Հայաստանի մաքսային համակարգը` «Մաքսային ծառայություն 2017» միջազգային ցուցահանդեսում


Հայաստանի մաքսային համակարգը` «Մաքսային ծառայություն 2017» միջազգային ցուցահանդեսում

  • 03-11-2017 11:28:03   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 25-26-ը մասնակցել է «Մաքսային ծառայություն 2017» միջազգային ցուցահանդեսին: Այն անց է կացվում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում արդեն 18-րդ անգամ:
 
Ցուցահանդեսը համախմբել է ոչ միայն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պատվիրակություններին, այլև ՌԴ-ում այլ երկրների հավատարմագրված մաքսային կցորդներին և Համաշխարհային մաքսային կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի գլխավորությամբ: Հայաստանի մաքսային ծառայության տաղավարն այցելուների ուշադրությունը հատկապես գրավել է վերջերս արդիականացված սահմանային անցակետերով և առևտրի «մեկ պատուհան» ընթացակարգով: ՌԴ մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի և առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովի հետ երկկողմ հանդիպումներին հայաստանյան գործընկերները ներկայացրել են հայ-վրացական արդիականացված սահմանային անցումային կետերում կատարված աշխատանքները, դրանց արդյունքում արձանագրված դրական ցուցանիշները, ինչպես նաև ապրանքաշրջանառության և ուղևորների փոխադրման ծավալի աճի մասին վիճակագրական տվյալներ: ՊԵԿ պատվիրակությունը նկարագրել է նաև «մեկ պատուհան» ազգային ծրագրի առանձնահատկությունները, տնտեսվարողի և, ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի վրա դրա ունեցած դրական ազդեցությունը, որն արտահայտվում է ապրանքների արագ փոխադրմամբ և մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածի կրճատմամբ:
ՀՀ մաքսային ծառայության պատվիրակությունն ընդգրկվել է նաև «Մաքսային ծառայությունը բիզնեսի և պետության համար» խորագրով լիագումար նստաշրջանում, որին մասնակցում էին ՀՄԿ գլխավոր քարտուղարը, ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, պաշտոնատար այլ անձինք: Նստաշրջանի ավարտին ներկայացվել է «Արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ մասնակիցների խարտիայի հավանության մասին» հայտարարությունը:
Ցուցահանդեսի ընձեռած հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել բիզնեսի ներկայացուցիչներին նմանատիպ միջոցառումներում ավելի շատ ներգրավելու, նրանց հետ անմիջական երկխոսություն հաստատելու ուղղությամբ:
«Մաքսային ծառայություն 2017» միջազգային ցուցահանդեսն անց է կացվում մաքսային ծառայողի օրվան ընդառաջ, որը Ռուսաստանում նշվում է հոկտեմբերի 25-ին: Այն հարթակ է տրամադրում ԵԱՏՄ անդամ երկրներին՝ ներկայացնելու մաքսային ծառայությունների վերջին տարիների ձեռքբերումները, բարեփոխումները և նոր ծրագրերը:
 
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ 
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն