Հայկ Խանումյան․ Արցախը գլորվում է տոտալիտարիզմի անդունդը


Հայկ Խանումյան․ Արցախը գլորվում է տոտալիտարիզմի անդունդը

  • 26-10-2017 14:43:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հայկ Խանումյանի ելույթն Արցախի Ազգային ժողովի 2017թ. հոկտեմբերի 26-ի նիստում.
 
Այս ելույթով ես ցանկանում եմ իմ մտահոգությունները կիսել ձեզ հետ Արցախում ընթացող ցավալի գործընթացների վերաբերյալ: Օրեցօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես մեր երկիրը գլորվում է տոտալիտարիզմի անդունդը: Գործընթացը սկսվել է սահմանադրության գործող տարբերակի ի հայտ գալով, քաղաքական համակարգի ոչնչացմամբ և շարունակվում է սահմանադրության փոփոխություններով պայմանավորված օրենքների ընդունմամբ:
 
Կցանկանայի կանգ առնել հատկապես տեղական ինքնակառավարման մասին օրենքի վրա, որի նախագծի տարբերակն արդեն կարելի է գտնել տարբեր կաբինետներում: Բակո Սահակյանը խմբակցություններին կոչ է անում ակտիվորեն մասնակցել դրա քննարկմանը, սակայն փորձը ցույց է տալիս, որ սովորաբար քննարկումներն էական բան չեն փոխում:
 
Գոյություն ունեցող տարբերակը ոչ թե տեղական ինքնակառավարման վերաբերյալ է, այլ իշխանությունը հնարավորինս շատ կենտրոնացնելու մեխանիզմ է: Կարծում եմ, որ այն ստեղծողների հիմնական նպատակն է եղել ոչ մի հնարավորություն չթողնել հասարակության համար: Այս տարբերակով տեղական ամբողջ իշխանությունը կենտրոնացվում է միայն մեկ ուժի ձեռքում: Որևէ հակակշիռ, տեղական իշխանության բաժանման որևէ հնարավորություն գոյություն չունի նշված տարբերակում: Նույնիսկ տեղական մակարդակում որոշումների վրա ազդելու որևէ հնարավորություն հանրությունը չունի: Այս տարբերակով միայն մեկ ուժ կարող է հավակնել տեղական իշխանության, և այդ ուժը վարչական ռեսուրսի կուսակցությունն է: Վարչական ռեսուրսներն այսօր գտնվում է են միայն մեկ մարդու մոտ և այդ մարդը հանրապետության նախագահն է: Նման պայմաններում կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին կարող է ընդամենը ֆոն լինել ոչ թե իրական քաղաքական գործընթաց:
 
Խոշորացումն ինքնին բերելու է տարբեր խնդիրների և դրանց փոխհատուցումը կարող է լինել միայն այնպիսի օրենքի ընդունումը, որը հնարավորություն կտա համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ համայնքի կառավարմանը՝ ըստ կուսակցություններին տրված ձայների: Ավագանու ընտրություններին անցողիկ շեմն անցած կուսակցությունների մասնակցությունը վարչական ղեկավարի և համայնքային պաշտոնների նշանակմանը միայն թույլ կտա հնարավորինս ուժեղ համայնքներ ունենալ, զարգացնել քաղաքական համակարգը, ստեղծել տեղական էլիտաներ, մրցակցության արդյունքում բարելավել համայնքային կառավարումը: Հակառակ դեպքում` ականատես ենք լինելու ցավալի հետևանքների:
 
Գաղտնիք չէ, որ Քաշաթաղի շրջանից տարիների ընթացքում բազմաթիվ ընտանիքներ են հեռացել: Կա կոնկրետ թիվ, որ հրապարակային չէի ուզենա հնչեցնել: Իշխանություները դրա պատճառ են համարում թերի ենթակառուցվածքները և անորակ բնակարանները: Այնինչ պատճառը սխալ կառավարման մեջ է: Քաշաթաղից ու ոչ միայն այնտեղից մարդիկ հեռացել են անարդյունավետ ու անարդար կառավարման, կառավարիչների կամայականությունների պատճառով: Այս տարբերակով տեղական կառավարման մասին օրենք ունենալու դեպքում այդ արտագաղթը սաստկանալու է՝ իր հետ տանելով տարբեր համայնքների նախաձեռնող, ակտիվ մարդկանց:
 
Այս ելույթով ես ցանկանում եմ հանրային բանավեճ ծավալել թեմայի շուրջ: Համենայնդեպս ես անձամբ ու «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կարիք ունենք նոր գաղափարների, առաջարկների և կարծիքների և ուրախ կլինենք դրանք լսել նաև խորհրդարանում:
 
Հայկ Խանումյան
Նոյյան տապան  -   Քաղաքական