Նուբարաշեն ՔԿՀ-ում չեն թույլատրում «Սասնա ծռեր» խմբի անդամ գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանին փոխանցել թուղթ և գրիչ.(տեսանյութ)


Նուբարաշեն ՔԿՀ-ում չեն թույլատրում «Սասնա ծռեր» խմբի անդամ գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանին փոխանցել թուղթ և գրիչ.(տեսանյութ)

  • 25-10-2017 15:26:11   | Հայաստան  |  Իրավունք



 
Տևական ժամանակ է, ինչ անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ՝  գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը չի կարողանում իրացնել ստեղծագործողի իր իրավունքը, քանի որ նրան չի թույլատրվում փոխանցել թուղթ, գրիչ և մատիտներ: 
Ինչպես հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փաստաբան Արայիկ Պապիկյանը, նշյալ խնդիրն առաջացել է Նուբարաշեն քրեակատորաղական հիմնարկ տեղափոխվելուց հետո: 
 
«Նրան չեն թույլատրում փոխանցել ստեղծագործելու համար անհրաժեշտ առարկաներ, որոնք որևէ մեկ իրավական ակտով արգելված չեն»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ՔԿՀ-ներում հիմնականում առաջնորդվում են ներքին կանոնակարգով, որի համաձայն՝ անազատության մեջ գտնվող անձը կարող է իր մոտ պահել գրիչներ՝ անկախ դրանց գույնից: 
 
Ա. Պապիկյանի խոսքերով՝ տվյալ դեպքում Աշոտ Պետրոսյանին թույլատրում են ունենալ կապույտ գրիչ, բայց ոչ՝ կարմիր: 
 
Նրա փոխանցմամբ՝ անգամ քրեական օրենսգրքում խրախուսվում է անազատության մեջ գտնվող, սակայն ստեղծագործող անձի զբաղվածությունը. «Մինչդեռ ՔԿՀ-ների ներքին կանոնակարգը կարող է արգելել անազատության մեջ գտնվող, բայց ստեղծագործող երաժշտին իր մոտ երաժշտական գործիք ունենալը»: 
 
Առաջացած խնդիրն իրավական ճանապարհով լուծելու նպատակով՝ փաստաբանը բողոք-դիմում է ներկայացրել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին, որի աշխատակազմը խնդրով դիմել է Քրեակատարողական հիմնարկների վարչություն:
Բանախոսը նկատեց, որ Քրեակատարողական հիմնարկների վարչությունից պատասխան է ստացվել առ այն, որ Աշոտ Պետրոսյանին թույլատրվել է փոխանցել հասարակ մատիտներ այն դեպքում, երբ հստակ խնդիր է դրված եղել գունավոր գրիչների և մոմատիտների արգելքի հետ կապված: 
 
Ա. Պապիկյանի գնահատմամբ՝ անազատության մեջ գտնվող Ա. Պետրոսյանի նկատմամբ այդպիսի վերաբերմունքի դրսևորումը ցույց է տալիս, որ նրա նկատմամբ կոնկրետ հետապնդում է տեղի ունենում՝ քաղաքական հայացքների համար: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Իրավունք