Ատոմակայանը որքան երկար աշխատի, այնքան վտանգավոր կդառնա. գիտնական


Ատոմակայանը որքան երկար աշխատի, այնքան վտանգավոր կդառնա. գիտնական

  • 08-11-2017 16:46:09   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Հայաստանը կարող է ունենալ զարգացած տնտեսություն ատոմակայանով և առանց դրա»,- համոզված է «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը: 
 
Վերջինս, անդրադառնալով ՀՀ նախագահի այն հայտարարությանը, թե Մեծամորի ատոմակայանի շահագործումը երկարաձգվելու է մինչև 2027 թվականը, նշեց, որ գումարով ատոմակայանի կյանքը երկարացնելը հարցի լուծում չէ: 
 
Ըստ նրա՝ ատոմակայանը որքան երկար աշխատի, այնքան վտանգավոր կդառնա: 
 
«Ատոմակայանն այն կառույցը չէ, որտեղ կարելի է փող աշխատել, այն ունի լուրջ վտանգներ, անհրաժեշտ է այս հարցը դարձնել քննարկման առարկա, լսել մասնագետների խոսքը»,- նկատեց Վ. Համազասպյանը՝ հիշեցնելով Ֆուկուսիմայի և Չեռնոբիլի դեպքերի մասին։
 
Գիտանականի համոզմամբ՝ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը և արևային էներգետիկայի զարգացումը ոչ թե խանգարում են իրար, այլ՝ փոխլրացնում, հետևաբար անհրաժեշտ է շեշտը դնել այլընտրանքային էներգետիկայի վրա: 
 
«Հայաստանը ունի այդ հնարավորությունը․ պետք է ոչ միայն այն զարգացնել, այլև ստեղծել արդյունաբերական նոր ոլորտ և դուրս գալ միջազգային շուկա։ Այստեղ կարող ենք կազմակերպել այնպիսի արևային տեխնիկայի արտադրություն, որը կիրառելի կլինի նաև Եվրոպայում, սա հիանալի համագործակցություն կլինի»,- ընդգծեց  Վահան Համազասպյանը: 
 
Նրա պնդմամբ՝ Հայաստանի միայն գյուղական բնակավայրի հելիոֆիկացիան թույլ կտա ստանալ այնքան ջերմային էներգիա, որը կփոխարինի 5 հայկական ատոմակայանի տված ջերմային էներգիային։
 
Անդրադառնալով Սպիտակի վերելակների գործարանի փակմանը՝ բանախոսը նշեց, որ դա իրենց ծրագիրը խափանելու, խոչնդոտելու ևս մեկ դրսևորում է, քանի որ որոշվել էր այնտեղ ստեղծել հելիոտեխնիկական սարքերի գործարան։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ