Լեւոն Հայրապետյանի հուղարկավորության օրն Արցախում տեղի կունենա սգո հավաք

20-10-2017 19:03:59   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Վաղը՝ հոկտեմբերի 21-ին, Լեւոն Հայրապետյանի հուղարկավորության օրը, Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում տեղի կունենա սգո հավաք: 
 


Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին, Մոսկվայի Հայկական եկեղեցում՝ Օլիմպիյսկի պողոտա 9 հասցեում։
 
Հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին՝ 12։00-ին, Մոսկվայի հայկական գերեզմանատանը՝ Սերգեյ Մակեեւի փողոց 12 հասցեում։
 
Լեւոն Հայրապետյանը մահացել է հոկտեմբերի 18-ին 68 տարեկանում։
 
Գործարարը մեծ ավանդ է ունեցել Արցախի զարգացման եւ բարեկարգման գործում։ Նրա միջոցներով ծրագրեր են իրականացվել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, վերանորոգվել է Գանձասարի վանական համալիրը։
 
Կյանքի վերջին տարիները Հայրապետյանը դատական հետապնդումների մեջ անցկացրեց։ Գործարարը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ նախկին սենատոր Իգոր Իզմեստյեվի մորից 700 հազար դոլար կորզելու համար։
 
Լեւոն Հայրապետյանը 2016 թվականին տեղափոխվել էր Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Նրա փաստաբանը բազմիցս դիմել է Հայաստանին՝ նրա արտահանձնման հարցով։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից