ԱՆ կենտրոնական ապարատում կստեղծվի քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին


ԱՆ կենտրոնական ապարատում կստեղծվի քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին

  • 19-10-2017 19:26:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
ՀՀ առողջապահության նախարարության առջև դրված կանոնադրական գործառույթների առավել նպատակային, արդյունավետ իրականացման, աշխատանքների օպերատիվ կազմակերպման, կրկնվող գործառույթները բացառելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա ուսումնասիրվել են  նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթների շրջանակը, դրանց համապատասխանությունը նախարարության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված նպատակներին և խնդիրներին: Ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվել է նախարարության աշխատակազմի առանձին հաստիքների կրճատման անհրաժեշտությունը, ինչպես նաև նախարարության աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ (ներառյալ նոր ստորաբաժանումներ ստեղծելու միջոցով) կատարել գործող կառուցվածքում: Մասնավորապես` նախատեսվում է նախարարության Արտաքին կապերի բաժինը վերակազմավորել Միջազգային հարաբերությունների վարչության: Ելնելով «Թեժ գիծ» ծառայության աշխատանքի կարևորությունից և հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ նախատեսվում է ՀՀ ԱՆ աշխատակազմի կառուցվածքում ստեղծել առանձին ստորաբաժանում: Այն հնարավորություն կտա ծառայության գործառույթներն իրականացնել ավելի արդյունավետ: Արդյունքում կկրճատվի 35 հաստիք և կխնայվի  ավելի քան 86 մլն դրամ: 
Կառավարությունն ընդունել է «Ն.Բ.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» և «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ները միացման ձևով վերակազմակերպելու մասին» որոշում: Արդյունքում ակնկալվում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործում և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացում: Արդյունքում կկրճատվի 11 հաստիք և կխնայվի 9 մլն դրամ:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝ սահմանվել է, որ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ, սխալմամբկենսաթոշակառուին ավելի վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել, եթե առկա է անձի գրավոր դիմումը, իսկ եթե բացակայում է անձի գրավոր համաձայնությունը, ապա այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով: Լուծում է տրվել նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների:
 
 
Պարզեցվում է ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում իրականացվող վարչարարությունը
       
 
Գործող ընթացակարգը պարզեցնելու և  քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարել  նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը: Մասնավորապես՝ նախատեսվում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության կողմից տրամադրվող՝ տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, ինչպես նաև առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի փոխարեն տրամադրել տասնօրյա ժամկետում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն