Սիրիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները


Սիրիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները

  • 23-10-2017 19:45:26   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է  ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին` գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:
 
Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ:
 
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը ցուցաբերած աջակցության համար` դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն ընդգծել է, որ Սիրիան հայկական կողմի հետ հետագա փոխգործակցությունը նախատեսում իրականացնել թե'  պետական, և թե' մասնավոր հատվածի ներգրավմամբ:
 
Հայաստանի հետ համագործակցությունն առավել ամուր հիմքերի վրա դնելու և ընդլայնելու նպատակով Սիրիայի դեսպանն առաջարկել է առաջիկայում Դամասկոսում կազմակերպել հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որը նախորդ անգամ անց է կացվել 2009 թվականին Երևանում: Դեսպանը վստահություն է հայտնել, որ համատեղ հանձնաժողովի շրջանակներում հնարավոր է ծավալել փոխշահավետ գործունեություն:
 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
 հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն