Նոր Քրեական օրենսգրքով ՀՀ-ում գեյ-շքերթները, միասեռական ամուսնությունները խոչընդոտողները քրեական պատասխանատվության կենթարկվեն. Հ. Այվազյան (տեսանյութ)


Նոր Քրեական օրենսգրքով ՀՀ-ում գեյ-շքերթները, միասեռական ամուսնությունները խոչընդոտողները քրեական պատասխանատվության կենթարկվեն. Հ. Այվազյան (տեսանյութ)

  • 04-11-2017 00:45:21   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
Քրեական օրենսգրքի նոր նախագծով՝ ԼԳԲՏ համայնքին վերաբերող միջոցառումները՝ միասեռական ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրումը, գեյ-շքերթները խոչընդոտելու դեպքում քաղաքացիները կենթարկվեն քրեական պատասխանատվության։
 
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանը։
 
Նրա տեղեկացմամբ՝ արդեն հրապարակվել է Քրեական օրենսգրքի նոր նախագիծ, որի 197-րդ հոդվածով նախատեսվում է քրեական պատիժ սահմանել խտրականության կիրառման համար։ Թվարկված է՝ ինչ հիմքով խտրականության համար կարող է կիրառվել քրեական պատասխանատվություն, և դրանց թվում նշված է նաև սեռական կողմնորոշումը։
 
«Միջազգային նորմերի տեսանկյունից խտրականության դրսևորում է համարվում միասեռ ամուսնությունները, միասեռականների կողմից երեխա որդեգրելու իրավունքը, ազատ հավաքներ անելու՝ գեյ-շքերթներ ասվածը, իրենց ապրելակերպը անարգել քարոզելու իրավունքը խոչընդոտելը։ Եթե այս օրենքն ընդունվի, ապա Հայաստանում այս բոլոր նշված իրավունքների խախտման դեպքում մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության»,- նշեց Հայկ Այվազյանը։
 
Ըստ նրա՝ այս օրենսգրքի ընդունման դեպքում հայ հասարակությունը օրենքով կենթարկվի ճնշումների փոքրամասնության կողմից։ Նրա խոսքով՝ մինչ այս էլ ԼԳԲՏ համայնքը բավականին շատ էր հանրային միջոցառումներ կազմակերպում, բայց օրենքով պաշտպանված լինելու դեպքում դրանք անհամեմատ ավելի կշատանան։
 
«Սա ևս մեկ պարտադրանք է ԵՄ-ի կողմից։ Սա լավագույն նվերն է մեր թշնամիներին, եթե նման իրավական ականներ ներդրվեն մեր պետությունում»,- ընդգծեց նա։
 
«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ հիմնադիր անդամ Լիա Ավետիսյանն էլ հայտնեց, որ այս նախագիծը կոռուպցիայի բուծարան է։ Ըստ նրա՝ Քրեական օրենսգրքում խտրականության մասին դրույթները լղոզված են և շատ անորոշ։
 
«Դատավորը սրանով կարող է ցանկացած մարդու դատել հանուն հասարակության մեջ շատ փոքր բջիջի։ Մերը այլախոհության դեմ պայքար է։ Այլևս ոչ ոք իրավունք չունի ոչինչ ասել համասեռականներին, իշխանությունն անցնում է իրենց։ Սա հեղաշրջման պլան է»,- ասաց նա։
 
Հակոբ Ասլանյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք