Մեկնարկել է վրաց-հայկական իրավական երկրորդ ֆորումը


Մեկնարկել է վրաց-հայկական իրավական երկրորդ ֆորումը

  • 20-10-2017 15:37:15   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր մեկնարկել է վրաց-հայկական իրավական երկրորդ ֆորումը, որին մասնակցում են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի արդարադատության նախարար  Տեա Ծուլուկիանին, Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի փոխնախարար Զվիադ Միխանաշվիլին, այլք: 
 
Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին վրաց-հայկական իրավական երկրորդ ֆորումը Թբիլիսիում կազմակերպելու համար և  նշել, որ նման քննարկումները նպաստում են հետագա փոխշահավետ համագործակցությանն ու իրավական ոլորտում գործընկերության խորացմանը:
Նախարարը համոզմունք է հայտնել, որ բարեփոխումների ճանապարհին միմյանցից սովորելու և մարտահրավերներին միասին դիմակայելու մեծ հնարավորություն է ստեղծված: «Իրավական դաշտում ունեցած խնդիրները նույնն են,  և նման ֆորումները, ավանդույթ դառնալով, կնպաստեն մեր երեք նախարարությունների առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը»,-նշել է նախարար Հարությունյանը:
Վրաստանի արդարադատության նախարար  Տեա Ծուլուկիանիի խոսքով, այսօրվա հանդիպումը իրավական ոլորտում երկու երկրների արդյունավետ և կառուցողական համագործակցության վկայությունն է: Տեա Ծուլուկիանին նաև համոզմունք է հայտնել, որ այս ֆորումը շարունակական կլինի, իսկ խնդիրների լուծմանն ուղղված համատեղ պայքարը՝ արդյունավետ:
Վրաց-հայկական ֆորումի ընթացքում քննարկվելու են երկու երկրների դատական բարեփոխումներին, քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցությանը, երկու նախարարությունների աշխատակազմի Վերահսկողության ծառայությունների իրավասություններին, անչափահասների արդարադատության ոլորտում լավագույն փորձին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև ներկայացվելու են Հայաստանում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ներդրված միասնական էլեկտրոնային համակարգը, հակակոռուպցիոն քաղաքականությունը, Պրոբացիայի ծառայության զարգացմանն ու քրեաատարողական ոլորտի բարեփոխմանն ուղղված աշխատանքները:
Հիշեցնենք, որ առաջին հայ-վրացական իրավական ֆորումը տեղի էր ունեցել 2015 թ-ի հունիսին, Երեւանում, որի ընթացքում քննարկվել էր իրավական և դատական հարցերի լայն շրջանակ:
 
 
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն