Ucom-ը ճանաչվել է 2017 թվականին Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետ տրամադրող օպերատոր


Ucom-ը ճանաչվել է 2017 թվականին Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետ տրամադրող օպերատոր

  • 20-10-2017 15:20:24   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Ucom ընկերությունը ճանաչվել է 2017 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում ամենաարագ մոբայլ ինտերնետ տրամադրող օպերատորը: 
 
Ինչպես հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, մրցանակը շնորհել է աշխարհում ֆիքսված ու շարժական ինտերնետի արագությունը չափագրող ամենահայտնի Ookla իռլանդական ընկերությունը, որն իր Speedtest հավելվածի միջոցով հավաքագրել ու վերլուծել է 2017 թվականին շարժական ինտերնետից օգտվողների արագության չափման արդյունքները: 
 
Ըստ նրա՝ «Հայաստանում ամենարագ շարժական ցանց 2017» մրցանակի շնորհիվ՝ Հայաստանն աշխարհի 121 երկրների թվում բարելավել է իր դիրքը՝ 95-րդ հորիզոնականից  հասնելով 51-ի: 
 
«Մենք միջին արագությամբ գրեթե երկու անգամ գերազանցում ենք մյուս օպերատորներին, ինչը շատ կարևոր է, նաև ուզում եմ վստահեցնել, որ այս արագությունները երբևէ չեն իջնի, քանի որ մենք անդադար վերազինում ենք մեր ցանցերը, բազային նոր կայաններ ենք կառուցում»,- փաստեց Հ. Եսայանը՝ հավելելով, որ Ucom ընկերությունն այսպիսով առաջատար է դառնում ոչ միայն ֆիքսված կապի ինտերնետի տրամադրման հարցում, այլև մոբայլ: 
 
Ընկերության ղեկավարի խոսքերով՝ Հայաստանի բնակչության գրեթե 80 տոկոսը կարող է օգտվել 4G, 4G+ ծառայությունից, իսկ մինչև ապրիլ 88 տոկոս բնակավայրերն ամբողջությամբ ծածկված կլինեն այդ ցանցով. Արդյունքում բնակչության 98 տոկոսը կկարողանա օգտվել նշյալ ծառայություններից: 
 
Անդրադառնալով 4G և 4G+ ծառայությունների միջև եղած տարբերություններին և առավելություններին՝ Հ. Եսայանն ընդգծեց, որ ներկայումս օգտագործվող բջջային հեռախոսները միաժամանակ կարող են օգտվել մինչև 3 բազային կայաններից. «Այսինքն, եթե մեկ բազային կայանին միացված լինելով՝ հեռախոսը կարող է աշխատել x արագությամբ, ապա 3 բազային կայաններից օգտվելու դեպքում այդ արագությունը դառնում է 3x: Սա նշանակում է, որ արտերկրում արտադրված 99 տոկոս հեռախոսներն առանց որևէ խոչընդոտի աշխատում են մեր ցանցում»:  
 
Նշենք, որ Ookla Speedtest-ի մեթոդաբանությունը բացառում է իր հաշվարկներում կրկնվող փորձերի կամ արդյունքները շեղող այլ մեթոդների ներառումը՝ ապահովվելով ստացված տվյալների անկողմնակալությունը և ճշգրտությունը: 
Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների:
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play