Չծխողների իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված անձիք առաջարկում են արգելել փակ տարածքներում ծխելը (տեսանյութ)



21-10-2017 15:40:26   | Հայաստան  |  Հասարակություն
 


Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ յուրաքանչյուր տարի աշխարհում 6 մլն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով, որից 600 հազարը զոհ է գնում երկրորդային ծխի ազդեցությանը: 
 
Հայաստանում Առողջապահության նախարարության 2016 թվականի տվյալներով՝ ընտանիքների 53,1 տոկոսը նշել է, որ տանը գտնվում է ամենօրյա երկրորդային ծխի վնասակար ազդեցության տակ և համարվում է պասիվ ծխող: 
 
«Ինչպես պաշտպանել չծխող կամ պասիվ ծխող համարվող անձանց իրավունքները՝ միաժամանակ չոտնահարելով ծխողներինը» հարցի պատասխանը օրենսդրական մշակումների մակարդակով փորձում է տալ Սպառողների ազգային ասոցիացիան։ Վերջինս տեղական ու օտարերկրյա  մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում անցկացրեց երկօրյա հանդիպում քննարկում։ 
 
«Պետք է ասեմ, որ այս տարի աշնանից նախաձեռնել ենք հատուկ ակցիա չծխողների իրավունքների պաշտպանելու համար: Մեր ակցիան կոչվում է «Հայաստանն առանց ծխախոտի»: Եթե մեր ամբողջ աշխատանքի ընթացքում կարողանանք այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ գոնե ինչ-որ չափով նվազի ծխող մարդկանց թիվը, ապա շատ լավ կլինի, բայց սա ամենևին չի նշանակում, որ մենք դեմ ենք ծխելուն»,- նշեց Սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: 
 
Նրա խոսքերով՝ չծխողների իրավունքները կարելի է պաշտպանել օրենքի սահմաններում՝ արգելելով փակ տարածքներում ծխելը, հակառակ պարագայում առաջարկվում է տուգանել տվյալ հաստատության ղեկավարությանը: 
 
«Հայաստանն առանց ծխախոտի» գաղափարի շուրջ համախմբված անձանց նպատակն է հասարակությանն իրազեկել և բարձրաձայնել ծխախոտի վնասակար ազդեցության և ծխելու անդառնալի հետևանքների մասին։  
 
«Հավանաբար գիտեք, որ Ռուսաստանում 2013 թվականին ընդունվեց օրենք քաղաքացիներին ծխախոտային ծխից և ծխախոտի օգտագործումից պաշտպանելու վերաբերյալ, որը դրական արդյունքներ է տվել: Օրենքի շրջանակներում կիրառվող սահմանափակումներից են հյուրանոցներում և սննդի օգտագործման կետերում ծխելու արգելքը, ինչպես նաև բարձրաձվեց ծխախոտի արժեքը և արգելվեցին ծխելը խթանող գովազդները»,- նշեց ՌԴ Տեղեկատվական եւ առողջապահական կազմակերպությունների ինստիտուտի ներկայացուցիչ Վիկտոր Զիկովը: 
 
Նրա փոխանցմամբ՝ նշյալ սահմանափակումների արդյունքում Ռուսաստանի դաշնությունում ծխողների թիվը նվազել է 21,5 տոկոսով, ինչը բավականին լուրջ և դրական ցուցանիշ է: 
 
Հայաստանում չծխողների իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված անձիք վստահ են. Մեր երկրում ևս կարելի է աստիճանաբար դրական ցուցանիշներ արձանագրել ոլորտում, եթե օրենսդրական համապատասխան փոփոխություններն ընդունվեն և պահպանվեն: 
 
Նրանք պատրաստվում են իրենց առաջարկներն Առողջապահության նախարարարության հետ միասին ներկայացնել կառավարություն: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից