Նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորները Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարներն էին. տեսանյութ


Նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորները Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարներն էին. տեսանյութ

  • 24-10-2017 18:52:05   | Հայաստան  |  Տնտեսություն



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր այցելել են Երևանի «Սասունցի Դավիթ» կայարան` փորձարկելու Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը: Նախարարները «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ փորձնական երթ են իրականացրել դեպի 
«Մասիս» կայարան:
 
Նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն ունի 2 վագոն` 129 նստատեղով, օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:
 
Բարձրակարգ էլեկտրագնացքը Հայաստան է բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարության հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:
 
Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, կահավորված է վերելակներով, որոնց օգնությամբ սայլակներով տեղաշարժվող ուղևորները կարող են բարձրանալ և իջնել վագոններից։
 
Էլեկտրագնացքն առայժմ գտնվում է թեստային փորձարկման փուլում։ Վահան Մարտիրոսյանի խոսքով` կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին և մոդեռնիզացման ինչ կարիքներ են առաջանում:
 
Ռուս մասնագետների հավաստմամբ` նորագույն սերնդի այս գնացքը չափազանց մեծ հնարավորություններ ունի, պատվիրատուի ցանկություններին համապատասխան կարող են նվազեցնել կամ ավելացնել էլեկտրագնացքի տեխնիկական բնութագրերը:
 
«Կոմպլեկտավորման համակարգը ճկուն է, կարող ենք անել այն, ինչ պատվիրատուն ցանկանա: Մեքենավարը կարող է լիարժեք վերահսկել, թե որ վագոնում ինչ է կատարվում: Տեսահսկման համակարգը շատ ընդգրկուն է», - ներկայացրեց տեխնիկական սպասարկման մասնագետ Ալեքսանդր Բոնկրատովը:
 
Ռուսաստանցի գործընկերների օգնությամբ մեքենավարները տեխնիկական վերապատրաստում են անցնում, շարժակազմի տեխնիկական շահագործումն իրականացնողները շուտով կփոխարինվեն հայ մասնագետներով:
 
Նմանատիպ էլեկտրագնացք շուտով կերթևեկի դեպի Գյումրի: Վահան Մարտիրոսյան խոսքով՝ այս ուղղությունը ընտրվել է՝ հաշվի առնելով ուղևորների մեծ հոսքը և կառավարության՝ Գյումրի քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը:
 
Տոմսերի գնային քաղաքականության վերաբերյալ նախարարը հայտնեց, որ որոշողը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է, բայց նախարարությունն իր կողմից կանի ամեն ինչ, որպեսզի գնաճ տեղի չունենա: Գնային տարբերությունը հնարավոր է էկոնոմ և բարձր կարգի տոմսերի միջև:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն