Լևոն Ալթունյանը բուժաշխատողներին ներկայացրել է 2018թ. սոցիալական ուղղվածությամբ ծրագրերը.ԱՆ


Լևոն Ալթունյանը բուժաշխատողներին ներկայացրել է 2018թ. սոցիալական ուղղվածությամբ ծրագրերը.ԱՆ

  • 08-11-2017 19:21:59   | Հայաստան  |  Հասարակություն

Այցելելով «Արմենիա» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն` Լևոն Ալթունյանը ծանոթացել է բաժանմունքների գործունեությանը,   իրականացվող շինարարական աշխատանքների և  կենտրոնի տեխնիկական համալրման ընթացքին։
 
Նախարարն առաջարկել է  վերակառուցվող բաժանմունքները՝ մասնավորապես նախավիրահատարանները, վիրասրահները, հետվիրահատական հատվածը հնարավորինս համապատասխանեցնել  գործող չափանիշներին` այդ հարցում առաջարկելով նախարարության մասնագետների աջակցությունը։
 
Կենտրոնի գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանը Լևոն Ալթունյանին ներկայացրել է տիրող իրավիճակը, առկա խնդիրները և հետագա ծրագրերը, որոնք միտված են բնակչությանն առավել որակյալ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելուն:
 
Ծանոթացնելով սրտաբանական ծառայության գործունեությանը`  տնօրենը նշել է, որ անոթագրության (անգիոգրաֆիկ )սարքն  արդյունավետ կիրառվում է ոչ միայն ինտերվենցիոն սրտաբանության, այլև անոթային և նյարդավիրաբուժության ոլորտներում, ուստի նպատակ ունեն ևս մեկ նմանատիպ սարքավորում ձեռք բերելու: Կենտրոնը ներառված է սրտի անհետաձգելի վիրահատությունների («Stent for life») ծրագրում։ Ծառայության ղեկավարը փաստել է, որ ծրագիրը գործում է բավական արդյունավետ:
 
Մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում նաև հիվանդանոցի վիրաբուժական, վերակենդանացման, էնդոկրինոլոգիական, ինչպես նաև նեղ մասնագիտական այլ բաժանմունքներ։
 
«Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է նաև առկա խնդիրներով և դժվարություններով:
 
 «Մենք մեծ գոհունակությամբ ենք ընդունում նախարարության կողմից իրականացվող այն բարեփոխումները, որոնք միտված են բնակչության բժշկական օգնության բարելավմանը, ինչպես նաև բժշկին աջկցմանը։ Ակնհայտ է, որ Դուք հնարավորինս ձգտում եք բարելավել մարդկանց բժշկական օգնության ապահովումը։ Մեզ համար, իհարկե, կան նաև դժվարություններ։ Սակայն, հաղթահարելով դրանք, ընդգրկվում ենք համակարգի առաջընթացին»,-ասել է սրտաբանական կլինիկային ղեկավար Մայրանուշ Դրամփյանը։
 
Բուժաշխատողների հետ քննարկվել են սոցփաթեթի շահառուների բժշկական սպասարկմանը, կլինիկական ուղեցույցների, ինչպես նաև  պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը վերաբերող և այլ հարցեր։
 
Նախարար Ալթունյանը, շնորհակալություն հայտնելով բժիշկներին իրենց մասնագիտական պարտքը պատշաճ կատարելու համար, հորդորել է բացի մասնագիտական օգնությունից ավելի շատ խոսել հիվանդների հետ, նրանց ծանոթացնել ինչպես իրենց իրավունքներին, այնպես էլ` բուժման սպասվելիք արդյունքներին։ «Երբ հիվանդն զգում է, թե ինչպես են հոգում իր մասին` ավելի շատ է վստահում բժշկին»,-ասել է նախարարը։ Անդրադառնալով 2018թ. առողջապահության բյուջեով նախատեսվող ծրագրերին` Լևոն Ալթունյանն ընդգծել է դրանց սոցիալական ուղղվածությունը։
 
«2018 թվականին մենք կհասնենք նրան, որ Հայաստանի սոցիալապես անապահով և հատուկ խմբերի քաղաքացիները կունենան պետության կողմից ձեռք բերվող բժշկական ապահովագրություն` ստանալով պատշաճ բժշկական օգնություն»,-ասել է նախարարը։
Նոյյան տապան  -   Հասարակություն