«Հայերը Լեհաստանի արժանի քաղաքացիներ են եղել»․ Էդվարդ Նալբանդյան


«Հայերը Լեհաստանի արժանի քաղաքացիներ են եղել»․ Էդվարդ Նալբանդյան

  • 20-10-2017 16:49:36   | Հայաստան  |  Քաղաքական

Այս տարի հայ–լեհական հարաբերություններում 2 ամսաթիվ է նշվում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ Լեհաստանում հայ համայնքի 650-ամյակը։ Այս մասին իր լեհ գործընկեր Վիտոլդ Վաշչիկովսկու հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
 
ԱԳ նախարարի խոսքով՝ հայկական համայնքը միշտ կապող օղակ է եղել երկու երկրների միջեւ։ «Հայերը Լեհաստանի արժանի քաղաքացիներ են եղել»,– ասաց նախարարը՝ հավելելով, որ մեկ տարվա ընթացքում են կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, համաժողովներ։
 
Նալբանդյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ պայմանագրային–իրավական դաշտի ձեւավորման պահից սկսած՝ հաջողվել է ստեղծել ամուր հիմք հարաբերությունների զարգացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակով։ Այս օրերին ԱԺ խոսնակի ղեկավարած պատվիրակությունը Լեհաստանում է, հիշեցրեց ԱԳ նախարարը՝ հավելելով, որ 2005-ին Լեհաստանի Սեյմը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։
 
Նախարարի գնահատմամբ՝ Հայաստանն ու Լեհաստանը համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսական ոլորտում։ Անհրաժեշտ է միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանք տանել։ Միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա դեկտեմբերին, նշեց նախարարը՝ հավելելով, որ համագործակցությունը զարգանում է միջազգային կազմակերպությունների շրջանակում։ Այդ կապակցությամբ ՀՀ արտգործնախարարը Լեհաստանին շնորհավորեց ՄԱԿ ԱԽ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ։
 
Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։ «Ցավոք, Բաքվից հնչում են շահարկումներ, եւ շարունակվում է խախտվել հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով նախօրեին զինվոր էր զոհվել»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Նոյյան տապան  -   Քաղաքական