Միքայել Աջապահյանի ելույթների առումով Մայր Աթոռն իր հեղինակության հետ կապված լուրջ խնդիր ունի. այս ո՞ւմ է վստահվել Շիրակի թեմը


Միքայել Աջապահյանի ելույթների առումով Մայր Աթոռն իր հեղինակության հետ կապված լուրջ խնդիր ունի. այս ո՞ւմ է վստահվել Շիրակի թեմը

  • 23-10-2017 18:13:43   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
Եթե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին թվում է, թե «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» անորոշություններով, հակասություններով, անհեթեթություններով լի խոտան ու խայտառակ, հակասահմանադրական, ընտանիքաքանդ ու հրեշավոր ՀՀ օրենքի նախագծի առնչությամբ հասարակական կարծիքը մոլորեցնելուն նպատակաուղղված կամ, համենայն դեպս, այդպիսի արդյունք ունեցող իր ելույթները հետևանքներ չեն ունենալու, ապա չարաչար սխալվում է:
Հնարավոր չէ Աստծուն ու Սատանային ծառայել միաժամանակ:
Երբ Մատենադարանի նոր մասնաշենքում հոկտեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպած հիշյալ նախագծի «հանրային քննարկման» (իրականում ընդդիմախոսներին ելույթի իրավունքից զրկած խայտառակ շոուի) ընթացքում լսեցի արտաքուստ, ինչպես ժողովուրդն է ասում, «ոչ շիշը, ոչ քյաբաբը» սկզբունքով կառուցված, իսկ իրականում անորոշություններով, հակասություններով, անհեթեթություններով լի այս խոտան ու խայտառակ, հակասահմանադրական, ընտանիքաքանդ ու հրեշավոր այս օրենքի նախագիծը ոչ թե անընդունելի, այլ ընդունելի համարող նրա ելույթը, ապշեցի:
Ավելին. Շիրակի թեմի առաջնորդը քննադատական բառ անգամ չասաց ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներին այն բանի համար, որ նրանք հանրային քննարկման հրավիրվածներից օրենքի նախագծին դեմ մարդկանց զրկել էին ելույթներով հանդես գալու իրավունքից, հանրային քննարկումն իրականում վերածել խայտառակ շոուի: Նույնիսկ չառաջարկեց կամ չխնդրեց նախագծի ընդդիմախոսներին ելույթներով հանդես գալու իրավունք տալ, ինչպես դա տրված էր նախագծի պաշտպաններին: Հակառակը` անկոռեկտության մեջ մեղադրեց իրենց ելույթի իրավունքից զրկելու համար բողոքողներին, նրանց վարքը համարեց անթույլատրելի:
«Իշխանության հատվածը, համենայն դեպս, շատ ավելի կոռեկտ է պահում իրեն, քան մյուս կողմը, իսկ սա անթույլատրելի է»,- ասաց Միքայել Աջապահյանը, ակնհայտորեն անտեսելով այն հանգամանքը, որ բողոքող կողմը պետք է լիներ ոչ թե իր ընդդիմախոսներին ելույթի իրավունքից զրկած իշխանության հատվածը, այլ ելույթի իրավունքից զրկված կողմը, որն անընդունելի էր համարում նախարարության կողմից նախապես հայտարարված, խոստացված հանրային քննարկման անվան տակ ու դրա փոխարեն խայտառակ շոուի կազմակերպումը:
Քննարկումից հետո Շիրակի թեմի առաջնորդին ասացի, որ իր ելույթում կային նաև սխալ, անընդունելի դրույթներ, ցանկացա արձագանքել դրան համապատասխան հրապարակմամբ, սակայն ինքս ինձ զսպեցի, նկատի ունենալով երկու հանգամանք:
Առաջինը` չխախտել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականին միայն ծայրահեղ դեպքում քննադատելու իմ սկզբունքը (թեև այս պարագայում այդ դեպքը թերևս հենց ծայրահեղներից էր), քանի որ մեր հոգևորականների քննադատությունը կարող է նպաստել աղանդավորների կողմից ամեն օր իրականացվող հոգեորսությանը:
Երկրորդ. չբացառեցի, որ նա կարող է անտեղյակ լինել այն վտանգներին, որոնք սպասվում են, և այն վնասներին, որոնք մեր ընտանիքները, մեր հասարակությունը ստանալու են հիշյալ օրենքը նախագծի ներկայիս շարադրանքով ընդունելու դեպքում:
Հենց այս երկրորդ հանգամանքը նկատի ունենալով, Միքայել Աջապահյանին, որի հետ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ընկերներ ենք, ուղարկեցի մամուլում հրապարակված համապատասխան նյութեր, որպեսզի նա ծանոթանա օրենքի ընդունման դեպքում սպասվող այդ վտանգների ու վնասների գոնե մի մասին: Համապատասխան նշանը ցույց տվեց, որ նա նամականիով ուղարկված այդ հոդվածները նկատել ու բացել է: Եվ, ահա, նույնիսկ այդ ամենից հետո նա ելույթ ունենալով հոկտեմբերի 17-ին հիշյալ նախագծի առնչությամբ ՀՀ Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում, դարձյալ վարվեց նույն կերպ` կեղծելով իրականությունը, նախագիծը համարեց ընդունելի:
«Ի՞նչ է տալիս մեզ այս օրենքը չունենալը, չի՛ տալիս ոչինչ,- ասաց Միքայել Աջապահյանը:- Այսինքն` դարձյալ խարխափելու ենք անորոշության մեջ` չհասկանալու համար, թե ում դիմել և ինչ անել»:
Իրականում տվյալ օրենքը նախագծի ներկայիս շարադրանքով չունենալը մեզանից յուրաքանչյուրին, մեր ընտանիքներին, ողջ հասարակությանը, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգությանը շատ բան է տալիս, նույնիսկ ահռելի բան` այն վտանգներից ու վնասներից զերծ պահելու առումով, որոնք նրանց սպառնում են տվյալ օրենքի ընդունման պարագայում: Այն վտանգներից ու վնասներից, որոնց Միքայել Աջապահյանը պետք է, որ տեղյակ լիներ իր պաշտոնը, դիրքը նկատի ունենալով և նման պատասխանատու քննարկմանը մասնակցելուց առաջ, օրենքի նախագծին անհրաժեշտաբար ու բավարար չափով ծանոթ լինելով: Ավելին. տեղյակ էր, քանի որ, ինչպես արդեն նշեցի, նախապես ինձանից ստացել ու բացել էր մամուլում հրապարակված համապատասխան նյութերը, որոնցում առկա փաստարկներն այստեղ չկրկնելու համար, ընթերցողներին առաջարկում ենք դրանց ծանոթանալ այս և այս հղումներով:
Շարունակենք. ի՞նչ է նշանակում Շիրակի թեմի առաջնորդի ասածը, թե «դարձյալ խարխափելու ենք անորոշության մեջ` չհասկանալու համար, թե ում դիմել և ինչ անել»: Եթե մեր հասարակության անդամներից որևէ մեկը չի հասկանում կամ չգիտե, թե ընտանեկան բռնության ենթարկվելու դեպքում ում պետք է դիմել, ինչ պետք է անել, ապա դա իր խնդիրն է, նաև` իշխանության և համապատասխան հասարակական կազմակերպությունների, իհարկե, եթե նրանք բավարար չափով չեն կատարել իրազեկման իրենց պարտականությունը: Այնուամենայնիվ, դրա համար պետք չէ առանձին օրենք ընդունել, այն էլ` այս խայտառակ, վտանգավոր ու վնասակար օրենքը: Շարունակելով իր խոսքը, Միքայել Աջապահյանն ասաց.
«Հենց մենք` հոգևորականներս, այդ օրենքի չգոյության պայմաններում շատ լուրջ պրոբլեմներ ենք ունենում, թեև մեր հոգևորականների մեջ նաև կան շատերը, որոնք դեմ են նաև այս օրինագծի ընդունմանը, բայց ինչ խնդիրների ենք անդրադառնում և ինչ խնդիրների ենք հանդիպում, ինչը որ արդեն տիկին Դուրյանն էլ ասաց (ոստիկանության ներկայացուցիչը.- Ծ. Հ.): Շատ հաճախ մենք գիտենք հանցագործության մասին, հոգևորականներս` թաքուն հանցագործության մասին, և այդ հանցագործության մասին որևիցե մեկին հայտնել չենք կարող: Նույնիսկ եթե կարող ենք հայտնել և ուզում ենք հայտնել ոստիկանության, որովհետև կինը չի դիմում, կամ ամուսինը չի դիմում, կամ երեխան չի կարող դիմել, ոստիկանությունն էլ ոչ մի լծակ չունի, որպեսզի մտնի այդ ընտանիք և կանխի այդ ընտանեկան բռնությունը: Հետևաբար, ինչպես որ տիկին Դուրյանը դարձյալ ասաց, իր վերջին խոսքն է, ավելի լավ է ունենալ մի օրենք, քան չունենալ ընդհանրապես»:
Ցականալով գրեթե ամեն կերպ իր նպաստը բերել հիշյալ խայտառակ օրենքի ընդունմանը և այդ ճանապարհին, ինչպես ասում են, Պապից ավելի կաթոլիկ լինելով, Միքայել Աջապահյանը տեղիք տվեց նույնիսկ այնպիսի անհեթեթության, որը թերևս մեկնաբանության կարիք էլ չունի: Ի՞նչ է նշանակում, թե հոգևորականները տեղեկանալով թաքուն հանցագործության մասին, նույնիսկ եթե կարող են այդ մասին հայտնել և ուզում են հայտնել ոստիկանություն, «որովհետև կինը չի դիմում, կամ ամուսինը չի դիմում, կամ երեխան չի կարող դիմել, ոստիկանությունն էլ ոչ մի լծակ չունի, որպեսզի մտնի այդ ընտանիք և կանխի այդ ընտանեկան բռնությունը»: Շիրակի թեմի առաջնորդը ժամանակը մազերը սև ներկելուն տրամադրելով, այս աստիճան անտեղյա՞կ է մնացել իրականությանը, թե այն միտումնավոր կեղծում է, քանի որ ոստիկանությունը տեղեկացվելով կատարված կամ նախապատրաստվող հանցագործության կամ մասին, օրենսդրությամբ իրականում բավարար լծակներ ունի` մտնելու ընտանիք, ձեռնարկելու համապատասխան միջոցներ, ինչպես նաև կանխելու հանցագործությունը, եթե այն նախապատրաստվող է:
Ինչ վերաբերվում է տիկին Դուրյանի ասածին և Աջապահյանի վկայակոչածին, ապա երկուսն էլ չարաչար սխալվում են` ավելի լավ է ընդհանրապես չունենալ այս խայտառակ, ընտանիքաքանդ և ազգակործան օրենքը, քան ունենալ: Օրենքի ընդունման ուղղությամբ իր փիարը և հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելը շարունակելով, Աջապահյանն ասաց նաև. «Ես կարծում եմ, որ օրենք ունենալը ոչ թե պետք է խանգարի, այլ պիտի օգնի, և եթե ընթացքում մենք տեսնենք, որ օրենքն ունի թյուրըմբռնումներ, սխալ հասկացողություններ, և դժվարանում է այն կիրառել հօգուտ քաղաքացու, անշուշտ, պետք է կատարվեն այն բոլոր լրացումները օրենքի մեջ, որոնք անհրաժեշտ են»:
Ի՞նչ է նշանակում` եթե ընթացքում մենք տեսնենք… Այսօր արդեն իսկ տեսնում, մատնացույց ենք անում, բարձրաձայնում և աղաղակում օրենքի նախագծում առկա անորոշությունների, հակասությունների, անհեթեթությունների, դրա հակասահմանադրականության, սխալ, վտանգավոր ձևակերպումներով հասկացությունների մասին, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը նույնիսկ պատրաստակամություն չի հայտնում այդ ամենը որոշակիացնելու, շտկելու, վերացնելու, բացառելու նախագծից: Հետևաբար ի՞նչ երաշխիք, որ արդարադատության նախարարությունը կամ կառավարությունն օրենքի ընդունումից հետո դրանում կատարեն այն բոլոր լրացումները և փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են: Այդ առումով որևէ երաշխիք չկա, ինչը նշանակում է, որ Աջապահյանի ասած «պետք է կատարվեն…»-ը հանրության գլխի տակ փափուկ բարձ դնել է, կեղծավորություն, եթե նույնիսկ այդպիսին էլ չէ, այլ լոկ բարի ցանկություն, ապա այն իրավական առումով որևէ արժեք չունի:
Ահա վտանգավոր օրենքի ընդունման նպատակով Աջապահյանի քարոզչության, փիարի, հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու ևս 1-2 դրսևորում.
«Այնպես որ, Եկեղեցին, կարծում եմ, այստեղ որևիցե խնդրահարույց հարց չունի` ունենալ, թե չունենալ, կարելի է և չունենալ, բայց շատ ավելի լավ է ունենալ և հետո լավացնել», «Եվ, այո՛, ընտանեկան բռնության մասին օրենք, կարծում եմ, որ, կանխարգելման մասին օրենք, կարծում եմ, որ պետք է…»: Ստացվում է, որ եթե Եկեղեցին օրենքի նախագծում որևէ խնդիր չի տեսնում, նախագծի հետ կապված որևիցե խնդրահարույց հարց չունի, հանրությունը, մասնավորապես` հավատացյալները կարող են ապակողմնորոշվել, մտածել` դե եթե Եկեղեցին, որը հեղինակություն է, որին պետք է հավատալ, այսպես է ասում, ուրեմն օրենքի վտանգավորության առումով անհանգստանալու բան չկա, դրա ընդունմանը չպետք է ընդդիմանալ: Բարեբախտաբար, Աջապահյանի ասածը զուտ իր մասնավոր կարծիքն է և այս պահի դրությամբ դեռ որևէ աղերս չունի Մայր Աթոռի պաշտոնական տեսակետի հետ, որը դեռ չկա կամ չի հայտնված:
«Ինչ վերաբերում է դավադրությանը, որ այստեղ դավադրության մասին խոսվում է, եթե դավադրության մասին պետք է մտածեինք, ուրեմն եվրոինտեգրման մասին չպետք է մտածեինք»,- ասաց Աջապահյանը:
Հետաքրքիր է, թե ո՞վ էր այդտեղ` ԱԺ դահլիճում, խոսել դավադրության մասին, բացի հիշյալ խայտառակ ու վտանգավոր նախագիծը պաշտպանելու, դրա հիման վրա օրենքի ընդունումն իբրև անհրաժեշտություն ներկայացնելու համար եկած ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանից: Նա՛ ասաց… Ուշագրավ է նաև այն, որ տվյալ օրենքի նախագծի առնչությամբ Աջապահյանը չհերքեց դավադրության նպատակը կամ հնարավորությունը, այլ միայն ասաց, որ «եթե դավադրության մասին պետք է մտածեինք, ուրեմն եվրոինտեգրման մասին չպետք է մտածեինք»:
Այո, դավադրության տեսանկյունից եվրոինտեգրման մասին չպետք էր մտածել, բայց ո՞վ է մտածել` ՀՀ բնակչությո՞ւնը, թե իշխանությունները… Իհարկե՛, հենց ՀՀ իշխանությունները, միասեռականների և այլասերվածության քարոզչության, յուվենալ արդարադատության առջև կանաչ լույս վառած Եվրոպային կամ Եվրամիությանն ինտեգրվելն ամենևին էլ չի բխում մեր ժողովրդի հոգուց, մեր երկրի գերակշիռ մեծամասնության կամքից ու ցանկությունից, դա եվրոպական «արժեքներին» իր հավատարմությամբ վաղուց հայտնի ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի և իշխանության վերին օղակում տեղ գտած նրա նմանների կամքից ու ցանկությունից է բխում: Այնպես որ, Շիրակի թեմի «սրբազան» հորջորջված առաջնորդի կողմից իրականության անխիղճ աղավաղում է այնպես ներկայացնելը, թե այսօր հիշյալ օրենքի նախագծին, այդ տեսքով օրենքի ընդունմանը դեմ անձինք կամ մեր երկրի բնակչությունը եվրոինտեգրման մասին են մտածել: Իշխանությունների մտածածը նրանց չի՛ կարելի վերագրել:
«Բայց հենց այն փաստը, որ տիկին Զոհրաբյանը, որպես եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ, այս նիստը վարում է, խոսում է այն մասին, որ սա էլ եվրոինտեգրման անհրաժեշտ փուլերից է, և նման օրենք ունենալը եվրոինտեգրվելու անհրաժեշտ փուլերից է,- շարունակելով իր հիշյալ խոսքը, ասաց Աջապահյանը:- Այլապես եթե չէինք ուզում եվրոինտեգրվել, ուրեմն շատուշատ ուրիշ օրենքներ էլ կարող էինք չունենալ, որոնց նկատմամբ, ասենք, եկեղեցին էլ շատ բարյացակամ չէր, ինչպես, ասենք, այլընտրանքային ծառայությունը, ինչին որ մենք լուրջ կերպով ընդդիմացանք, բայց մեր ամեն լուրջ ընդդիմություն պետությունը և իշխանությունը պարտավոր չէ ընդունել իբրև դոգմա: Դոգմաները նրանք մեզ համար են, բայց պետության և իշխանության համար չեն: Եվ մենք էլ, բարեբախտաբար, իբրև եկեղեցի, ամեն ինչին դոգմատիկ չենք մոտենում և ամեն ինչի նկատմամբ միայն սևուսպիտակի հարաբերությամբ չենք մոտենում, որովհետև սպեկտրը շատ ավելի լայն է»:
Այո, ամեն ինչին պետք չէ ու չի կարելի դոգմատիկ մոտենալ, բայց տվյալ օրենքի նախագծի հետ կապված խնդիրը, մեր և այլոց խորին համոզմամբ, այդ «ամեն ինչ»-երի շարքում չէ: Այո, այլ օրենքներ էլ կարող էինք չունենալ, եթե ՀՀ իշխանությունները մերժեին եվրոինտեգրումը, և շատ վատ է, որ չեն մերժել և կան այդ օրենքները: Հիմա ի՞նչ` եթե ՀՀ իշխանությունները մեր պետության և երկրի բնակչության համար լուրջ հետևանքներ ունեցող և ապագայում էլ ավելի լուրջ հետևանքներ խոստացող մի քանի օրենքներ ընդունել են, Աջապահյանի տրամաբանությամբ, այս մի օրե՞նքն էլ կարելի է կամ պետք է ընդունել, հանդուրժելի է նաև այս մի օրենքի ընդունո՞ւմը, որի հետևանքներն ուղղակի ճակատագրական կարող են լինել մեր պետության ու նրա բնակչության համար: Այս ի՞նչ խայտառակ ու վտանգավոր մոտեցում է…
Եվ ի՞նչ կապ ունի, որ նիստը վարում էր լսումները կազմակերպած հիշյալ հանձնաժողովի նախագահը` Նաիրա Զոհրաբյանը: Նախագծի առնչությամբ լսումները կարող էր կազմակերպել նաև ԱԺ համապատասխան մեկ այլ հանձնաժողով: Ավելին. Եվրամիության և ՀՀ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրով հիշյալ օրենքի ընդունումը  նախատեսված կամ Հայաստանի կողմից հանձնառված չէ, ՀՀ իշխանություններն այդ օրենքն ուզում են ընդունել Եվրամիության խոստացած և այս դեպքում յուրօրինակ կաշառքի վերածված բյուջետային աջակցության վարկը ստանալու և Եվրոպայի կողմից Հայաստանի հանդեպ վիզային ռեժիմի ազատականացման համար:
«Իսկ այն մարդիկ, որոնք, ասենք, հայ ավանդական ընտանիքի մասին խոսում են և այս օրենքի ընդունումն ընդունում են հայ ավանդական ընտանիքի նկատմամբ իբրև հարձակում, ես կասեմ, որ շատ ուրիշ բաներ են եղել, որոնց մասին կարող էին ժամանակին մտածել և չմտածեծին,- չժխտելով հանդերձ, որ տվյալ օրենքի ընդունումը հայ ընտանիքի դեմ է ուղղված, ասաց Աջապահյանը:- Ի՞նչ է` ամուսնալուծությունն այդքան ընդունելի՞ է քրիստոնեական ընտանիքի համար, նույնքան անընդունելի է, բայց շատ լավ ընդունեցին ամուսնալուծության հնարավորությունը և չասեցին, որ, գիտեք ինչ, սա մեր ընտանիքը կարող է խաթարել: Բայց հիմա հանկարծ հիմա բռնության մասին խոսում եք և մտածում եք, որ ընտանեկան համերաշխությունը կարող է խաթարվել: Կամ այն բոլոր վիժումները, աբորտները, որոնք տեղի են ունենում մեր իրականության մեջ, սրանք, ի՞նչ է, քրիստոնեական ընտանիքին հատուկ վարվելակե՞րպ են, այսինքն` քրիստոնեական ընտանիքը մեզ սովորեցնում է երկու զավակից ավել չունենալ, կամ մեկ զավակից ավել չունենա՞լ և մնացած զավակներին սպանե՞լ կամ ինչ-որ կանխարգելե՞լ: Այ հղիության կանխարգելման մասին երբ որ օրենք կար, ոչ մեկդ, կարծես թե, այդ օրենքին դեմ չեղավ, բայց բռնության կանխարգելման մասին օրենքին, չգիտես ինչու, դեմ են»:
Ուրեմն այս մարդը մինչև հիմա չի՞ հասկացել, թե ինչու են դեմ… Էլ ի՞նչ կարող է անել Շիրակի թեմի առաջնորդը` հասարակական կարծիքի մանիպուլացման համար… Ի՞նչ է` ամուսնալուծման հնարավորությունը մեր երկրում նո՞ր է մտցվել, մենք չե՞նք իմացել: Այդ հնարավորությունը թերևս ամբողջ աշխարհում գոյություն ունի, Հայաստանում էլ նորություն չէ, դեռ Խորհրդային Հայաստանից է փոխանցվել, որն ինքն էլ հեղինակը չի եղել այդ «գյուտի»: Ի վերջո, քրիստոնեությունն էլ չի բացառում ամուսնալուծության հնարավորությունը, չամուսնալուծվելը բացարձակ կատեգորիա կամ դոգմա չէ: Ինչ վերաբերվում է աբորտներին, ապա դրանք, այո, քրիստոնեության տեսանկյունից մերժելի են, սակայն դարձյալ ոչ բոլոր դեպքերում: Ի գիտություն Աջապահյանի, մոր կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգի դեպքում պտղի հեռացումը թույլատրելի է: Լավ կլինի, որ Մայր Աթոռը Շիրակի թեմի առաջնորդին մեկ-մեկ գործուղեր Տավուշ` հիշյալ օրենքի նախագծի վտանգավորության, առկա ձևակերպումներով տվյալ օրենքի ընդունման անթույլատրելիության, ինչպես նաև որոշակի դեպքերում աբորտի թույլատրելիության վերաբերյալ Տավուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ճշմարիտ խոսքերը լսելու համար: Ի վերջո, եթե խոսքն այլ դեպքերում աբորտների անթույլատրելիության, դրան դեմ լինելու մասին է, ապա, ի գիտություն Աջապահյանի, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծին ընդդիմացող տողերիս հեղինակը հենց այն մարդկանցից է, ով դեռ 1995-1996 թվականներից է հրապարակայնորեն հանդես եկել աբորտների դեմ: Մեկ բան էլ թող նկատի ունենա Շիրակի թեմի առաջնորդը. Իր ասած հղիության կանխարգելման մասին օրենքի ընդունման ժամանակ այն նախաձեռնությունները, հասարակական կազմակերպությունները, որոնք այսօր հանդես են գալիս «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի դեմ, պարզապես դեռ գոյություն չունեին:
Ի գիտություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` հիշյալ օրենքի նախագծի առնչությամբ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի` բարձրաստիճան հոգևորականի ու թեմի առաջնորդի ելույթների առումով Մայր Աթոռն իր հեղինակության հետ կապված լուրջ խնդիր ունի: Թեև նրա ասածը, կախված է ընկալողի գիտակցության մակարդակից, կարող է չընկալվել Մայր Աթոռի պաշտոնական տեսակետ, սակայն հարց է առաջանում, թե ո՞ւմ է վստահվել Շիրակի թեմը…
Այս ամենից հետո Աջապահյանի առնչությամբ նաև հետևյալ հարցը, առնվազն տարակույսն է առաջանում` նա ա՞ջը պահող է, թե ձախը…
Վերոնշյալի առումով Միքայել Աջապահյանից գրեթե չի տարբերվում նաև ՀՀ Աժ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով «Երկիրն այսօր»-ին տված հարցազրույցում բառացի ասել է` «Եվ այս քննարկումների մեջ էլ ինձ համար մտածողության ճիշտ կերպը Սրբազանի` Միքայել Աջապահյանի մտածողությունն է, մեր լավագույն մտավորականներից մեկի՝ Ռուբեն Բաբայանի մտածողությունն է», ապա մի 4 նախադասությունից հետո իր խոսքը եզրափակել հետևյալ հայտարարությամբ. «Մեր ազգային ավանդական ընտանքին սպառնացող որեւէ վտանգ չեմ տեսնում»:
Ահա սա էլ ձեզ ՀՅԴ-ն` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Ի դեպ, ուշագրավ և այսօրվա Դաշնակցության (շարքերին նկատի չունեմ) համար թերևս բնութագրական է, թե Աղվան Վարդանյանն ում է համարում մեր լավագույն մտավորականներից մեկը. Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի՛ն, ով միասեռականների իրավունքների պաշտպանների հետ միասին մասնակցել է «Ոսկե ծիրան- 2017» կինոփառատոնի շրջանակում ցուցադրման նախատեսված, սկանդալից հետո մերժված, սակայն հետո, ս. թ. հուլիսի 13-ին «Մեդիա կենտրոնում» ցուցադրված կինոռեժիսոր Գագիկ Ղազարէի «Լսիր ինձ» փաստավավերագրական ֆիլմի (ԼԳԲՏ թեմայով, այլասերվածների վերաբերյալ) ցուցադրմանն ու քննարկմանը, որն ուղղակի թե անուղղակի կերպով միասեռականության քարոզչություն է պարունակում:
«Եթե դրված էր որոշակի խնդիր՝ ներկայացնել այդ մարդկանց (լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվիստիտների.- Ծ. Հ.) էությունն ու հոգսերը», «Եթե այն անվանել են «Լսիր ինձ», ապա պետք էր այնպես կառուցել, որ այն (ԼԳԲՏ-ների էությունն ու հոգսերը.- Ծ. Հ.) լսելի դառնար հանրության համար»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Բաբայանը:
«Նույնասեռականը կարող է լինել և՛ ազգայնական, պահպանողական, և՛ Հանրապետական ու ՀՀՇ-ական…»,- նույն զրույցում ասել է Բաբայանը:
Հետաքրքիր է, որ չի ասել նաև՝ դաշնակցական… Գուցե սրա՞ համար է Աղվան Վարդանյանը նրան համարել մեր լավագույն մտավորականներից մեկը… Ինչ վերաբերվում է նույնասեռականի ազգայնական և պահպանողական լինելու հնարավորությանը (ՀՅԴ-ն այսօր, ցավոք, ոչ ազգայնական է, ոչ էլ պահպանողական, դրանցից շատ է շեղված), ապա Ռ. Բաբայանն այս հարցում սխալվում է:
Նույն կայքի տեղեկացմամբ, Տիկնիկային թատրոնի ղեկավարը 5-6 տարի առաջ վերջին պահին, սպառնալիքներից վախենալով, հրաժարվել է թատրոնում ցուցադրել «Պարադա» ֆիլմը, որը համասեռամոլների մասին է պատմում, և որի ցուցադրումը կազմակերպվել էր Եվրամիության, հիմնականում Գերմանիայի դեսպանատան կողմից: Ռուբեն Բաբայանը, սակայն, հետագայում շատ է զղջացել, որ, իր իսկ խոսքերով, փոքրոգություն է ցուցաբերել, տեղիք է տվել այդ սպառնալիքներին ու «Պարադան» չի ցուցադրել:
Աղվան Վարդանյանը մեր լավագույն մտավորականներից մեկն է համարել նրան, ով հրապարակավ հայտարարել է, թե բոլոր մարդիկ իրականում իրարից չեն տարբերվում, անկախ նույնիսկ՝ իրենց սեռական կողմնորոշումից: Ապշել կարելի է… Եվ այս մա՞րդն է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Խե՜ղճ Հովհաննես Թումանյան, հիմա, ով գիտի, ոսկորները գերեզմանում շուռումուռ են գալիս… «Ղալլաթ» է արել Ռուբեն Բաբայանը, թե նորմալ մարդիկ և նույնասեռականները, բիսեքսուալները, տրանսվիստիտները և զոոֆիլներն իրարից չեն տարբերվում: Տարբերվում են, այն էլ՝ ինչպիսի՜ ահռելի տարբերությամբ: Կարծում եմ, Բաբայանն այսպիսով թաքուն նպատակ ունի նրանց մեզ նման սովորական, նորմալ մարդ ներկայացնելով, նրանց այլասերվածությունն էլ, շեղված սեռական կողմնորոշումներն էլ սովորական, նորմալ մի բան ներկայացնել, որին հասարակական գիտակցությունը պետք է վարժվի ու հանդուրժելի համարի:
Ի վերջո, Աղվան Վարդանյանը հավանաբար ինքն էլ, ՀՅԴ-ի հետ միասին, դեմ լինելով բոլոր տեսակի խտրականություններին, մեր լավագույն մտավորականներից մեկն է համարել նրան, ով հիշյալ կայքի հետ զրույցում բացեիբաց հայտարարել է՝ «Ես բացասաբար եմ  վերաբերվում… բոլոր տեսակի խտրականություններին», այսինքն նաև՝ Հանրապետության հրապարակում միասեռականների շքերթ թույլ չտալուն, երեխա որդեգրելու ցանկության դեպքում նրանց մերժելուն, մանկապարտեզներում դաստիարակ ու դպրոցներում ուսուցիչ աշխատելն արգելելուն, նրանց կողմից միասեռականության, այլասերվածության քարոզչությունն արգելելուն…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք