Կկանոնակարգվեն անտառօգտագործման ծավալները և միջոցներ կձեռնարկվեն ապօրինի անտառհատումների կանխարգելման համար


Կկանոնակարգվեն անտառօգտագործման ծավալները և միջոցներ կձեռնարկվեն ապօրինի անտառհատումների կանխարգելման համար

  • 19-10-2017 19:16:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականն անտառօգտագործման ծավալների և  պատասխանատվության միջոցների կատարելագործման վերաբերյալ էր: «Անտառների կառավարման և պահպանման արդյունավետության բարձրացման և առկա խնդիրների լուծման նպատակով տրվել էր համապատասխան հանձնարարական։ Մոտ ժամանակներս շահագրգիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված և լրամշակված հայեցակարգը կներկայացվի կառավարության աշխատակազմ:  Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը,  մյուս կողմից՝ վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել են բնափայտի մթերման օրինական ծավալները»,-նշել է Կարեն Կարապետյանը: 
 
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները և դրանց լուծման հրատապությունը՝ վարչապետը հանձնարարել է  Բնապահպանության, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին, միաժամանակ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը: Հանձնարարվել է նաև 10-օրյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված և օպտիմալ ծավալները՝  հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա: Վերոնշյալ գերատեսչությունների ղեկավարները 2-ամսյա ժամկետում համատեղ կմշակեն և կառավարության աշխատակազմ կներկայացնեն ապօրինի անտառհատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր:
«Հաշվի առնելով շուկայի իրական ծավալները, գնահատելով ստվերը՝ մենք պետք է «Հայանտառ»-ում բարեփոխումներ կատարենք, տրամաբանության չափով լեգալիզացնել  անտառահատումները, ֆինանսական միջոցներ ուղղենք «Հայանտառ», որպեսզի վերջինս պատրաստ լինի գույքով և անհրաժեշտ գործիքներով մաքսիմալ կոշտ հսկողություն իրականացնելու»,- ընդգծել է  վարչապետը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play