Ժամանակին Լեւոն Հայրապետյանը ճակատագրական սխալ էր համարել Սերժ սարգսյանին ֆինանսավորելը․Mamul.am

19-10-2017 11:44:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 18-ի առավոտյան կյանքից հեռացավ կասկածելի մեղադրանքով 4 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Նա ծանր հիվանդ էր, երկրորդ կարգի հաշմանդամ, տարել էր 4 կաթված, 2 ինֆարկտ, տառապում էր օնկոլոգիական և ուռոլոգիական հիվանդություններով: Կալանավորման ողջ ընթացքում հայ հասարակությունը, սփյուռքի մեր հայրենակիցները, հայտնի մարդիկ Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման կամ արտահանձնման հարցով խնդրանք-պահանջագրեր էին ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև՝ Ռուսաստանի ղեկավարությանը: 2014-ին՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Սարգսյանը բարձրացրել էր Հայրապետյանի ձերբակալության հարցը: Ռուսաստանի նախագահն ասել էր, թե տեղյակ չէ ոչ քր. գործից, ոչ էլ Հայրապետյանին է ճանաչում: Մինչդեռ պարզից էլ պազր էր, որ Պուտինի պատասխանը, թե չի ճանաչում գործարարին, քաղաքական պատասխան էր: Դրանից հետո ոչ հայկական կողմը, ոչ՝ ռուսական, որևէ քայլ չձեռնարկեցին Հայրապետյանին օգնելու համար:
     Մինչդեռ բարերարը, ով հսկայական ներդրում ունի Արցախի ստեղծման և կայացման գործում, 2011-ի հարցազրույցներից մեկում ասել էր. «Ես սկզբունքներ ունեմ, որը չեմ կարող փոխել: Ես հայրենիքում եկամուտ չեմ ուզում ունենալ, փող չեմ ուզում վաստակել: Ես կստեղծեմ, թող իրենք եկամուտը ստանան, նորից ներդնեն բիզնեսում ու շենացնեն մեր հայրենիքը»:
     Շատերն այն համոզմունքին էին, որ Հայաստանի անտարբերությունը Լևոն Հայրապետյանի նկատմամբ կապված էր նրա՝ մինչ ձերբակալությունն արած հայտարարությունների հետ:
     2013 թվականին՝ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի 15-րդ հոբելյանական համագումարի իր հայտնի ելույթում ռուսաստանաբնակ հայ գործարարը զղջացել էր ու ճակատագրական սխալ անվանել ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանին ֆինանսավորելը: «Կարծում եմ՝ Հայաստանում այսօր անորակ ղեկավարություն է, չնայած բոլորին մոտիկից գիտեմ: Արտագաղթի այն ծավալները, որ այսօր կան, շատ ցավալի է: Արդարություն չկա մեր երկրում»,- հայտարարել էր նա:

 

Mamul.am

 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից