«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շնորհիվ 2018 թվականին Լոռու մարզում կբացվի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը. Լուսանկարներ


«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շնորհիվ 2018 թվականին Լոռու մարզում կբացվի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը. Լուսանկարներ

  • 23-10-2017 18:23:15   | Լոռու մարզ  |  Հասարակություն

 
Լոռու մարզի Դեբետ գյուղում շուտով կավարտվեն առաջին ՍՄԱՐԹ կենտրոնի շինարարարկան աշխատանքները: 
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ֆինանսական միջոցներով կառուցվող կենտրոնն իր դռները կբացի 2018 թվականի մայիսին: 
 
Ինչպես լրագրողների համար կազմակերպված շրջայցի ընթացքում տեղեկացրեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ նախաձեռնության ղեկավար Շահանե Հալաջյանը, նորարար և ստեղծարար այդ կենտրոնը հագեցած կլինի նորագույն տեխնոլոգիաներով, աուդիո, էլեկտրոնային եւ տպագիր գրքերով հարուստ գրադարանով, պարի, երաժշտության, ռոբոտաշինության եւ մի շարք այլ սենյակներով, ինչպես նաեւ կունենա միջազգային մասնագետների համար նախատեսված հյուրատուն: 
 
Ըստ նրա՝ ՍՄԱՐԹ կենտրոնում առանց տարիքային սահմանափակման և բոլորովին անվճար հիմունքներով իրենց հետաքրքրությունները կբավարարեն Դեբետի և հարակից 15 գյուղերի բնակիչները: 
 
«ՍՄԱՐԹ-ում չեն լինելու գերազանցիկներ ու ծույլիկներ, տաղանդավորներ կամ անտաղանդներ: Կենտրոնում յուրաքանչյուր այցելու կամ սան իրեն կարեւորված է զգալու եւ իր մեջ է գտնելու այն ներուժը, որով կփոխի իր միջավայրը»,- նկատեց Շ. Հալաջյանը՝ հավելելով, որ մինչ կենտրոնի ստեղծումը ՝ գյուղերում գործել են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած վեց ՍՄԱՐԹ սենյակներ: 
 
ՍՄԱՐԹ նախաձեռնության ղեկավարի փոխանցմամբ՝ բեյրութահայ Փոլ Կալուստյանի առաջարկած ճարտարապետական գեղեցիկ ու յուրօրինակ լուծումներով կառուցվող կենտրոնի շենքում գերակշռելու են երկար ու լայն պատուհանները, որոնք կապահովեն երեխաների ազատությունն ու կապը բնության հետ: 
 
Կարեւորելով երեխաների զարգացումը դեռ վաղ տարիքից՝ Շ. Հալաջյանը նշեց, որ մի շարք խաղերի միջոցով հատուկ ուսուցում կիրականացնեն երեխաների հետ՝ սկսած երեք տարեկանից: 
 
Հայաստանի մանուկներ հիմնադրամի Լոռու թիմի ղեկավար Քրիստ Մարուքյանն իր հերթին  տեղեկացրեց, որ ՍՄԱՐԹ կենտրոնի շինարարական աշխատանքների համար արդեն իսկ տրամադրվել է 5 միլիոն դոլար: 
 
«Մենք ցանկանում ենք Լոռու մարզում ունենալ ՍՄԱՐԹ ավան, եւ այս ավանի մեջ առաջին կառույցները ՍՄԱՐԹ կենտրոնի եւ հյուրատան շենքերն են: Կենտրոնում այժմ ընթանում են  ներքին հարդարման աշխատանքներ»,- ասաց նա: 
 
Ք. Մարուքյանի վստահեցմամբ՝ հաջորդ տարի բացվող կենտրոնում նախատեսված ծրագրերը հասանելի կլինեն մեծահասակների եւ երիտասարդների համար, որպեսզի վերջիններս ստացած գիտելիքների հիման վրա կարողանան ինքնուրույն ստեղծել իրենց եկամտի աղբյուրները: 
 
Նշենք, որ ամերիկահայ բարերար, դոկտոր Գարո Արմենի կողմից հիմնադրված «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Հայաստանում գործում է 2003 թվականից։ Ամեն տարի դեկտեմբերին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում անցկացվում է մեծ դրամահավաքի երեկո, որին մասնակցում են ոչ միայն հայ մեծահարուստներն ու բարերարները, այլեւ օտարազգի շատ բարերարներ։ 
Նրանց ներդրումների և հանգանակության շնորհիվ էլ ձևավորվում է հիմնադրամի բյուջեն։ 
 
Մերի Հունանյան,« Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play