Հանդիպում-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ


Հանդիպում-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ

  • 20-10-2017 18:40:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա համագործակցության ծրագրով առևտրատնտեսական կապերի ընդալայման և ներդրումային համատեղ նոր նախաձեռնությունների իրագործման համատեքստում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: 
Հանդիպմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգի «Լենդ» առևտրային ընկերության տնօրեն Աննա Շլյանինան, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենի ժ.պ. Արտակ Միքայելյանը, Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված և շահագրգիռ են Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցության ծավալմամբ: 
 
 
«Երևանի քաղաքապետարանը կարևորում և խրախուսում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային նախագծերի, ինչպես նաև երկու քաղաքների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու զարգացումը: Ի դեպ, քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունը Երևանում կազմակերպված հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերել այս տարի Սանկտ Պետերբուրգում անցկացված Երևանի օրերին՝ Սանկտ Պետերբուրգի կառավարության Ձեռնարկատիրության  և սպառողական շուկայի զարգացման կոմիտեի հետ կլոր սեղան-քննարկման ընթացքում»,-նշել է Տիգրան Սարգսյանը:
Աննա Շլյանինան իր հերթին ևս ընդգծել է համագործակցության զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունն ու շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ առևտրատնտեսական կապերի հաստատման գործում ցուցաբերվող աջակցության և պատրաստակամության համար:
Քննարկման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկայում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ և ծրագրային առավել մանրամասն քննարկում: Հանդիպման ավարտին մասնակիցները նաև վստահեցրել են, որ նման ձևաչափով հանդիպումներն արդյունավետ են և նպաստում են երկու քաղաքների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն