Տարկետումից զրկելը ոչ սոցիալական արդարության, ոչ էլ բանակի համալրման հարց է լուծում. ուսանողները բողոքի են դուրս եկել


Տարկետումից զրկելը ոչ սոցիալական արդարության, ոչ էլ բանակի համալրման հարց է լուծում. ուսանողները բողոքի են դուրս եկել

  • 20-10-2017 18:06:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսվում են ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխություններ՝ համաձայն որի ակադեմիական տարկետում կտրամադրվի միայն ՊՆ-ի հետ պայմանագիր կնքող ուսանողներին։
 
Այս նախաձեռնությունը կարող է մեծ վտանգ հանդիսանալ բարձրագույն կրթության ողջ համակարգի համար, կարծում են բազմաթիվ ուսանողներ, որոնք այսօր բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք հավաքվել են ԵՊՀ տարածքում, ապա երթով շարժվել Կրթության և գիտության նախարարություն իրենց տեսակետները և անհամաձայնությունը ներկայացնելու:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ ՊՆ ներկայացրած օրինագծով հարված է հասցվում գիտության զարգացմանը: Նրանք չեն ընդունում Իսրայելի օրինակի բերումը, որտեղ քաղաքացիներին առանց կրթության տարկետման զինծառայություն են անցնում: ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրանտ Սարգիս Բալդարյանը նշում է, որ Իսրայելում գիտության զարգացման ամենակարևոր պատճառը ֆինանսավորումն է: Իսրայելում 1 միլիոն բնակչության հաշվով կա 8000 գիտնական, իսկ Հայաստանում՝ առավելագույնը՝ 1500: Հայաստանում կա նաև գիտնականների թվի խնդիր:
Իսրայելում բանակը հասարակությանը շատ մոտ է, սոցիալականացված, իսկ մեր երկրում շատ ավելի թույլ է զարգացած այդ ինստիտուտը, նշում է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Սուրեն Թադևոսյանը: Նրա խոսքով, այս օրենքում շատ է պոպուլիզմը, մարդկանց մոտ փորձում են արդարության սին պատկերացումներ ձևավորել:
Ուսանողները նշում են, որ բուհերի ղեկավարությունը և դասախոսները ևս կիսում են իրենց մտահոգությունները և դեմ հանդես չեն գալիս իրենց նախաձեռնությանը: Ակցիային մասնակցում են նաև զինծառայություն անցած ուսանողները: Նրանցից մեկը նշեց, որ այս օրինագծի ընդունումից հետո, երբ բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողները կավարտեն ծառայությունը, առաջնագծում միայն 18 տարեկաններն են լինելու, որոնք իրենց կողքին չեն ունենալու ավագ ընկերներ:
ԵՊՀ ուսանող Դավիթ Պետրոսյանի խոսքով, տարկետումը վերացնելը և բոլորին զորակոչելը հարցի ընդամենը կարճաժամկետ լուծում է: Նրա խոսքով, կրթության և գիտության ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն հենց կրթության և գիտության ոլորտում, այլ ոչ թե այլ տեղերում:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Հայկ Սահակյանը Lragir.am-ի հետ զրույցում ասում է, որ պետությունը փորձում է մի ոլորտի խնդիրը լուծել մյուս ոլորտի հաշվին: Բոլոր այն մարդիկ, որոնք հայաստանյան ոչ բարվոք պայմաններում փորձում են ուսման միջոցով հասնել որոշակի նպատակների, օգտակար լինել պետությանը, նրանց մեջ այդ ձգտումը պարզապես կոտրվում է: Կոռուպցիոն ռիսկերը սրանով չեն լուծվում, սա նաև սոցիալական արդարության խնդիր չի լուծում, ինչպես շեշտում են Պաշտպանության նախարարությունում: «Եթե կրթության ոլորտում կա կառուպցիա և մարդիկ ասպիրանտուրա են ընդունվում պարզապես բանակից խուսափելու համար, այդ ինստիուտը վերացնելով կոռուպցիան չի վերանում: Պետք է վերացնել կոռուպցիայի պատճառները», - ասել է ուսանողը:
Նա հարց է ուղղում՝ արդյոք օրենքի ընդունման դեպքում այն տարածվելու է նաև հոգևոր ճեմարաններում սովորողների վրա, որոնք ևս տարկետում են ստանում: Եթե ասում են, որ ուսանողը կարող է ծառայել ու հետո գիտությամբ զբաղվել, ապա ինչու հոգևոր ուսում ստացողները չեն կարող ծառայել: Նրա խոսքով, տարեկան տարկետում է ստանում մոտ 140 ուսանող և նրանց զորակոչելը որևէ խնդիր չի լուծում: Ընդհակառակը, բանակում ծառայությունից հետո շատերի մոտ կորում է գիտությամբ զբաղվելու ձգտումը: Նրա խոսքով, այս օրինագծով վերացվում է երիտասարդ գիտնական հասկացությունը: Սահակյանի խոսքով, սոցիալական արդարության հարցը լուծելու համար պետք է նախ կոռուպցիոն ռիսկերը վերացնել զորակոչի ժամանակ, քանի որ շատերը կարողանում են ծանոթության միջոցով խուսափել զինծառայությունից:
Հայկ Սահակյանը հիշեցրեց, որ նմանատիպ օրինագիծ էր առաջ քաշվել նաև 2004 թվականին և հարց ուղղում, թե ինչու այն ժամանակ կառավարությունը նահանջեց, եթե օրինագիծն այդքան կարևոր էր: Հայկ Սահակյանի կարծիքով, պատճառն ուսանողների կողմից մեծ ճնշումն էր:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը