Լիբանանում իրավիճակը մտահոգիչ է, բայց ոչ՝ խուճապային. Շահան Գանտահարյան


Լիբանանում իրավիճակը մտահոգիչ է, բայց ոչ՝ խուճապային. Շահան Գանտահարյան

  • 11-11-2017 19:26:21   | Լիբանան  |  Վերլուծություն

 
 
Սաուդյան Արաբիա - Իրան սրվող հակամարտության հետևանքով Լիբանանում ճգնաժամ է սկսվում, որն, ըստ որոշ վերլուծությունների, վտանգներ է պարունակում տարածաշրջանի քրիստոնյաների, այդ թվում՝ հայ համայնքի համար: Շատերն անգամ Լիբանանից հայերի զանգվածային ներհոսք են կանխատեսում դեպի Հայաստան: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը Panorama.am- ի հետ զրույցում նշեց, որ տարածաշրջանում իրավիճակի հերթական վերաթեժացում է։
 
«ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունները հազիվ համեմատաբար հանդարտված՝ այժմ փորձ է արվում սուննի - շիա լարվածությունը սրել։ Այս ընդհանուր համապատկերի մեջ պետք է դիտարկել վարչապետ Հարիրիի՝ Սաուդյան Արաբիա հրավիրումը և այնտեղ հանկարծակի հրաժարականը։ Մինչ Լիբանանը հետզհետե գնում էր հանգուցալուծումների հունով, այժմ շատ են դեկլարատիվ հարթության վրա առճակատման միտվող հայտարարությունները: Այսուհանդերձ, լիբանանյան պետական բարձրագույն մակարդակների վրա տիրապետում է զգուշավորություն և սադրանքների և հրահրումների չներքաշվելու համակողմանի միտում»,- ասաց նա:
 
Շահան Գանտահարյանի կարծիքով՝ խուճապի մատնվելու կարիք չկա. մինչ այս պահն անվտանգության առումով որևէ զարգացում չկա, ընդհակառակը հանդարտության կոչեր են, հանգույցը խաղաղ և զուտ քաղաքական ճանապարհներով լուծելու տրամադրություններ:
 
Այս պահի դրությամբ, ըստ Գանտահարյանի, արտահոսքի միտումներ չեն երևում, բայց կա ընդհանուր տարածաշրջանի անհեռանկար իրավիճակ, գլոբալ առումով՝ տարածաշրջանում վերահսկելի քաոս պահպանելու աշխարհաքաղաքական միտումներ, ինչն էլ բնականաբար մարդկանց երկիրը լքելու մասին մտորելու առիթ կտա։ Իրավիճակի ձևակերպումն, ըստ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագրի, հետևյալն է. կա լուրջ մտահոգություն, սակայն չկա խուճապ։
 
«Այս պահին Լիբանանում կյանքը գնում է նորմալ սովորական հունով։ Կարծում եմ անհրաժեշտություն կա ընդհանրապես Մերձավոր արևելքի երկրների և այնտեղ ապրող հայության համար հայեցակարգի մշակման և անցանկալի իրադրությունների դեպքում պատրաստ ծրագրերի, իսկ դա անպայման պիտի համակարգվի ՀՀ համապատասխան գերատեսչությունների և միջինարևելյան երկրների համայնքների պատասխանատուների միջև` հնարավոր որևէ զարգացման դիմակայել կարողանալու համար»,- ասաց նա։
Նոյյան տապան  -   Վերլուծություն