«Թալին-1» արևային կայանի գործարկմամբ սկիզբ է դրվում Հայաստանում 1 ՄՎտ հզորությամբ կայանների կառուցման շքերթին


«Թալին-1» արևային կայանի գործարկմամբ սկիզբ է դրվում Հայաստանում 1 ՄՎտ հզորությամբ կայանների կառուցման շքերթին

  • 07-11-2017 18:35:40   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Թալին քաղաքում այսօր գործարկվեց Հայաստանում ամենամեծ՝ 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանը, որի ներդրումային փաթեթն արժեցել է 1 մլն դոլար: 
 
20 օրում կառուցված կայանի նախագիծն իրականություն է դարձել հայաստանցի ներդրողների՝ Էդուարդ Մարությանի, Արայիկ Կարապետյանի, Զավեն Սարգսյանի, Հայկ Չոբանյանի միջոցներով և «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակներում համաֆինանսավորվել Գերմանահայկական հիմնադրամի և KFW Բանկի կողմից՝ Կոնվերսբանկ ՓԲԸ-ի միջոցով: 
 
«Թալին-1» արևային կայանի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, «Սոլար Փրոդակշն» և «Արփի Սոլար» ընկերությունների գործընկերները: 
 
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Արփի Սոլար» ընկերության տնօրեն Հայկ Չոբանյանը,  «Թալին-1» էլեկտրակայանի բացմամբ՝ Հայաստանում սկիզբ է դրվում 1ՄՎտ հզորությամբ այլ կայանների կառուցման շքերթին:  
 
«Արևային կայանների կառուցման և շահագործման հարցում մենք մի քանի առավելություններ ունենք. Առաջինը դա մեր բնակլիմայական նպաստավոր պայմաններն են, երկորդն այն է, որ մենք կարողանում ենք այդ կայանների կառուցման բուն ինժեներական աշխատանքները կատարել մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում՝ ուղիղ 20 օրում»,- նշեց նա՝ հավելելով, որ «Արփի Սոլար» ընկերությունն առաջնային դեր է ունենալու արևային մյուս էլեկտրակայանների կառուցման և շահագործման հարցում: 
 
Հ. Չոբանյանի խոսքերով՝ առաջիկայում Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում տարվող քաղաքականությունը բարենպաստ կլինի ներդրումային միջավայրի համար: 
 
«1 ՄՎտ հզորությամբ կայանը նախատեսված է միջինը 400 ընտանիքի համար. Իրականում մեր երկրի հնարավորությունները շատ ավելի մեծ են, և կարծում եմ, որ առաջիկա տարիներին մենք մի քանի 100 գիգավատ ներդրման հնարավորություն կունենանք»,- ասաց նա` շեշտելով, որ արևային էներգետիկայի զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի:
 
Հ. Չոբանյանի կարծիքով՝ արևային էներգետիկայի զարգացման համար մյուս հզոր տարածքը Սևանի ավազանն է, որտեղ էլ կառուցվելու է հաջորդ արևային կայանը: 
 
Նրա համոզմամբ՝  3-5 տարի հետո արևային էլեկտրակայանների ինտեսիվությունն էլ ավելի կմեծանա մարտկոցների կամ կուտակիչների շուկայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին: 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ