Հանրային խորհուրդն առաջարկում է հետաձգել «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենքի ընդունումը և կազմակերպել լրացուցիչ քննարկումներ


Հանրային խորհուրդն առաջարկում է հետաձգել «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենքի ընդունումը և կազմակերպել լրացուցիչ քննարկումներ

  • 27-10-2017 17:40:21   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
 Հաշվի առնելով ընտանեկան բռնության խնդրի կարևորությունը, ինչպես նաև հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝  Հանրային խորհուրդը ս.թ. հոկտեմբերի 19-ին հարցը քննարկման է դրել իր լիագումար նիստում: Քննարկմանը մասնակցել են նաև պետական ու հասարակական կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ:
 
Հանրային խորհուրդն արձանագրել է, որ օրենքի նախագծի նկատմամբ հանրային արձագանքն արտացոլում է այն իրողությունը, որ ընտանիքը հայկական արժեհամակարգի ամենակարևոր հիմնասյուներից մեկն է, որի շնորհիվ է նաև մեր ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել բազմաթիվ փորձությունների: Հենց այդ պատճառով էլ հարցը պահանջում է մանրակրկիտ ու նուրբ մոտեցում: Մյուս կողմից, ընտանիքում կատարվող բռնությունը չի կարող չմտահոգել հասարակությունը, քանի որ առնչվում է ինչպես ընտանիքին, այնպես էլ մարդու հիմնարար իրավունքներին: Այս առումով, Հանրային խորհուրդը նույնպես դատապարտում է բռնությունը ընտանիքում՝ համարելով դա ոչ հարիր մեր ազգային մտածողությանը  և գտնում, որ անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակով միջոցներ ձեռնարկել պայքարելու այդ արատավոր երևույթի դեմ:
Միաժամանակ, Հանրային խորհուրդը կիսում է հանրության այն մտահոգությունը, որ թերի օրենքի դեպքում, փորձելով լուծել որոշ ընտանիքներում առկա խնդիրը, կարող է վնաս հասցվել նաև առողջ ընտանիքներին և, առհասարակ, ընտանիքի ինստիտուտին:
Քննարկելով օրենքի նախագիծը՝ Հանրային խորհուրդը մի շարք խնդրահարույց դրույթներ է նկատում:
Ցանկացած ընտանիք ունի որոշակի կանոններ ընտանիքում: Կա երեխաների դաստիարակության խնդիր, կան հնարավոր վեճեր, որոշակի ազատության կամավոր սահմանափակումներ ընտանիքի անդամների կողմից՝ ի շահ ընտանիքի ամրության ու պահպանման: Հետևաբար, օրենքի նախագծում բռնություն հասկացությունն ու դրա դրսևորումները պետք է ունենան հստակ ձևակերպումներ՝ տարանջատելով, օրինակ, բռնություն և հարկադրանք հասկացությունները, որպեսզի կողմնակի անձանց հնարավորություն չտրվի միջամտելու ընտանեկան բնականոն կյանքին:
Օրենքի նախագծում խնդրահարույց է նաև այն, որ ՀՀ ոստիկանությանը տրված է «անհետաձգելի միջամտության որոշում» կայացնելու լիազորություն առանց դատարանի որոշման, մինչդեռ ՀՀ Սահմանադրության և գործող մյուս օրենքների ու միջազգային նորմերի համատեքստում նման գործողությունները չեն կարող իրականացվել առանց դատարանի որոշման:
Օրենքի նախագծում հստակեցված չեն ապաստարանների ձևավորման, ֆինանսավորման, վերահսկողության (այդ թվում և հասարակական վերահսկողության) հարցերը:
Օրենքի նախագծում կան դրույթներ, որոնց իրականացման մեխանիզմները մեր իրականության պայմաններում թվում են անհնարին և կրում են ձևական բնույթ:
Կան նաև այլ մտահոգություններ, որոնք բարձրացվում են տարբեր մասնագետների կողմից և արժանի են քննարկման:
Հանրային խորհուրդը կարծում է, որ օրենքի հիմնավորման մեջ պետք է ձևակերպված լինի, թե հայկական ընտանիք ասելով՝ ինչ ենք հասկանում՝ անհրաժեշտության դեպքում հղում կատարելով Ընտանեկան օրենսգրքի դրույթներին:
Պետք է ներկայացվի սոցիոլոգիական հարցումների հիման վրա կազմված վիճակագրություն, թե ընտանիքների քանի տոկոսում է տեղի ունենում բռնություն, քանի որ գիտենք, որ ՀՀ ոստիկանության տվյալները չեն արտացոլում ողջ իրականությունը:
Պետք է ուսումնասիրվի նաև միջազգային փորձը՝ պարզելու, թե ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքներ ընդունած երկրներում ինչ արդյունքներ են գրանցվել:
Հաշվի առնելով այս ամենը և չժխտելով օրենքի ընդունման անհրաժեշտությունը՝ Հանրային խորհուրդը գտնում է, որ նախագիծը թերի է, իսկ հապշտապ ընդունումը՝ վտանգավոր:
Ուստի Հանրային խորհուրդն առաջարկում է հետաձգել օրենքի ընդունումը, կազմակերպել լրացուցիչ հանրային ու մասնագիտական բաց քննարկումներ, ամենայն մանրամասնությամբ վերանայել օրենքում առկա անորոշ ձևակերպումները, որոնք օրենքի ընդունման դեպքում կարող են չարաշահումների և խնդիրն այլ նպատակների ծառայեցնելու հնարավորություն ստեղծել, կատարել խորքային ուսումնասիրություններ ու վերլուծություններ:
 
 
ՀՀ Հանրային խորհուրդ
27.10.2017
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն