Հայաստանում տարցեների կյանքը և նրանց սեփականության իրավունքը վտանգված է. Միայնակ թոշակառուի բաց նամակը


Հայաստանում տարցեների կյանքը և նրանց սեփականության իրավունքը վտանգված է. Միայնակ թոշակառուի բաց նամակը

  • 19-10-2017 19:35:11   | Հայաստան  |  Իրավունք

 
  Հարգելի տիկնայք և պարոնայք, 
 
   Դուք, անկասկած, տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետության հիմնախնդիրներից մեկը արդարադատության համակարգի խորը ճշնաժամն է, որն՝ ըստ վերջին  սոցիոլոգիական հարցումների,  ՀՀ քաղաքացիների հուսալքության, ընկճախտի և արտագաղթի պատճառներից կարևորագույնն է:
 
      Այս նամակի նպատակն է մեկ օրինակով ներկայացնել և իրավական ադեկվատ լուծում գտնել դատական գործերի մի տեսակի համար, որոնք լրջորեն սպառնում են  ՀՀ քաղաքացիների, մասնավորապես տարեցների  կյանքին և նրանց սեփականության իրավունքին և որոնց  ագրեսիվ, ըստ էության, քրեական բնույթը գրեթե անտեսանելի է՝ քողարկված լինելով կենցաղային վեճի ձևաչափի արտաքին պարագաներով: Այդ գործերի համար բնորոշ է արդարադատության ընթացակարգի և օրենսդրության դիտումը ոչ թե որպես քաղաքացիների սոցիալական պաշտպանության, այլ որպես նրանց ճնշման և հալածման գործիք, ինչը անթույլատրելի է  Հայաստանի հանրապետության և մեր ազգային արժանապատվության համար:
 
    Մենք ՝ 72-ամյա միայնակ թոշակառու՝ Շուշանիկ Բինգոլցյանս և նրա փաստաբան՝ Նիվետա Բադալյանս (արտոնագիր 152)   դիմում ենք Ձեզ և մի շարք այլ պատասխանատու անձանց ի դեմս  Շուշանիկ Բինգոլցյանի  Հայաստանում ապրող տարեցների կյանքին և նրանց սեփականության իրավունքին սպառնացող վտանգների կանխարգելման միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: Այս նամակով  մենք ներկայացնում ենք Շուշանիկ Բինգոլցյանի հետ կապված դատական գործերը, որոնցից մեկի վճիռն արդեն կայացված  և  բողոքարկված է մեր կողմից, իսկ մյուսը դեռևս գտնվում է քննության փուլում:  Ստորև բերում ենք համառոտ տեղեկություններ դրանց մասին՝ այդ գործերի էության և ընթացքին ծանոթացնելու նպատակով:
 
                                                    ՀԱՄԱՌՈՏ  ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
 
    Ք.Երևան, Հ. Շահինյան փող. (նախկինում՝ Այգեստանի 8 փ.) 9 տունը պատկանում է Շուշանիկ Բինգոլցյանին՝ ծնված 17.08.1945 թ., որում նա բնակվում է 1957 թվից:
Հարկ է պարզբանել, որ հողի բաժանումից հետո (տե'ս 03.11.2004 թ. Պայմանագիրը հողի և սեփականության բաժանման մասին) 9 տան ամբողջական շենքը ստացել է երեք տարբեր հասցեներ՝ Հ. Շահինյան փող. 9, 9/1 և 9ա (կամ 9/2) հասցեները, որոնց համապատասխանում են 0028,  0029 и 0030 կադաստրային կոդերը: Կարևոր է նշել նաև, որ դրանցից միայն 9 հասցեի տունը (կոդ 0028) մեկ հարկ ունի, իսկ 9/1 և 9/2 հասցեների շինությունները (կոդեր 0029 և 0030)՝ երկու հարկ:
    Արտաշես Հովհաննիսյան և Լուսինե Հարությունյան ամուսինները 14.04.2011 թ. առուվաճառքի և գրավի հիպոթեքի պայմանագրերի հիման վրա ձեռք են բերել նույն շենքի միջին հատվածը՝ Հ.Շահինյան փ. 9/1 հասցեի տունը: Նրանք զբաղվում են փորձագիտական գործունեությամբ և, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, խախտել են   Շ. Բինգոլցյանի սեփականության իրավունքը, նյութական և բարոյական վնասներ պատճառել նրան. 
իրենց տան 2-րդ հարկում առանց հարևանների և քաղաքապետարանի թույլտվության ապօրինի պատուհան են բացել դեպի Շ. Բինգոլցյանի տանիքը;
շինարարության ընթացքում պատից հանած  քարերը  նետել են դեպի Շ. Բինգոլցյանի տանիքը, կոտրելով դրա թիթեղը, որի հետևանքով անձրևաջերը և այլ տեղումները  հեղեղել են նրա տունը, վնասել տանիքը, առաստաղը, պատերը և էլեկտրական հոսանքի լարերը; 
իրենց 2-րդ հարկում պատշգամբ են կառուցել, որը փակում է Շ. Բինգոլցյանի տան լուսավորությունը, ինչը խորացնում  է ավելցուկային խոնավության հետ կապված խնդիրները՝ մասնավորապես տարվա ցուրտ եղանակներին:
    Այդ  գործողությունների ապօրինի լինելը հաստատվում է Երևանի քաղաքապետարանի 27.10.2011 թ. պատասխանով և «Փայփ Լայն» ՍՊԸ-ի մասնագիտական եզրակացությամբ՝ շինությունը վերականգնելու ծախսերի հաշվարկով, ինչպես նաև տանիքի և շենքի ներսում արված լուսանկարներով:  
    Անտեսելով այս անառարկելի ապացույցները, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը, խախտելով գործող օրենսդրության պահանջները 31.08.2017 թ.  թիվ ԵԿԴ/4776/02/15 գործի վճռով մերժել է Շ. Բինգոլցյանի հայցը ընդդեմ   Ա. Հովհաննիսյանի և Լ. Հարությունյանի՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու և վնասի հատուցման պահանջի մասին, պարտադրելով հայցվորին վճարել 162 000 ՀՀ դրամ պետական տուրք: 
 
    Նույն դատարանի վարույթում է գտնվում Ա. Հովհաննիսյանի և Լ. Հարությունյանի հայցը ընդդեմ Շ. Բինգոլցյանի՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու, վնասի հատուցման պահանջով (գործ ԵԿԴ/1947/02/12):  Ներկայացված լինելով 14.07.2012 թ. դատարան, այն վարույթ է ընդունվել Ա.Մելքումյանի կողմից 03.09.2012 թ. և նույն օրը հայցագնի չափով արգելանք է դրվել Շ. Բինգոլցյանի պատկանող անշարժ գույքի վրա: Այդ հայցի իրական հիմքերը պարզելու համար դատավոր Ա.Մելքումյանը 01.02.2013 թ. փորձաքննություն է նշանակել՝ որոշակի հարցեր առաջադրելով փորձագետներին, սակայն վերջիններս 22.05.2013 թ. ներկայացրել են թիվ 15531307 միջնորդությունը, ըստ որի մասնագիտական եզրակացություն կայացնելու համար պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր. «Երևան քաղաքի Հ. Շահինյան փողոցի թիվ 9, 9/1, 9/2 հասցեներում գտնվող անշարժ գույքերի իրավունքի գրանցման սեփականության վկայականները, որտեղ գծանշված է օրինական հողատարածքի՝ բնության մեջ տեղակայման սահմանային կետերի X և Y կոորդինատները  (հողահատկացման կոորդինատները, հատվածներ քարտեզից)»: Դատարանը չի ապահովել վերոհիշյալ փաստաթղթերը, ինչը ստիպել է Շ. Բինգոլցյանին պահանջել կադաստրից նշված փաստաթղթերը, ներկայացնել դրանք դատարանին՝ փորձագետներին տրամադրելու համար: 
     17.10.2016-ին ներկայացված  իրենց թիվ 21151607 վերջնական եզրակացության տեքստի մեջ  կան բազում անհամապատասխանություններ: Մասնավորապես,
դրանում չկա ոչ մի անդրադարձ իրենց իսկ 22.03.2013 թ. պահանջած  անհրաժեշտ կադաստրային փաստաթղթերին;
բացակայում են նորագույն չափումների հիման վրա կայացված հայցվորների հողամասի չափերի մասին տեղեկությունները;
չի ներկայացված ոչ մի ապացույց առ այն, որ Շ. Բինգոլցյանը որևէ նյութական վնասի կամ սեփականության իրավունքի խախտման հետ կապված գործողություն է կատարել՝ հայցվորներին պատկանող հողի կամ շինության հանդեպ;
չի նշված, որ 9/1 տան 14.04.2011 թ.  առուվաճառքի պայմանագրի ստորագրումից հետո  կատարվել են արդյոք Շ. Բինգոլցյանի կողմից որևէ շինարարական աշխատանքներ, որոնք կարող էին վնաս պատճառել հայցվորներին կամ խախտել իրենց սեփականության իրավունքը  թե ոչ;
նշված է, որ փաստացի կատարված են 9/1 տան հիմքերի և նկուղի ամրացման աշխատանքները, թեև հայցադիմումի մեջ ասված էր, որ այդ աշխատանքները պիտի կատարվեն՝ պատասխանողից համապատասխան գումար գանձելուց հետո;
այդ վերանորոգման թիվը փորձագետների եզրակացության մեջ ավելի մեծ է, քան նշված էր 14.07.2012 հայցադիմումի մեջ՝ 5.172.000 ՀՀ դրամից դառնալով 5.969.588 ՀՀ դրամ;
չի նշված, արդյոք հայցվորները ունեն հարևանների և քաղաքապետարանի թույլտվությունը՝ տան հիմքերի և նկուղի վերակառուցողական աշխատանքներն իրականացնելու համար;
չկա որևէ անդրադարձ առ այն, թե ինչպես է ազդում  ամբողջական շենքի միջին հատվածի միակողմանի ամրացումը այդ շենքի մնացած հատվածների վրա և կարող է դա արդյոք նպաստել դրանց փլուզմանը՝շենքի տարբեր մասերի  նստվածքային երևույթների անհամաչափության պատճառով;
չի ներկայացված որևէ ապացույց առ այն, որ վերոհիշյալ աշխատանքների կատարման գինը համապատասխանում է հայցվվորների կողմից ներկայացված և փորձագետների կողմից ավելացված գումարի չափին՝ չկան ո'չ պայմանագրեր շինարարների հետ, ո'չ էլ առևտրային այլ փաստաթղթեր:
 
   Ուսումնասիրելով փորձագետների կարծիքը, մենք գտնում ենք, որ հարկավոր է նշանակել մեկ այլ,  ավելի հիմնավոր փորձաքննություն, հանձնարարելով այն այլ փորձագետների և առաջարկելով նրանց մի շարք հարցեր, որոնք բխում են  նշված անհամապատասխանություններից: Սակայն բավական չէ, որ 17.10.2016-ին կայացված փորձագետների եզրակացությունը հանձնվել է մեզ՝ բազում պահանջներից հետո միայն 15.05.2017-ին, դրանից հետո չի կայացել և ոչ մի նիստ, որում մենք հնարավորություն ունենաինք ներկայացնել մեր դիրքորոշումն ու հնչեցնել մեր հարցերը: Ո'չ 08.06.2017թ., ո'չ 23.08.2017թ.  և ո'չ էլ 27.09.2017թ.  դատական նիստերը մեզնից անկախ պատճառներով հետաձգվել են: Ինչ վերաբերվում է վերջին՝ 27.09.2017 թ. հետաձգված նիստին, ապա հարկ է նշել, որ թեև դատարանը այն հետաձգել է ֆորմալ կերպով հարգելի պատճառով, այն է՝ կողմերին ուղարկված ծանուցագրերի փոստի բաժանմունքից վերադարձի փաստով, սակայն իրականում դատարանը զգուշացված է եկել, որ Շ.Բինգոլցյանը, որը ծանուցում չէր ստացել, այնուամենայնիվ տեղեկացված էր դատական նիստի օրվա և ժամի մասին իր փաստաբանի կողմից և որ նրանք՝ այսինքն մենք կներկայանանք  դատարան մի փոքր ուշացումով՝ քաղաքում այդ ժամին պատահած խոշոր խցանման պատճառով: Սակայն դատարանում մեզ, ըստ ամենայնի, ոչ ոք սպասելու  մտադիր չէր: Ըստ դատավորի օգնականի, դատավոր Ա.Մելքումյանը դահլիճ էր մտել 10-րոպե ուշացումով՝ 12:40-ին, արձանագրել, որ ծանուցումները փոստի բաժանմունքից դատարան են վերադարձել և, հաջորդ նիստի օրը նշանակելուց հետո, 12:45-ին հեռացել նիստերի դահլիճից: Ի դեպ, հաջորդ նիստը նշանակված է 07.11.2017 թ.: Կարևոր է նշել, որ դատավորի օգնականը չի արձանագրել մեր ներկայանալու փաստը, հրաժարվել է զանգահարել դատավորին և վերցնել մեր կողմից ներկայացված փաստաթղթերը՝ փորձագետների եզրակացության մեջ տեղ գտած անհամապատասխանությունների մասին, համարելով այդ գործողությունները դատավարության կոպիտ խախտումներ: Այդ պատճառով նշված փաստաթղթերը մենք հանձնցինք հաջորդ օրը՝ 28.09.2017 թ. Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա ծանոթանալու դրանց մինչ հաջորդ նիստը: Այդ կապակցությամբ հարց է առաջ գալիս. եթե այդ գործով  պատասխանող՝ Շուշանիկ Բինգոլցյանը, չստանալով փոստի միջոցով ուղարկված ծանուցագիրը, կարող էր տեղեկացվել datalex.am  կայքի միջոցով  27.09.2017 ժ. 12:30-ին նշանակված նիստի մասին և չնայած իր ծանր առողջական վիճակի, ներկայանալ դատարան, ապա ինչո՞ւ հայցվորներ՝ Ա. Հովհաննիսյանը և Լ. Հարությունյանը  տեղեկացման շատ ավելի լայն  հնարավորություններ ունենալով, տարիներ շարունակ իրենց հույսը դնում են փոստատարի վրա: Դա հիմք է տալիս մեզ պնդելու, որ հայցվորները, սիստեմատիկաբար չներկայանալով դատարան, ի ցույց են դնում դատարանի հանդեպ հարգանքի ի սպառ բացակայությունը և դիտարկում են այդ հեղինակավոր ատյանը որպես մի հնազանդ գործիք՝ իրենց անգութ նպատակին հասնելու համար: Ի դեպ, datalex.am կայքում չի նշված, 08.06.2017թ., 23.08.2017թ. և 27.09.2017, ինչպես և մի շարք այլ նիստեր, որոնցում պետք է քննվեին այս գործի բոլոր հանգամանքները, չեն կայացել : Բացի դրանից, այնտեղ  2015 թ. դեպքերը բոլորովին անտրամաբանական և ժամանակացույցին չհամապատասխանող ձևով տեղադրված են 2016 և 2017 թվականների դեպքերից հետո: Դա պարզապես անփութություն է, թե՝ նույնիսկ հոգեբանական ճնշում գործադրելու ևս մի փորձ՝ մեզ հայտնի չէ, սակայն առաջին հայացքից ամեն մեկը, որ ծանոթ չէ գործի ընթացքին, կարող է եզրակացնել, որ այս գործն ավարտվել է արդեն 2015 թ. և նույն տարում անցել է նաև վերաքննիչ և վճռաբեկ դատարաններով, սակայն դա ամենևին այդպես չէ: 
     Նկատի առնելով, որ 5 տարվա ընթացքում փորձաքննությունը համոզիչ կերպով չի հիմնավորել  Շուշանիկ Բինգոլցյանի մեղքը  ԵԿԴ/1947/02/12 գործով հայցվորներին պատճառած նյութական վնասի կամ նրանց սեփականության իրավունքի խախտումների մասին, Շ. Բինգոլցյանի  տարիքը, նրա միայնակ թոշակառույի կարգավիճակը և այն հանգամանքը, որ նրա սեփականության իրավունքը բազում անգամ խախտվել է Ա. Հովհաննիսյանի և Լ. Հարությունյանի կողմից, հանել Շ. Բինգոլցյանի  սեփականության վրա դրված արգելանքը: Դա թույլ կտա դուրս բերել  տարեց կնոջը հինգ տարի տևող անընդմեջ սթրեսից, կապված այս անհիմն դատական պրոցեսի հետ և հույս կներշնչի առ այն, որ արդի Հայաստանում արդարադատությանը այնուամենայնիվ հնարավոր է:  
     Խնդրում ենք Ձեր հեղինակավոր ներկայացչությունը ապահովել հաջորդ նիստին, որը պետք է կայանա 07.11.2017 թ. ժ. 12:45  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (Թբիլիսյան խճուղի 3/9 շ.) երկրորդ հարկում՝ գործին առավել հանգամանորեն ծանոթանալու և դատավարության արդար վճիռն ապահովելու համար: Համոզված ենք նաև, որ այս նախադեպի ուսումնասիրությունը թույլ կտա պատկան մարմիններին կանխարգելել նմանատիպ  գործերում տեղի ունեցած  սխալների ու թյուրիմացությունների տարածումը և կօգնի արդարացի վճիռ կայացնել դրանցից յուրաքանչյուրի դեպքում: 
 
 
 Հարգանոք՝
 Շ. Բինգոլցյան                                                                                             
Բադալյան
27.09.2017
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք