Սյունիքի մարզպետին պատասխանատվության ենթարկելու համար՝ Սամվել Հարությունյանը դիմել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին


Սյունիքի մարզպետին պատասխանատվության ենթարկելու համար՝ Սամվել Հարությունյանը դիմել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին

  • 31-10-2017 15:02:24   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

2017թ. սեպտեմբերի 25-ին հրապարակավ հայտարարել եմ, որ «Քրոնիմետ մայնինգ» ընկերության կազմում գտնվող «Քաջարանի ՊՄԿ» ՓԲ ընկերության նախկին վարչական տնօրեն, գլխավոր տնօրենի նախկին առաջին տեղակալ, Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը կոմբինատի ֆինանսական միջոցները ծառայեցնում է մարզի մի շարք խոշորացվող համայնքերում 2017թ. նոյեմբերի 5-ին անցկացվելիք ընտրություններում իր նախաձեռնությամբ ու հովանավորությամբ առաջադրված թեկնածուների օգտին, որոնց միակ «արժանիքը» իր անձին նվիրվածությունն է:
 
 
Իր հովանավորյալ թեկնածուների կողմից բարեգործության անվան տակ իրականացվող աշխատանքները ֆինանսավորվում են հիմնականում այդ ընկերության կողմից:
 
 
Դրանք լայնորեն լուսաբանվում են զանգվածային լրատվամիջոցներով, ինչի մասին հպարտորեն հայտարարում է նաեւ ինքը:
 
 
Հանրահայտ է, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը երթեւեկում է ուղղաթիռով, որի ծախսը նույնպես, ինչպես ինքն է խոստովանում, կատարվում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կողմից:
 
 
Վահե Հակոբյանն իր գործողություններով եւ հայտարարություններով հաստատել է նաեւ, որ հենց ինքն է այդ փակ բաժնետիրական ընկերության փաստացի կառավարիչը: Ու երբեմնի հեղինակավոր այդ ձեռնարկության միջոցներն օգտագործում է իր ընդդիմախոսներին պատժելու, խոսքի ազատությունը ճնշելու, մարզի լրատվամիջոցների գործունեությունը կազմալուծելու, միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակներին հատուկ գործելակերպ հաստատելու համար:
 
 
Ակնհայտ է, որ Եվրոմիության առաջատար ու աշխարհում առաջադիմության, ժողովրդավարության օրինակ ծառայող Գերմանիայի Դաշնության Հանրապետությունում գրանցված ընկերության սեփականություն հանդիսացող Քաջարանի կոմբինատի ֆինանսական ծանրակշիռ միջոցները ՀՀ ներքաղաքական (եւ հատկապես Սյունիքի մարզի ներքաղաքական) կյանքին ու մարզպետի քիմքին ծառայեցնող՝ հիշատակածս փաստերն իսկական կոռուպցիայի ճչացող օրինակներ են: Արատավոր այդ երեւույթն ինչպես Գերմանիայի Դաշնային Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է առանձնապես ծանր հանցագործություն՝ ուղղված հայոց պետականության դեմ, այս դեպքում՝ նաեւ հայ-գերմանական բազմադարյա բարեկամության վարկաբեկմանը, ինչի վերացմանն ու դրա հեղինակ Վահե Հակոբյանին անհապաղ պատասխանատվության ենթարկելու համար դիմում ենք Ձեզ՝ ակնկալելով կարեւոր դերակատարություն:
 
 
Միաժամանակ հուսով եմ, որ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը բացառապես ազնիվ նպատակով եւ լրջորեն կնպաստի ողջ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական ու հոգեւոր-մշակութային առաջընթացին (ինչպես եղել է տասնամյակներ շարունակ, նաեւ՝ մասնավորեցումից հետո) եւ ոչ թե մեկ (իր իսկ կենսագրությունը թաքցրած, սյունիքյան հասարակությունից սարսափած) անձնավորության քմահաճույքների  կատարմանն ու անձնական իշխանության ամրապնդմանը:
 
Հարգանքով՝ 
Սամվել Հարությունյան
ք.Գորիս, հեռախոս՝ 094 50 49 42
30 հոկտեմբերի 2017թ.
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play