Կհրապարակվի արտահերթ զեկույց հոգեբուժական հաստատություններում արձանագրված խնդիրների վերաբերյալ


Կհրապարակվի արտահերթ զեկույց հոգեբուժական հաստատություններում արձանագրված խնդիրների վերաբերյալ

  • 30-10-2017 13:25:10   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը 2017 թվականի ընթացքում մոնիթորինգային չհայտարարված այցեր է կատարել հոգեբուժական հաստատություններ: Արձանագրած խնդիրները համապարփակ ներկայացնելու նպատակով Պաշտպանը մինչև տարեվերջ հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով:
 
Այցերի ընթացքում իրականացվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրություն և արդյունքներն ուղարկվել են իրավասու պետական մարմնին: Միաժամանակ, առաջարկվել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսապայմանների բարելավման, նրանց իրավունքների ապահովման ուղղությամբ՝ ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական բնույթի առաջարկներ: 
 
Ուսումնասիրությունները հնարավորություն են տվել վեր հանված խնդիրները բաժանել երկու հիմնական խմբի՝ անձանց պահման պայմաններ և բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպում: 
 
Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում մտահոգիչ են պահման պատշաճ պայմանների, այդ թվում՝ գերբնակեցման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբոսանքի, արտաքին աշխարհի հետ նրանց կապի, նպատակային զբաղմունքների բացակայության և մի շարք այլ հարցեր: 
 
Երկրորդ խումբ խնդիրներից են հոգեբուժական հաստատություններում հարկադիր բուժման, զսպման միջոցների կիրառման անհամապատասխանությունը սահմանված չափանիշներին,  բուժման այլընտրանքային մեթոդների բացակայությունը (բացի դեղորայքային բուժումից), հաստիքների անբավարարությունը և այլն:
 
 
Հարգանքով՝
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
Նոյյան տապան  -   Իրավունք