Կապահովվի պետություն–մասնավոր հատված համագործակցության համար որակական նոր հարթություն


Կապահովվի պետություն–մասնավոր հատված համագործակցության համար որակական նոր հարթություն

  • 09-11-2017 15:51:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթղթին: Նույն որոշմամբ   հանձնարարվել է  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել փաստաթղթից բխող օրենքի նախագիծը:  
 
Հիմնավորման համաձայն՝  ՀՀ կառավարությունն ստանձնել է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևաչափով գործարքների ամբողջական, համակարգային մոտեցման և Հայաստանում դրանց իրականացման համար ամուր հիմքերի մշակման հանձնառություն: Կառավարության նպատակն է մասնավոր հատվածի ուժեղ կողմերի և հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական և սոցիալական զարգացմանը Հայաստանում, միաժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման և ռիսկերի բաշխման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը։ Բացի այդ, ՊՄԳ կիրառումը հնարավորություն կտա նպաստել երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական և ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը:  
Կառավարությունը  փոփոխություններ և լրացումներ է  կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Ըստ այդմ առաջարկվում է առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցչությունների ղեկավարներ պաշտոններում նշանակել նաև տնտեսության տարբեր ոլորտներում ձեռնարկատիրական գործունեության փորձ ունեցող անձանց։ Փոփոխությամբ նախատեսվում է  դաշտն ավելի ընդլայնել և հնարավորություն ընձեռել, որ  առևտրական ներկայացուցիչ նշանակվի նաև մասնավոր հատվածից,  ովքեր կունենան որոշակի ձեռնարկատիրական փորձ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն