650-ԱՄՅԱ ԼԵՀԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ


650-ԱՄՅԱ ԼԵՀԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ

  • 17-10-2017 16:46:19   | Լեհաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
2017 թվականի հոկտեմբերի 14-ին՝ սրբոց Թարգմանչաց տոնի օրը,  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի նախաձեռնությամբ Վարշավայում տոնվեց Լեհաստանի Կազիմիր Գ. Մեծ արքայի կողմից Հայ Եկեղեցու լեհահայոց թեմի պաշտոնական ճանաչման 650-րդ հոբելյանական տարեդարձը, որին ներկա էին ԼՀ-ում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ, Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի դասախոսներ, մեծ թվով հայորդիներ ու լեհ հյուրեր, ինչպես նաև՝ ուխտավոր հայեր Ֆրանսիայից, Բելգիայից և Ուկրաինայից:
Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնության գիրը լեհահայոց թեմի 650-րդ հոբելյանի կապակցությամբ:  
 
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհաստանի հայոց թեմի հիմնադրման մասին պատմական ակնարկ» թեմայի շուրջ բանախոսեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայր Յուզեֆ Նաումովիչը:
Հոբելյանական միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրով: Ելույթներով հանդես եկան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» երգչախումբը՝ հայ հոգևոր-ազգային երգացանկով, ինչպես նաև՝ ջութակահար Գայանե Կոնինյանը (Ֆրանսիա), դաշնակահարներ Յակուբ Կիտովսկին (Լեհաստան), Յոաննա Գրոնկովսկան (Լեհաստան), Զոֆիա Միխալովիչը (Լեհաստան) և մենակատար Աիդա Հարությունյանը (Ֆրանսիա)՝ Կոմիտասի և Ա. Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունների կատարումներով: 
Համերգային ծրագրից հետո տեղի ունեցավ սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» և Արշալույս-Ավրորա Մարտիկանյանի «Քրիստոնյաների կոտորածները Հայաստանում» լեհերեն վերահրատարակված գրքերի շնորհանդեսը:
Այնուհետև հայրական պատգամով հանդես եկավ լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը, որը լեհաստանաբնակ հայորդիներին աստվածասեր, հայրենասեր և ազգասեր սերունդ կրթելու և դաստիարակելու կոչ ուղղեց՝ սուրբ Թարգմանիչ Վարդապետների բարեխոսությամբ Աստծուց անսասանություն և խաղաղություն խնդրելով հայոց պետության, եկեղեցու և համայն ազգի համար:
Հայր Տաճատը նաև որոշ նվիրյալ հայորդիների հանձնեց գնահատանքի և օրհնության գրեր ու շնորհակալագրեր՝ լեհահայոց հոգևոր հովվության հանդեպ նրանց ցուցաբերած նախանձախնդրության բարձր գիտակցության համար:
Վերջում ներկաները հրավիրվեցին պաշտոնական ճաշկերույթի:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, «Ծաղկազարդ» երգչախմբի մասնակցությամբ Լեհաստանում քառաձայն Պատարագ հնչեց, որը մատուցվեց լեհահայոց հոգևոր հովիվ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի ձեռամբ:
 
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհաստանի հայոց հոգևոր հովվություն
Լուսանկարները՝ Լիպարիտ Պապոյանի և Աննա Ավետիքյանի
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play