Փոքրիկների ակնային եզակի վիրահատություն Երեւանում


Փոքրիկների ակնային եզակի վիրահատություն Երեւանում

  • 09-11-2017 15:37:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Բարդ գործողությունն իրականացնում էր ճանաչված վիտրեոռետինալ վիրաբույժ Թադեւոս Հովհաննիսյանը, իսկ աշխատանքին հետեւում էր հանրաճանաչ վիրաբույժ Թոմաս Լին
 
Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում երկու փոքրիկ տղաների վիրահատություն էր՝ եզակի ծավալով եւ բարդությամբ. անհրաժեշտ էր հեռացնել նրանց կատարակտը եւ ակնային սպին, որ խանգարում էր աչքի բնականոն աճին: 
«Ծնվելուց հետո երեխաների թերի զարգացման պատճառով զարգացել է մի վիճակ, որը խանգարում է թե՛ տեսողությունը, թե՛ աչքի բնականոն աճին, - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի վիրաբույժ Թադեւոս Հովհաննիսյանը: - Մենք փորձում ենք ուղղել այդ խնդիրը, որպեսզի արդյունքում նրանք առողջ տեսողություն ունենքն»: Երկու երեխաների առողջական վիճակը մի քանի շաբաթ է՝ քննարկվում է Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի միջազգային մենթորների՝ Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի Աչքի կենտրոնի տնօրեն Թոմաս Լիի եւ Միացյալ Թագավորության Մուրֆիլդսի աչքի հիվանդանոցի եւ Royal Free London հիվանդանոցի մանկական ռետինայի վիրաբույժ Սուի Չեն Ուոնգի հետ: Նրանք հանգել են այն եզրակացության, որ չնայած վիրահատությունները բարդ եւ եզակի են, հայ բժիշկներն իրենց ուժերով լրիվ պատրաստ են այն իրականացնել, իսկ մենթորները նրանց կհետեւեն հեռաբժշկության համակարգով: 
Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի մենթոր Թոմաս Լին, որ վիրահատության ընթացքին հետեւում էր հեռաբժշկության համակարգով, վիրահատությունից հետո ասաց.  «Վիրահատությունը շատ լավ անցավ: Բժիշկները կարողացան ոչ միայն մաքրել երեխայի կատարակտը, այլ նաեւ դրա հետեւի արտերիայի մնացորդները: Վիրահատության ընթացքը գերացանց էր, ոչ մի բարդություն չեմ տեսնում եւ կարծում եմ, որ այս երեխան հրաշալի տեսողության պոտենցյալ ունի»: 
Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը Հայկական ակնաբուժության նախագծի ծրագրերից մեկն է՝ ուղղված Հայաստանում եւ տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելմանը: Այն իր աշխատանքներն իրականացնում է միջազգային հանրաճանաչ մասնագետների հետ գործակցությամբ: Նման բարդ վիրահատություններին պատրաստվելու համար անգամ ամենավարժ վիրաբույժները վերապատրաստման անհրաժեշտություն ունեն, ինչն ապահովել է ՀԱՆ-ը: Արտասահմանյան լուրջ վերապատրաստում անցած հայ մասնագետներով եւ գերժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնում վերջին տարիներին արդեն բուժում են ստանում փոքրիկներ ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ տարածաշրջանի մի քանի երկրից: 
Հայաստանում անհասության ռետինոպաթիայի ստուգման եւ բուժման ազգային ծրագիրը Հայկական ակնաբուժության նախագիծը սկսել է 2010թ.-ին, իսկ 2014թ.-ին հիմնել Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը: 2010թ.-ից մինչեւ 2017թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում 6.300-ից ավելի թիրախային խմբի երեխա ենթարկվել է ակնային առաջնային եւ ընթացիկ ստուգումների, 15.500-ից ավելի անհասության ռետինոպաթիայի ստուգում է իրականացվել, շուրջ 120 երեխա լազերային բուժում, իսկ 85-ը՝ ներակնային սրսկում է ստացել, 44 վիտրեոռետինալ եւ հարակից վիրահատություն է իրականացվել՝ այս ամենը՝ փոքրիկներին կուրությունից փրկելու նպատակով:   
«Ես շատ տպավորված եմ Հայաստանի բժիշկների հմտությունների զարգացման արդյունքներով, ովքեր վերապատրաստվել են՝ իրականացնելու այսպիսի բարդ վիրահատություն: Հրաշալի աշխատանք է՝ տպավորիչ արդյունքով», ասաց Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի մենթոր Թոմաս Լին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play