«Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում hայ արտիստները մրցանակների են արժանացել


«Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնում hայ արտիստները մրցանակների են արժանացել

  • 17-10-2017 13:50:16   | Ղրղզստան  |  Մշակույթ

 
Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում հոկտեմբերի 5-8-ն անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
 
Միջազգային ստուգատեսին երգչուհի, կոմպոզիտոր Մայա Աֆրիկյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվագակարգում, ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում: Նշենք, որ ներկայացված երգերի տեքստերի հեղինակներն էին Սվետլանա Հովսեփյանը և Կորյուն Առաքելյանը:
Հայրենիք հաղթական դափնի է բերել նաև դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը: Նա «Գործիքային երաժշտություն» անվանակարգում որպես կոնցերտմայստեր ստացել է դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ: Նշենք, որ դաշնակահարուհին ամբողջ մրցույթի ընթացքում նվագակցել է Մայա Աֆրիկյանին, իսկ երգչուհին իր հերթին հանդես է եկել Լիլիանա Դարբինյանի մրցութային կատարման ընթացքում:
Ի դեպ, մրցույթի գրան-պրին ստացել է երգիչ Հայկ Թոնգուրյանը: Վերջինս Մայա Աֆրիկյանին տեղեկացրել է մրցույթի մասին:
«Երբ ես նկատեցի, որ մրցույթում առկա է հեղինակային երգի անվանակարգ, շատ ոգևորվեցի, և որպես հեղինակային երգերի հեղինակ՝ որոշեցի տանել երգերս և այնտեղ ներկայացնել»,-նշում է Մայա Աֆրիկյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մրցույթ-փառատոնին մասնակցել են տարբեր երկրների արտիստներ: Ժյուրիի կազմում եղել են բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ, պրոֆեսորներ, ոլորտի առաջատարներ:
«Ես քաղաքին նվիրված երգ էի գրել՝ կոչվում է «Ода Севастополю», և այդ երգն ընդգրկվել է գալա համերգին՝ ես այն կատարել եմ: Նշեմ, որ երգի խոսքերի հեղինակը Սվետլանա Հովսեփյանն է: Շատ մեծ արձագանք ստացավ, շատ ջերմ ընդունվեց: Կազմակերպիչներին եմ նվիրել նաև երգի նոտաները»,-հավելում է Մայա Աֆրիկյանը: Փառատոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2018 թ. մարտի 25-ին դափնեկիրները, այդ թվում՝ հայ արտիստները համերգով հանդես կգան Մոսկվայում:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ