Հայաստանի և Օմանի ԱԳՆ պատվիրակությունները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր


Հայաստանի և Օմանի ԱԳՆ պատվիրակությունները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

  • 06-11-2017 19:21:38   | Օման  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 5-ից 6-ը Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Օմանի արտգործնախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, օմանական կողմից՝ ԱԳ նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ Մուհամմադ բին Աուադ ալ-Հասանը:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, երկուստեք գոհունակությամբ նշվել է երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ և բարեկամական հարաբերությունները և նման խորհրդակցությունների պարբերական անցկացման կարևորությունը:
 
Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, այդ թվում քննարկվել են Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների միջև ս.թ. փետրվարին Մյունխենում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Կողմերը անդրադարձան նաև առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային փոխգործակցության, զբոսաշրջության խթանմանն ուղղված քայլերին: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և ենթատարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ: Խորհրդակցությունների շրջանակներում հատուկ ընդգծվել են և պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Օմանի միջև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:
 
Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների փոխգործակցության խորացման ու ամրապնդման հեռանկարներին և կարևորել այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի համար աշխատանքային օրակարգի մշակման անհրաժեշտությունը:
 
Փոխնախարար Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը, խորհրդակցությունների շրջանակում, հանդիպումներ է ունեցել նաև Օմանի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ռաուիա ալ Բուսաիդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բարձրագույն կրթության բնագավառում փոխշահավետ համագործակցության հեռանկարները: 
 
Այցի ընթացքում Արմեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել նաև Օմանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սաին ալ Կիյումիին և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն