«Երբ ազատությունը սկսում է մոտենալ ամենաթողության, վերածվում Է այլանդակության»


«Երբ ազատությունը սկսում է մոտենալ ամենաթողության, վերածվում Է այլանդակության»

  • 02-11-2017 23:02:25   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
«Օրենքն ընդունելիս պետք է հաշվի առնել տվյալ ժողովրդի պատմական անցյալը, բարոյական կերպարը, հոգեբանությունը եւ մտածելակերպը: Մենք չենք կարող այսօր օտար երկրներում ձեւավորված օրենքները բերել եւ նույն կերպ աճեցնել մեր հողից ներս»: Մեզ հետ զրույցում, անդրադառնալով «Ընտանեկան բռնության մասին» սկանդալային օրենքի նախագծին, այս տեսակետը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տան հոգեւոր տեսուչ, տնօրեն Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Մեկնաբանելով իր կարծիքը` մեր զրուցակիցն ընդգծեց.
«ԱՅԼԱՍԵՐԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՅԼԱՍԵՐԵԼ ԱԶԳԸ»
- «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի այլասերել ընտանիքի եւ ազգի կերպարը: Նմանատիպ օրենք մտցրեցին Նորվեգիայում, Շվեդիայում եւ այնտեղ անգամ սկսեցին ինցեստի գաղափարի մասին խոսել` իբրեւ ընտանիքին ազատություն տալու համար հարկավոր էր ինցեստը ընդունել: Այսինքն, ընդունել մի օրենք, ըստ որի, կթույլատրվի ծնողներին՝ իրենց զավակների հետ հարաբերություն ունենալ: 
«Ընտանեկան բռնության մասին» օրենքը միտում ունի այլանդակել եւ կերպարանափոխել ընտանիքի կերպարը: Որովհետեւ ընտանիքը ազգի մանրապատկերն է, երբ փորձում են այլասերել ընտանիքի պատկերը, նշանակում է` ուզում են այլասերել ազգի պատկերը
«ՕՐԵՆՔ ԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ, ՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԱՅԼԱՆԴԱԿԵԼՈՒ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐՊԱՐԸ»
- Եթե նախկինում եղել է խստություն՝ զավակի ձեւավորման գործում, ապա դա ուներ ոչ թե երեխայի հոգեկան կերպարը աղավաղելու նպատակ, այլ` երեխային կաղապարելու: Որպեսզի նրա մարդկային կերպարը լինի ճիշտ կերպարի մեջ: Ազատությունը շատ հրաշալի բառ է, բայց երբ այն սկսում է մոտենալ ամենաթողության, վեր  է ածվում այլանդակության: Երեխային իրավունք տալը շատ լավ է, բայց երեխան պետք է այն ընկալելու եւ հասկանալու գիտակցությունը ունենա, թե ինչ է նշանակում իրավունք: Երեխան պետք է հասկանա, որ ինչքան էլ իրավունք ունի, ունի նաեւ պարտականություն: Բայց երեխային տալ իրավունք՝ առանց պարտականության զուգորդման, ոչ այլ ինչ է, քան նրա մեջ ձեւավորել ամենաթողություն: Իսկ դա մտածված, կանխամտածված երեւույթ է՝ այլանդակել երեխայի մտածողության պատկերը: Ես նորից եմ կրկնում` մենք կարիք չունենք այլոց օրենքները բերել եւ արհեստականորեն աճեցնել մեր երկրում: Սա մեզ համար կլինի ապազգայնացման, ընտանիքի պառակտման եւ քայքայման միջոց: Ամենահրաշալի օրենքն անգամ պետք է համապատասխանեցվի մեր ազգային հոգեբանությանը, մտածելակերպին եւ մենթալիտետին: Սա իմ անձնական կարծիքն է, որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանություն հասկացողությունը, երբ տարիներ առաջ սահմանվեց, այն եկավ մարդկային ինչ-որ մի խմբի շահը պաշտպանելու` անտեսելով այլոց շահերը: Եթե դա ստեղծվում է ինչ-որ հատուկ խմբի համար, ուրեմն ինքնանպատակ օրենք է, եւ ոչ թե հավաքականության ձեւավորման, հավաքականությունը բարոյական կերպարի մեջ դնելու օրենք: Այնպես որ, ես կարծում եմ, որ մենք պետք է շատ խոհեմ կերպով մոտենանք սրան, ինչպես Քրիստոսն էր ասում. «Եղեք բարի աղավնիների նման, բայց օձերի նման եղեք խորագետ»: Օրենքն ընդունելիս մեզ հարկավոր է այդ խորագիտությունը, ոչ թե ինչ-որ անհատների կարծիքները, որոնք գրանտներ են ստացել եւ նպատակ ունեն զուտ իրենց գրպանը կամ բանկային հաշիվները հարստացնեն: Այսօր մեզ օրենք են պարտադրում, որը գալիս է այլանդակելու մեր ազգային կերպարը, ընտանիք հասկացողությունը, մանուկի դաստիարակությունը: Պետք է առաջին հերթին մեզ հարց տանք՝ ի՞նչն է պատճառը: Եթե ընտանեկան բռնություն է, արդյո՞ք այդ բռնությունը իրապես բխում է բռնությունից, թե՞ այդ բռնությունն ինչ-որ կյանքի դժվարություններից է գալիս: Օրենքը չի կարելի ստեղծել ինքնանպատակ, այն պետք է  ծառայի մարդուն եւ ոչ օրենքը ծառայեցվի մարդուն` ի շահ ինչ-ինչ նպատակների կամ գաղափարների:
 
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք