«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձեւն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում». Արմեն Աշոտյան


«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձեւն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում». Արմեն Աշոտյան

  • 01-11-2017 17:17:34   | Ուկրաինա  |  Քաղաքական

 
ՀՀ ԱԺ պատվիրակությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Կիեւում մասնակցում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: 
ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը Կիեւից հայտնել է, որ վեհաժողովի աշխատանքների համար խորհրդարանական պատվիրակության կողմից պատրաստվել եւ շրջանառվել է «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձեւի հրատապ նախագիծ, որն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստում: 
 
Ընդունված բանաձեւը հղում է կատարում միջազգային բազմաթիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի, այդ թվում նաեւ ռոբոտաշինության ոլորտի 116 հիմնադիրների եւ 26 պետությունների առաջատար կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ին հղված նամակին՝ մահացու զենքերի մարտահրավերներին հրատապ կերպով արձագանքման անհրաժեշտության եւ դրանց միջազգային կիրառման սահմանափակումների առնչությամբ: 
«Հայկական պատվիրակության ներկայացրած բանաձեւը նախեւառաջ վերաբերում է վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը: Այս կապակցությամբ հարկ է հիշատակել վերջին շրջանում Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից զենքի վաճառքի եւ արտահանման հետ կապված իսրայելական արտադրողի լիցենզիայի ժամանակավոր կասեցման նախադեպը՝ կապված Ադրբեջանի հորդորով Լեռնային Ղարաբաղում դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածների հետ»,- հաղորդել է պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: 
Ընդունված բանաձեւի համապատասխան կետով Վեհաժողովը կարեւորում է ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը միջազգային իրավական նորմերի շրջանակում, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ ինքնավար զենքերի թիրախավորված կիրառումը: Արեւելյան գործընկերության երկրներին նաեւ կոչ է արվում նպաստելու թափանցիկ եւ հաշվետու քաղաքականության իրականացմանը՝ կապված մարդասպան ռոբոտների կամ այսպես կոչված «killer robot»-ների կիրառման հետ: Բանաձեւում կարեւորվել է նաեւ հակամարտության գոտիներում հետաքննության մեխանիզմների ներդրումը՝ նպատակ ունենալով բացահայտել եւ կանխարգելել այնպիսի մեխանիզմները, որոնք ուղղված կլինեն հակամարտության գոտիներին հարակից տարածքներում ապրող խաղաղ բնակչության նկատմամբ կամայական գործողությունների իրականացմանը: 
Բանաձեւին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական