Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական էր առկա լարվածությունը թուլացնելու տեսանկյունից


Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական էր առկա լարվածությունը թուլացնելու տեսանկյունից

  • 17-10-2017 16:46:05   | Հայաստան  |  Քաղաքական

 
Ապրիլյան պատերազմից 1,5 տարի հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպումը դրական կարելի է գնահատել կողմերի միջև առկա լարվածությունը թուլացնելու տեսանկյունից: 
Նման կարծիք հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց  «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ  Կարեն Վերանյանը: 
 
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը դրական է նաև այն տեսանկյունից, որ այն որոշակի փոխվստահության մթնոլորտ է ստեղծում բանակցային գործընթացում: 
 
«Ընդհանուր առամամբ, եթե անդրադառնանք զուտ հանդիպմանը, ապա պետք է նշեմ, որ ինֆորմացիան բավականին սուղ էր, հիմնականում լուսանկարների ու կադրերի տեսքով: Նախագահների միջև լարվածությունը սկզբում նկատելի էր, հետո այն թուլացավ, երբ նրանք առանձնազրույց ունեցան»,- նշեց Կ. Վերանյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ առանձնազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանն ավելի ինքնավստահ էր և բարձր տրամադրություն ուներ, քան Իլհամ Ալիևը: 
 
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի նախագահի պահվածքից կարելի է ենթադրել, որ որոշ հարցերի շուրջ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որոնց մասին առայժմ չի բարձրաձայնվում: 
 
Անդրադառնալով նախագահների հանդիպումից հետո հնչած այն հայտարարություններին, թե պետք է սահմանային լարվածությունը թուլանա և բանակցություններ ընթանան վստահության մթնոլորտում, Կ. Վերանյանը նկատեց, որ Ադրբեջանի կողմից բազմիցս վարվող ապակառուցողական քաղաքականության պայմաններում նշյալ երկու պայմանները պետք է պահպանվեն երկու երկրների կողմից: 
 
Բանախոսը նաև ընդգծեց, որ որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը դարձյալ չի կատարի իր խոստումը, հետևաբար նման պայմաններում պետք է մեծ լիներ միջազգային հանրության դերը, մինչդեռ այն գնալով նվազում է: 
 
«Միջազգային հանրության շրջանում չկա որևէ կոնսենսուս, որի հիման վրա կողմերը կկարողանան գալ ընդհանուր հայտարարի: Այս տեսանկյունից հայկական կողմը կարող է երաշխիքներ տալ իր մարտունակ բանակի տեսքով»,- փաստեց փորձագետը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը՝ որպես ղարաբաղյան հակամատրության շուրջ բանակցային գործընթացը կառուցողական հիմքերով շարունակելու համար:   
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play