում USAID-ի գործունեության 25-ամյակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այսուհետ ևս համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի։ Բարձր գնահատելով կառույցի դերը տնտեսության տարբեր ոլորտների զարգացման գործում՝ Աշոտ Մանուկյանը հյուրերին ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող երկու՝ Հայաստանի երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացման և էլեկտրաէներգետիկական ազատ շուկայի բրոքերների պատրաստման ծրագրերի ընթացքը։ Նշվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան և առանց խոչընդոտների։  
 
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև էներգետիկայի ոլորտի մի շարք այլ ծրագրերի։ Քննարկվել են մասնավորապես ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման SCADA համակարգի ներդրման հետ կապված հարցեր։ 
Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ այժմ ընթանում են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքներ։ Այդ ընթացքում որոշում կկայացվի նոր ատոմային էներգաբլոկի վերաբերյալ։ Անդրադառնալով Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման ծրագրին՝ Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ այն առաջնահերթություն է Հայաստանի համար և անպայման կիրականացվի։ 
-Գծի կառուցումը պայմաններ կստեղծի Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տարածաշրջանային միջանցքի ձևավորման համար,- ընդգծել է նախարարը։ 
Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաև այլ հարցերի։ 
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play