Եվրամիությունը Հայաստանում թիվ մեկ ուղիղ ներդրողն ու թիվ մեկ դոնորն է


Եվրամիությունը Հայաստանում թիվ մեկ ուղիղ ներդրողն ու թիվ մեկ դոնորն է

  • 31-10-2017 17:25:08   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է միջազգայնագետ Արմենակ Մինասյանցը։
 
Ինչպե՞ս եք գնահատում նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը։ Տեսակետ կա, որ եթե նոյեմբերի 15-ին Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա, հնարավո՞ր է լինեն ճնշումներ հենց ստորագրման կապակցությամբ։

 

Արևելյան գործընկերության ծրագրի սկզբնավորման առաջին իսկ օրերից ռուսական կողմը բավական ցավոտ էր տանում հետխորհրդային պետությունների ձգտումն՝ ամրապնդել և խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ։ Հետագա զարգացումները Հայաստանում, Ուկրաինայում, ինչու ոչ՝ նաև Մոլդովայում, ցույց տվեցին, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում ամենևին չի ցանկանում զիջել իր դիրքերը և ձգտելու է տարբեր եղանակներով և միջոցներով միջամտել գործընթացներին։ Հայաստանի պարագայում արդեն իսկ ունենք «սեպտեմբերի 3»-ի դառը փորձը և Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու նախադեպ։ Այնուամենայնիվ, միջազգային քաղաքականությունը և դիվանագիտությունը «եթեների» կամ «հնարավորների» դաշտում չեն, ուստի այսօր բարդ է խոսել ռուսական ճնշման մասին, քանի որ Հայաստանի դեպքում արդեն իսկ չկա «ասոցացման օրակարգ», իսկ Հայաստանն էլ մոտ երեք տարի ԵԱՏՄ անդամ է։ Քաղաքական ռիսկայնության առումով և թղթի վրա համաձայնագիրը ապահով է բոլորի համար։

 

Հայ պաշտոնյաներն ասում են, որ հիմա գնդակը Եվրամիության դաշտում է, և այսպես ամբողջ պատասխանատվությունը դնում են ԵՄ-ի վրա։ Որքանո՞վ է հավանական ստորագրման հետաձգումը՝ հաշվի առնելով, որ Յոհաննես Հանը նշել է, որ կամ գագաթնաժողովին կամ դրա մերձակայքում կստորագրվի։

 

Համաձայնագրի կնքման հետաձգումը Եվրամիության կողմից շատ քիչ հավանական է` հաշվի առնելով վերջին մի քանի շաբաթներում ԵՄ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվող հրապարակային հայտարարությունները։ Որպես այդպիսին՝ ԵՄ-ի համար չկա գեթ մեկ ողջամիտ պատճառ Հայաստանի հետ այս համաձայնագիրը չստորագրելու համար, քանի որ մասնավորապես այս պահին արդեն իսկ Եվրամիությունը հանդիսանում է Հայաստանում թիվ մեկ ուղիղ անմիջական ներդրումներ (foreign direct investments) կատարողը, Եվրամիությունը հանդիսանում է նաև Հայաստանի թիվ մեկ միջազգային դոնորը, առևտրային գործընկերը: Միայն 2016թ.-ին Հայաստանին ԵՄ կողմից տրամադրել է շուրջ 63 մլն եվրո աջակցություն։ Հատուկ հարկավոր է նշել, որ նշված գումարը և աջակցությունը չի տրամադրվել վարկի տեսքով, այլ դա ներդրում է՝ միտված Հայաստանում ինտիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը, տնտեսության արդիականացմանը և Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը։ Ուստի նոր համաձայնագիրը գալիս է պարզապես ամրագրելու և բյուրեղացնելու արդեն իսկ վերջին տարիների ընթացքում ձեռքբերվածը։

 

Տեսակետ կա, որ Հայաստան - Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրումից հետո Բրյուսելը մինչև տարեվերջ հնարավոր է սկսի ազատ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունները, և հիմնական նախապայմանը լինելու են հենց դատաիրավական բարեփոխումները, որը Հայաստանը պետք է կատարի Հայաստան-ԵՄ համաձայնագրով ձեռք բերած պայմանավորվածություններով։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է այդ պայմանագրով ձեռք բերված պարտավորությունները Հայաստանն ի զորու  կատարել։

 

Վերջին տարիների ընթացքում դատաիրավական ոլորտի բարեփոխումները հանդիսացել են Հայաստան-Եվրամիություն երկխոսության առանցքային թեմաներից մեկը և, բնականաբար, դա արտացոլվելու է նաև ազատ վիզային ռեժիմի շուրջ հնարավոր բանակցությունների վրա։ Այդուհանդերձ, առկա է նաև քաղաքական գործոն, քանի որ նման բանակցություններ մեկնարկելու համար նախևառաջ անհրաժեշտ է ստանալ ԵՄ անդամ հանդիսացող բոլոր 28 պետությունների ազգային կառավարությունների համաձայնությունը, որպեսզի Եվրահանձնաժողովին տրամադրվի բանակցային մանդատ։ Այս պահին Եվրամիությունում առկա են բավական հակասական կարծիքներ, իսկ երբեմն նաև իրարամերժ մոտեցումներ միասնական եվրոպական միգրացիոն քաղաքականության իրականացման ոլորտում։ Դրական կարելի է գնահատել այն հանգամանքը, որ Բրյուսելում Հայաստանին ազատ վիզային ռեժիմի տրամադրելու հարցը դիտարկվում է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անխափան շարժունակության և «անդրազգային շփումների» (people-to-people contacts) ապահովման ենթատեքստում։

 

Շատերը նշում են, որ համաձայնագիրը կստորագրվի, բայց իրականություն չի դառնա, իշխանությունը չի կատարի այդ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Համամի՞տ եք արդյոք։

 

Այս նոր համաձայնագրով, Եվրամիությունը Հայաստանում բավականին հստակ ուրվագծել է այն թիրախային ուղղությունները և ոլորտները, որոնցում ցանկանում է ավելի սերտորեն աշխատել Հայաստանի կառավարության հետ և ակնկալում է նաև քաղաքական մեծամասնության կողմից հստակ գործողություններ։ ԵՄ այս մոտեցումն ամրագրված է նաև նոր համաձայնագրում, մասնավորապես ԵՄ-ն ակնկալում է Հայաստանի կառավարության գործուն ներգրավում բիզնես մթնոլորտի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի և դատական համակարգի անկախության երաշխավորման ոլորտներում, ինչպես նաև հատուկ շեշտադրում է կատարվում այսպես կոչված «ժողովրդավարական օրակարգին» և մարդու իրավունքներին։ Որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ Հայաստանը պարտավորված է լինելու բարեխղճորեն կյանքի կոչել իր ստանձնած միջազգային նոր պարտավորությունները։ Համաձայնագրի լիարժեք կյանքի կոչման գործում իր դերակատարումը պետք է ունենա նաև քաղաքացիական հասարակությունը։

 

Հայաստան-ԵՄ համաձայնագրի կետերից մեկը վերաբերում է ԱԷԿ-ը փակելուն։ Դուք որքանո՞վ եք հնարավոր համարում էներգետիկայի ոլորտում դիվերսիֆիկացիան այս փուլում։

 

Էներգետիկ անվտանգությունը և էներգետիկայի ոլորտում դիվերսիֆիկացիան Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր են։ Դրանք նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցեր են։ Ընդհանրապես, ԱԷԿ-ների մասով Եվրամիությունը բավական խիստ և արդեն իսկ ձևավորված մոտեցում ունի։ Ժամանակին, երբ Լիտվայի Հանրապետությունը պետք է անդամակցեր Եվրամիությանը և քաղաքական մակարդակում արդեն իսկ գոյություն ուներ կայացված որոշում, Լիտվայի իշխանությունների առջև պայման էր դրվել փակել «Իգնալինա» ԱԷԿ-ը, որը 2004 թ. դրությամբ ապահովում էր Լիտվայի էներգետիկ պահանջի մոտ 70%-ը: Լիտվական իշխանությունները բնականաբար գնացին զիջման` փակեցին ԱԷԿ-ն ու ԵՄ-ի կողմից ստացան այլ հավելյալ երաշխիքներ և արտոնություններ էներգետիկ անվտանգության ոլորտում, ինչպես նաև գործիքներ էներգետիկ դիվերսիֆիկացիայի համար։ Լիտվան այդ ժամանակ պատրաստվում էր ԵՄ անդամակցությանը, ուստի խաղադրույքները լրիվ այլ էին։ Չեմ կարծում, որ այսօր Հայաստանի պարագայում, երբ չկա անգամ «Ասոցացման համաձայնագրի» օրակարգ, Եվրամիությունը պատրաստ է նմանատիպ աջակցություն տրամադրել ու երաշխավորել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, Հայաստանի էներգետիկ ոլորտում Ռուսաստանը կատարյալ մենաշնորհ է վայելում։ 

 

 

 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play