Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել Բրյուսելում

20-10-2017 16:32:55   | Բելգիա  |  Մամլո հաղորդագրություն
 

Հոկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը «ԵՄ-Արցախ համագործակցության հեռանկարները՝ որպես ներդրում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում» թեմայով ելույթ է ունեցել Բրյուսելում՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ոչ կառավարական կազմակերպության կողմից կազմակերպված կլոր սեղանին։  
 
Իր ելույթում Մասիս Մայիլյանը ներկայացրել է մարտահրավերները, որոնց բախվում է Հարավային Կովկասը, նշելով, որ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքի հիմնական աղբյուրներն են միջազգային իրավունքի նկատմամբ Ադրբեջանի ժխտողական վերաբերմունքը և Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների և Արցախի Հանրապետության գոյության իսկ իրավունքի անտեսումը։ Առճակատման տրամաբանություն պարտադրելով՝ ադրբեջանական իշխանությունները ցուցադրում են, որ իրենց նպատակը ոչ թե երկխոսության միջոցով խաղաղության հասնելն է, այլ միակողմանի ռազմաքաղաքական առավելություն ստանալը։
Արցախի արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա և կդառնա կարևոր ներդրում՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում։ Մասիս Մայիլյանը նշել է, որ այդ համագործակցությունը առճակատումն ու մեկուսացումը որպես հակամարտության կարգավորման միջոց օգտագործելու անթույլատրելիության ազդանշան կդառնա, քանի որ դրանք հղի են ողջ տարածաշրջանի ապակայունացմամբ։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանումը չպետք է պատանդ դառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությանը, իսկ Արցախի չճանաչված կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա Արցախի և ԵՄ միջև համագործակցության համար։
Կլոր սեղանին մասնակցել և ելույթով հանդես է  եկել նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 234 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար