Ո՞վ կարող է հավատալ, որ միասեռականության քարոզչությամբ զբաղվողներն առավել շահագրգիռ ու մտահոգված են մեր երեխաների իրավունքների պաշտպանությամբ (տեսանյութ)


Ո՞վ կարող է հավատալ, որ միասեռականության քարոզչությամբ զբաղվողներն առավել շահագրգիռ ու մտահոգված են մեր երեխաների իրավունքների պաշտպանությամբ (տեսանյութ)

  • 04-11-2017 23:43:02   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
Այսօր «Թեքեյան կենտրոն»-ի համաժողովների դահլիճում կայացավ ««Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ որպես ընտանեկան և հոգևոր արժեհամակարգի դեմ սպառնալիք թեմայով» համաժողովը։
Համաժողովը նախաձեռնել էր «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնությունը՝ «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի, «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի և «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության հետ համատեղ:
Համաժողովում զեկույցով հանդես եկավ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը, եղան նաև բազմաթիվ այլ ելույթներ: Քննարկվեցին հիշյալ օրենքի նախագծում առկա տարաբնույթ վտանգները, հակասահմանադրական դրույթները, համապատասխան միջազգային կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) հիմնական հասկացություններում առկա վտանգները, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից ս.թ. հոկտեմբերին ներկայացված Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկը՝ խտրականության վերաբերյալ 197-րդ հոդվածում «սեռական կողմնորոշում» հասկացությունը մտցնելու և անձի նկատմամբ, կախված նրա սեռական կողմնորոշումից (միասեռական, զոոֆիլ կամ այլ այլասերված լինելուց), ցանկացած տեսակի խտրականություն քրեորեն պատժելի համարելու վերաբերյալ:
Համաժողովի մասնակիցների կողմից գնահավեցին հոգևոր և ընտանեկան արժեհամակարգի դեմ ուղղված արդի սպառնալիքները, ինչպես նաև առաջարկվեցին լուծումներ՝ նպատակաուղղված դրանց դիմագրավմանը և չեզոքացմանը:
«Այն օրենքը, որը, այսպես կոչված, ընտանիքներում բռնությունների դեմ է պայքարում, իրականում լրիվ այլ նպատակներ ունի»,- ասաց Հայկ Նահապետյանը:-Առաջինը. դաստիարակությունը յուրաքանչյուրս մեր ընտանիքներից ստացել ենք, և ավանդույթի ուժով, աշխարհճանաչողությամբ, լավ ու վատի, չարի ու բարու ընկալումներով փոխանցում ենք մեր զավակներին, այս օրենքով փորձ է արվում խլել մեր զավակներին դաստիարակելու իրավունքը` խրատով, հանդիմանությամբ ու պատժով»:
Պատիժը, ըստ բանախոսի, ֆիզիկական բռնությունը չէ, պատիժն այն արգելքներն են, որոնցով մենք մեր զավակներին հետ ենք պահում բազում գայթակղություններից, բազում սխալներից: Հայկ Նահապետյանը հիշեցրեց` Աստծո պատվիրաններից մեկն ասում է, որ զավակներն ևս պարտավորված են իրենց ծնողների առաջ, և ասում է` պատվիր քո ծնողներին: Նախաձեռնության համակարգողի հավաստմամբ, այդ պատվիրանն ևս մեզանից փորձում են խլել, որպեսզի մեր զավակներն այլևս ծնողների խրատական խոսքը չլսեն, իրենք իրենց ցանկացածն անեն, իրենք իրենց, այսպես կոչված, իրավունքների գայթակղությանը տրվելով, որպես մանիպուլացված անչափահասներ, դյուրին կերպով դառնան գործիք այն ուժերի ձեռքին, ովքեր փորձում են այս կարգի օրենքները Հայաստան մտցնել:
«Երեխաների իրավունքների պաշտպանությամբ, պարզվում է, մեր ընտանիքներում ծնողներից զատ, մոտ հարազատներից` պապից, տատից զատ, առավել շահագրգիռ ու մտահոգված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները»,- ասաց Հայկ Նահապետյանը: 
Դրանք այն հասարակական կազմակերպություններն են, որոնց մի մասը Հայաստանում միասեռականության քարոզչությամբ է զբաղվում: Իբր ընտանեկան բռնության դեմ ուղղված օրենքի նախագիծը 2013թ. առաջին անգամ հենց այդ կազմակերպությունների կողմից էր Ազգային ժողով և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացվել:
Համաժողովում Հայկ Նահապետյանի և այլոց ելույթներին առավել հանգամանորեն կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք