Հայաստանում նորածինների 75 տոկոսը մահանում է կյանքի առաջին 28 օրերի ընթացքում․ Unicef

2017-2030թթ.-ի միջև ընկած ժամանակահատվածում 30 միլիոն երեխա կմահանա կյանքի առաջին 28 օրերի ընթացքում

19-10-2017 15:36:23   | ԱՄՆ  |  Հասարակություն
Ներկայիս միտումներով՝ 2017-2030թթ.-ի միջև ընկած ժամանակահատվածում 30 միլիոն երեխա կմահանա կյանքի առաջին 28 օրերի ընթացքում
 

Նյու Յորք, Ժնև, Վաշինգթոն, 19 հոկտեմբերի, 2017թ.-ն  Ըստ ՄԱԿ-ի զեկույցի, 2016թ.-ին ամեն օր 15000 երեխա է մահացել մինչև 5 տարին լրանալը. այդ մահերի 46 տոկոսը կամ 7000 նորածին մահացել է կյանքի առաջին 28 օրերի ընթացքում:
 
Մանկական մահացության մակարդակն ու միտումները 2017 զեկույցում ասվում է, որ թեև 2016թ.-ին մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում արձանագրվել է մահացության նոր ցածր ցուցանիշ՝  5.6 միլիոն երեխա 2000թ.-ի գրեթե 9.9 միլիոնի դիմաց,  նույն ժամանակահատվածում մինչև 5 տարեկան մանկական մահերի նորածնային շրջանի մահացության համամասնությունը աճել է 41 տոկոսից՝ հասնելով 46 տոկոսի:
 
«2000թ.-ից ի վեր 50 միլիոն երեխայի կյանք է փրկվել, ինչը վկայությունն է կառավարությունների և զարգացման ծրագրերի գործընկերների լուրջ հանձնառության՝ լուծել կանխարգելի մանկական մահերի խնդիրը», - նշեց ՅՈՒՆԻԵՖ-ի առողջապահության բաժնի ղեկավար Ստեֆան Սվարթլինգ Փիթերսոնը (Stefan Swartling Peterson): «Բայց եթե մենք չանենք ավելին կանխելու երեխաների մահը ծնվելու առաջին իսկ օրը կամ ծնունդին հաջորդող օրերի ընթացքում, այս առաջընթացն ամբողջական չի լինի: Մենք ունենք անհրաժեշտ գիտելիքներ և տեխնոլոգիաներ, մենք պարզապես պետք է հասցնենք դրանք այնտեղ, որտեղ դրանց կարիքն ամենաշատը կա»:
 
Ըստ Մանկական մահացության գնահատման միջգերատեսչական խումբը կազմող կազմակերպությունների (ՅՈՒՆԻՍԵֆ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Համաշխարհային բանկ, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի բնակչության բաժին) զեկույցի, ներկայիս միտումներով 2017-ից 2030թթ.-ի միջև ընկած ժամանակահատվածում 60 միլիոն երեխա, որոնց կեսը՝ նորածիններ, կմահանա մինչև 5 տարին լրանալը:
 
Նորածինների մահվան դեպքերի մեծամասնությունը տեղի է ունենում երկու տարածաշրջաններում՝ Հարավային Ասիայում (39 տոկոս) և Աֆրիկայի ենթասահարյան հատվածում (38 տոկոս): 5 երկրների՝ Հնդկաստան (24 տոկոս), Պակիստան (10 տոկոս), Նիգերիա (9 տոկոս), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (4 տոկոս) և Եթովպիա (3 տոկոս) բաժին է ընկնում արձանագրված բոլոր մահվան դեպքերի կեսը:
 
«Որպեսզի համընդհանուր առողջապահության ծածկույթ ապահովենք և որպեսզի ավելի շատ երեխաներ ապրեն և բարգավաճեն, մենք պետք է աշխատենք ամենաանբարենպաստ տարածքներում ապրող ընտանիքների համար»,- նշեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընտանիքների, կանանց և երեխաների առողջության բաժնի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆլավիա Բուստրեոն (Dr Blavia Bustreo): «Հիվանդությունները կանխելու համար, ընտնանիքներն հարակավոր է ֆինանսական հզորություն, և պետք է, որ նրանց ձայնը լսելի լինի և որակյալ ծառայությունները մատչելի լինեն: Ծառայությունների բարելավումն ու ժամանակին իրականացվող խնամքը ծննդաբերության ընթացքում և հետո պետք է առաջնահերթ լինեն»:
 
Զեկույցում նշվում է, որ շատ կյանքեր կարելի է փրկել, եթե աշխարհում նվազի անհավասարությունը: Եթե բոլոր երկրները հասնեն բարձր եկամուտ ունեցող երկրներում արձանագրվող մահերի միջին ցուցանիշին,  մինչև 5 տարեկան երեխաների մահերի 87 տոկոսը կարելի էր կանխել և գրեթե 5 միլիոն կյանքեր կարող էին փրկվել 2016թ.-ին:
 
«Ճիշտ չէ, որ 2017 թ.-ին հղիությունն ու ծննդաբերությունը դեռ կանանց կյանքին սպառնացող պատճառներ են, և որ ամեն օր 7000 նորածին է մահանում»,- նշեց Համաշխարհային բանկի խմբի առողջության, սնուցման և բնակչության բաժնի գլխավոր տնօրեն Թիմ Էվանսը: «Առողջության համընդհանուր ծածկույթի հաջողության լավագույն չափանիշն այն է, որ յուրաքանչյուր մայր պետք է ոչ միայն հնարավորություն ունենա հեշտությամբ օգտվել առողջապահական ծառայություններից, այլև  որ այդ ծառայությունները լինեն որակյալ և մատչելի՝ ապահովելով առողջ և որակյալ կյանք  երեխաների և ընտանիքների համար: Մենք հանձն ենք առնում ընդլայնել մեր ֆինանսավորումը՝ աջակցելով երկրների պահանջներին այս ոլորտում, այդ թվում առաջարկելով նաև նորարարական մեխանիզմներ, ինչպիսին է Գլոբալ ֆինանսավորման կառույցը»:
 
Թոքաբորբը և փորլուծությունը գլխավորում են վարակիչ հիվանդությունների ցանկը, որոնք համաշխարհային մասշտաբով խլում են մինչև հինգ տարեկան միլիոնավոր երեխաների կյանքը՝ կազմելով մահացությունների համապատասխանաբար 16 և 8 տոկոսը: 2016 թ.-ին վաղաժամ ծննդի և ծննդաբերության ընթացքում առաջացող բարդությունները նորածինների մահացության 30 տոկոսի պատճառ են դարձել: Բացի մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում արձանագրված մահվան 5.6 միլիոն դեպքերից, ամեն տարի 2.6 միլիոն մեռելածնության դեպք է գրանցվում, որոնց մեծ մասը կարելի էր կանխարգելել:
 
Երեխաների կանխարգելելի մահացությանը կարելի է վերջ դնել՝ ա) բարելավելով հղիության և ծննդաբերության ընթացքում առողջապահության ոլորտի հմուտ մասնագետների ծառայությունների հասանելիությունը, բ) կենսափրկիչ միջամտությունների միջոցով, ինչպիսիք են պատվաստումները, կրծքով կերակրումը և մատչելի դեղորայքը, գ) մեծացնելով ջրի և սանիտարական պայմանների հասանելիությունը, որոնք ներկայումս անհասանելի են աշխարհի ամենաաղքատ համայնքների համար:
 
Զեկույցի մեջ առաջին անգամ տեղ են գտել նաև 5-14 տարեկան երեխաների մահացության մասին տվյալներ մահվան այլ պատճառներով, ինչպիսիք են պատահարները և վնասվածքները: 2016 թ.-ին մահացել է մոտավորապես 1 միլիոն 5-14 տարեկան երեխա:
 
«Այս նոր հաշվետվությունը ընդգծում է մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը նվազեցնելու գործում 2000 թ.-ից սկսած զգալի առաջընթացը»,- ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տնտեսական և սոցիալական հարցերով տեղակալ Լիու Ժենմինը (LIU Zhenmin): Չնայած այս առաջընթացին՝ տարբեր տարածաշրջաններում և երկրներում, հատկապես Աֆրիկայի ենթասահարյան հատվածում երեխաների կյանքի պահպանման գործում նշանակալի անհամաչափություններ դեռ կան: Այդուհանդերձ, այս տարիքում հեշտությամբ կարելի է կանխարգելել մահվան շատ դեպքեր պարզ, ծախսարդյունավետ միջամտությունների միջոցով, որոնք կատարվում են մինչև ծննդաբերությունը, դրա ընթացքում և անմիջապես հետո: Անհավասարությունը նվազեցնելը և ամենախոցելի նորածիններին, երեխաներին և մայրերին հասնելը կարևոր է Կայուն զարգացման նպատակների՝ երեխաների կանխարգելելի մահերին վերջ դնելու թիրախին հասնելու համար և երաշխավորելու, որ ոչ ոք չանտեսվի:
 
Զեկույցի մեջ նաև ասվում է, որ.
 
 
Աֆրիկայի ենթասահարյան հատվածում կատարված մոտավոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 36 երեխայից մեկը մահանում է կյանքի առաջին ամսում, մինչդեռ աշխարհի բարձր եկամուտ ուեցող երկրներում այս հարաբերակցությունը կազմում է 1-ը յուրաքաչյուր 333-ի դիմաց:
Եթե առաջընթացի տեմպը չբարելավվի, ավելի քան 60 երկիր չի հասնի մինչև 2030 թ.-ը նորածինների կանխարգելելի մահացությանը վերջ դնելու ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակին, և կեսը չի հասնի մինչև 2050 թ.-ը յուրաքանչյուր 1,000 ծնունդից 12 նորածնային մահացության դեպք գրանցելու նպատակին: Այս երկրները կազմում են 2016 թ.-ին նորածնային մահացության դեպքերի մոտ 80 տոկոսը:
 
Իրավիճակը Հայաստանում՝
 
Վերջին 23 տարիների ընթացքում Հայաստանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կիսով չափ կրճատել է մանկական մահացությունը: 2015թ.-ի տվյալներով մանկական մահացության ցուցանիշը կազմել է 8.8՝ յուրաքանչյուր 1000 կենդանածնի հաշվով:  Հայաստանում նորածինների 75 տոկոսը մահանում է կյանքի առաջին 28 օրերի ընթացքում:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից