«Վերջին օրերին մեզ պատճառած 2 զոհերի համար պաշտոնական Բաքուն պետք է շատ ծանր հարված ստանա հայերից».քաղաքագետ

20-10-2017 17:50:37   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը

 

-Պարոն Համբարյան, Ժնևյան հանդիպումից 3 օր անց դարձյալ զոհ ունենք սահմանին, մինչդեռ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն իր հայտարարության մեջ ասում էր, որ պայմանավորվել ենք լարվածությունը թուլացնելու և զոհեր չունենալու մասին։ Անակնկա՞լ էր այս փաստը, սա դիվանագիտական ձախողո՞ւմ էր։
 


 
-Ժնևյան հանդիպումն ընդհանրապես պետք է տեղի չունենար, քանի որ ադրբեջանական կողմը հրաժարվել էր կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում երկու երկրների նախագահների հանդիպման արդյունքում ձեռք բերված համաձայնությունները։ Ես կարծում եմ՝ ի սկզբանե այդ հանդիպումը պարտություն էր, որովհետև այդպիսով ադրբեջանական կողմին հաջողվեց չեղարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Մինսկի խմբի երկրների հայտարարությունը Ժնևյան հանդիպումից հետո հենց դա էլ նշանակում էր։ Այսինքն՝ ադրբեջանական կողմի հետ մենք սկսեցինք բանակցություններ մաքուր թղթից։
 
 
Մինչ ժնևյան հանդիպումը, երբ Սոչիում պետք է տեղի ունենար ԱՊՀ երկրների գագաթնաժողովը, ադրբեջանական կողմի կրակոցից արդեն հայ զինծառայող էր զոհվել, և այդ ժամանակ արդեն մենք տեղյակ էինք, որ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում։ Հետագայում հանդիպումից հետո իբր երկու երկրների նախագահները պայմանավորվել էին, որ այդ հանդիպումը շփման գծում լարվածության թուլացման և նոր զոհերից խուսափելու նպատակով է։ Հիմա մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը կրկին իր դերի մեջ է և արդեն հիմա բացահայտ երևում է՝ շատ սխալ էր, որ հայկական կողմը համաձայնեց ադրբեջանական կողմի հետ գնալ այդ հանդիպմանը։ Մենք տեսանք, որ այո, այդ հանդիպումն իզուր էր և տեսանք, որ վերջին օրերին արդեն երկրորդ զոհն ունենք։ Սա օրինաչափություն է, և Ադրբեջանը միշտ էլ ապացուցել է, որ ինքը այն կողմը չէ, որի հետ կարելի է ինչ-որ բանակցությունների միջոցով ինչ-որ բանի հասնել։
 
 
Ադրբեջանական կողմին կարելի է միայն վախեցնել, ադրբեջանական կողմը միայն ուժից է վախենում, և վառ օրինակը հայկական կողմի վերջին 2 պատժիչ գործողություններն էին, երբ նախ ոչնչացվեց 6-հոգանոց դիվերսիոն խումբ, երկրորդը Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղում կրակակետի ոչնչացումն էր։ Հայկական կողմը միայն այդ միջոցներով կարող է Ադրբեջանին ստիպել պահպանել զինադադարը և խուսափել նոր զոհերից։ Ես ի սկզբանե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը համարել եմ սխալ և թուլություն մեր կողմից։ Որքան էլ Մինսկի խմբի համանախագահ երկրները պահանջեին կամ պարտադրեին, որ այդ հանդիպումը պետք է կայանա, մեր ղեկավարությունը չպետք է այդ հանդիպմանը համաձայնություն տար և մասնակցեր։ Այդ հանդիպումից հայկական կողմը բոլոր առումներով կորցրած է դուրս եկել՝ և միջազգայնորեն, և դիվանագիտական, և զոհերի առումով։
 
 
 
-Այդ հանդիպումը համանախագահների կողմից որակվեց որպես բանակցություն։ Ի՞նչ պետք է հետևի սրան։
 
 
 
-Նախ, մենք պետք է շատ քիչ ուշադրություն դարձնենք Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին։ Այդ նույն Մինսկի խմբի համանախագահներն ապրիլյան պատերազմի օրերին գրեթե լռում էին։ Մենք պետք է նաև հասկանանք, որ աշխարհում հարգում են ուժեղներին։ Եթե մենք անընդհատ խնդրանքներով, աղաչանքներով դիմում ենք այս կամ այն միջնորդին, դա դիտվում է որպես թուլություն, ու դրա հետևանքը այն է, ինչ շատ դեպքերում ունենք, այսինքն՝ զոհեր։ Դրա համար մենք հնարավորինս քիչ պետք է ուշադրություն դարձնենք, այսպես կոչված, միջազգային հանրության կարծիքին և պետք է կոնկրետ գործի անցնենք։ Վերջին օրերին մեզ պատճառած 2 զոհերի համար պաշտոնական Բաքուն պետք է շատ ծանր հարված ստանա հայերից։ Ես հույս ունեմ, որ հայկական զինուժը անպայման պատժիչ գործողություններ կկազմակերպի, որը կլուսաբանվի, որ ադրբեջանական կողմը հասկանա ու իրեն կոռեկտության մեջ պահի։ Ադրբեջանում վախենում են միայն հայկական կողմի կոնկրետ և ցավոտ գործողություններից։ Երբ մենք շատ դաժան կերպով պատժում ենք իրենց, իրենք բավական երկար ժամանակ իրենց ավելի զուսպ են պահում։
 
 
Ընդհանուր առմամբ, այս հանդիպումը համարում եմ ոչ արդյունավետ, մեզ վնաս հասցրած հանդիպում և կրկնում եմ, որ այս ամենից դուրս գալու համար մենք պետք է ուղղակիորեն ռազմական ուժ կիրառենք՝ Ադրբեջանին թեկուզ որոշ ժամանակով ավելի զուսպ դարձնելու համար։ Դուք հիշում եք, որ հուլիսին Ալխանլուում ադրբեջանական կողմին պատժելուց հետո ադրբեջանական կողմը բավական զուսպ էր և զգույշ։ 
 
 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից