3-ամյա երեխային պատանդառած տղամարդը գիտակցել է՝ ինչ է անում եւ իրեն մեղավոր չի ճանաչում.armtimes.com


3-ամյա երեխային պատանդառած տղամարդը գիտակցել է՝ ինչ է անում եւ իրեն մեղավոր չի ճանաչում.armtimes.com

  • 07-11-2017 18:24:25   | Արմավիրի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com. Հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելո եւ սպանության փորձի մեջ մեղադրվող Արգամ Հովիկյանը ներկայումս գտնվում է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրան մի քանի օրից կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
 
Մեր զրույցում նրա պաշտպան Արսեն Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, մասնավորապես մեղավոր չի ճանաչում սպանության փորձի համար: Նա ասաց, որ մինչեւ իր ներգրավումը Հովիկյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն հիմա համաձայն է ցուցմունք տալ:
 
Մեր հարցին, թե վնասզերծման պահին իր պաշտպանյալի նկատմամբ բռնություն գործադրվե՞լ է, պաշտպանը բացասական պատախան տվեց: «Ըստ իր խոսքերի՝ ինքը կամովին երեխային բաց է թողել եւ ինքնավնասում արել: Ասաց, որ բանակցություններ վարելու ժամանակ էլ է հայտարարել, որ երեխային չի վնասելու»,- ասաց Սարգսյանը:
 
Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք Արգամ Հովիկյանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, Արսեն Սարգսյանը պատասխանեց, որ դա պարզելու համար փորձաքննություն է նշանակված, որի եզրակացությունը դեռ չի ստացվել: Խոսակցություններ կային նաեւ, որ Հովիկյանը թմրամիջոցներ է օգտագործում. պաշտպանի խոսքով՝ ըստ Արգամ Հովիկյանի հայտարարության՝ ինքը կյանքում թմրամիջոց չի օգտագործել, իսկ ալկոհոլ օգտագործել է միայն առիթից առիթ. «Այդ օրն էլ գուցե առավոտյան ուտելիս մի բաժակ գուցե խմած լինի: Հիմա փորձաքննության պատասխաններից ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց պաշտպանը: Մեր ճշտող հարցին, այսինքն դեպքի պահին գիտակցե՞լ է, ինչ է անում, պաշտպանը դրական պատասխան տվեց. «Իհարկե գիտակցել է»: Մյուս դիտարկմանը, որ խոսակցություններ կային, թե Արգամ Հովիկյանը հոգեկան խնդիրրներ ունի, Արսեն Սարգսյանը հերքեց: «Շատ գիտակից, խելացի պատասխաններ էր տալիս ինձ հետ զրույցում»,- մասնավորապես նշեց նա: Հարցին, այնուամենայնիվ պատմե՞լ է, թե ինչու է նման ծայրահեղ քայլի գնացել, Սարգսյանն ասաց, որ այդ հարցին կանդրադառնա Հովիկյանի ցուցմունքից հետո միայն:
 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արգամ Հովիկյանը հոկտեմբերի 30-ին շուրջ 4 ժամ պատանդ էր պահել «Մանուշակ» մանկապարտեզի սաներից մեկին՝ 3-ամյա Հմայակին: Նա պահանջում էր նախկին կնոջը: Մանկապարտեզ մտնելուն պես նա դանակով հարձակվել է նախկին կնոջ տատի՝ մանակապարտեզի վարիչ Ռոզա Վարդանյանի վրա, իսկ երբ նախկին կինն է հասել, նրան նույնպես վնասվածքներ է պատճառել. կնոջը հաջողվել է դիմել փախուստի, ինչից հետո Արգամ Հովիկյանը կողքի սենյակում գտնվող 3-ամյա Հմայակին պատանդ է վերցրել: Ի սկզբանե պատանդ է վերցվել մեկ երեխա:
 
«Մանուշակ» մանկապարտեզի վարիչը թեթեւ վնասվածքներ է ստացել պարանոցի հատվածում: Վնասվածքներ է ստացել նաեւ նրա նախկին կինը:
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի  218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով (պատանդ վերցնելը, որը կատարվել է զենքի գործադրմամբ՝ ակնհայտ անչափահասի նկատմամբ):
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը